انتخابات ریاست جمهوری و انتظارات

جامعه ارامنه کشور

بخش دوم

(درج شده در بخش فارسی)

ՅԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(Դիտել Պարսկերէն բաժնում)
















Դիտել Պարսկերէն բաժնում

ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ՈՒ ՌՈՒԲԷՆԻՆ....

ԻՐԱՆԱՀԱՅԵՐ» կայքէջում, իմ այս վեբլագի մասին տեադրւած լուրի տակ, այցելուների կողմից մի քանի պատգամներ են գրանցւել, որոնց մասին չեմ կարող լռել։

Կասկած չունեմ, որ Անդրանիկ, Ռուբիկ, Սերժիկ, Դրօ, ... եւ ուրիշները սրտցաւութիւնից ելնելով է, որ նման պատգամներ են թողել, սակայն միաժամանակ համոզւած եմ, որ դրանց բովանդակութեան մէջ հաշւի չեն առնւել պարկեշտութեան ու կազմակերպչական յանձնառութեան ու կարգապահութեան սահմանումները։

Նախ այն, որ նախընթաց չունեցող այսքան երկարատեւ ժամանակից յետոյ, դեռ չի պատահել այն՝ որի համար ցաւ ու վիշտ են յայտնում այս բարեկամները։ Դեռ թողնենք այն իրողութիւնը, որ նոյնիսկ նման որոշում կիրառւելու դէպքում էլ, ես չե՛մ կարող հրաժարւել իմ այն սկզբունքներից, որոնց հետ ապրել եմ ահա 40 տարիներ...

Այնպիսի սկզբունքներ, որոնց մէջ մերւել է մտքիս, հոգուս ու խղճիս իւրաքանչիւր բջիջը։ Այնպիսի սկզբունքներ, որոնք դարձել են իմ էութեան, ինքնութեան ու խմորումիս անբաժան մասնիկները...

Այս բոլորի պարզ ապացոյցը այն՝ որ անասանելի զրկանքներ ճաշակելուց յետոյ էլ, նորից իմ փառաւոր սրբութիւնը մնում է աշխարհիկ Սուրբ Երրորդութիւնը՝ Հ. Յ. Դ.–ն ու յաւերժական ուխտատեղիս՝ «Ալիք» Հաստատութիւնն իր ամբողջութեամբ, նոյնիսկ եթէ մուտքս արգիլեն այնտեղ...։

Իսկ պատգամներում նշւած այդ անվայել որակումները բոլորովին դուրեկան չհնչեցին իմ հոգում, քանզի հասցէագրածներն իմ գաղափարակից ընկէրներն են, հաշւի առնելով նաեւ այն իրողութիւնը որ մարդը սխալական է եւ անսխալը՝ բացարձակապէս Աստւածն է ու վէրջ։ Սխալը կարելի է շտկել, բայց վարկաբեկումը մնում է անհատականութիւնը արատաւորող մնայուն բիծ։

Ես այն համոզումին եմ, որ ձգձգւող հարցերը, եթէ դրան աւելացնենք նաեւ սխալ տեղեկութիւնները, ընդհանրապէս ունենում են նման վախճան, ու դա անխուսափելի է, եթէ մանաւանդ գոյութիւն չունենայ տագնապի վարչագիտութեան գործոնը։

Եթէ խօսքը գնար մէկ ուրիշ անվարկանիշ ու սունկի նման ծլած կազմակերպութիւնների մասին, այ՛ո ես համոզւած կը լինէի, որ նման ամբոխային հաւաքականութիւնը ղեկավարելու համար անհրաժեշտ էր հեռացնել սրտցաւ ու մտածելու կարողութիւն ունեցող մարդկանց, ու դրանց փոխարինել լոմփաններով ու պատահական մարդկանց կառքին լծւելու ունակութիւնն ունեցող խելառներով։

Բայց մեր կազմակերպութիւնն իր 120 ամեայ փառաւոր պատմութեան մէջ երբէք այդպիսին չի եղել, ու իր գաղափախօսութեան բարոյականութեան թելադրանքով՝ երբէք էլ այդպէս չի լինելու։

Իսկ ես համոզւած եմ, որ նման միջոցառումները (պատգամներ թողնելը) այս թեմայով, չի կարող կազմակերպչական հասկացողութիւն ունեցող որեւէ անհատի համար արդարացման հիմք ունենայ, եւ չափազանց վտանգաւոր եմ գտնում նման ելքերը։Նոյնպէս էլ համոզւած եմ, որ տան վէճերը պիտի լուծել հէնց տան չորս պատերի սահմանների մէջ, ու կարիք չկայ դրանց լուծումը փնտռել դրացու տան մէջ...

Յոյսով եմ, վերլուծողներն այս նիւթի իմաստը փոխանցեն այնպէս՝ որ է՛։

Ձերդ՝

ՎԱՐԴԱՆ

2009-05-30


Հորիզոններ ունեցող մարդիկ...



Աշխարհում գոյութիւն ունեցող որեւէ երեւոյթ, իր իւրայատուկ մեկնաբանութեամբ, տարբեր մարդկանց կողմից դիտւում է առանձին ակնոցով եւ օգտագործւում է յատուկ նպատակների համար: Դրանք կարող են լինել՝ բնական ակունք ունեցող երեւոյթներ եւ կամ մարդակերտ ստեղծագործութիւններ։
Իւրաքանչիւր անհատի ունեցած դիտանկիւնը եւ կամ հասկացութիւնը՝ տւեալ երեւոյթի կամ առարկայի կապակցութեամբ, ապացուցում է նաեւ ենթակայի ճանաչողութեան չափանիշը՝ առհասարակ երեւոյթների նկատմամբ:Նոյնիսկ ճանաչողութեան խորութիւնը եւս նոյնքան ազդեցիկ է մարդկանց մօտաւոր չափով ճանաչողութիւն ձեռք բերելու համար: Եւ ամենակարեւորն էլ այն է, որ նման մօտեցումներն ունենում են պարզապէս ճաշակային պատճառներ։



+++



Բնութեան ամենագեղեցիկ տեսարաններից մէկը հորիզոնն է՝ իր տարբեր տեսակներով ու երանգներով, եւ որոնցից իւրաքանչիւրը զմայլում է տարբեր ճաշակներ ունեցող մարդկանց:

Ոմանք հիանում են լուսաբացի հորիզոնով: Ոմանք նոյնով խենթանում են արեւամուտին, ոմանք՝ լուսաբացին ծովափում, ոմանք հորիզոնը սիրում են տեսնել թէ՛ արեւամուտին, եւ թէ՛ արեւածագին՝ անապատում... ոմանք էլ մեռած յոյզերով են տարւում՝ ընդհանրապէս հորիզոններ տեսնելով... Իսկ ոմանք էլ հորիզոնը՝ հայրենիքում, ինչ որ կերպով, ինչ որ տեղում...

Հորզոններն իրենց բոլոր տեսակներով նաեւ ներշնչումների աղբիւրներ են եղել նկարիչների, լուսանկարիչների ու բանաստեղծների համար:

Այս կարգի մարդիկ էլ հորիզոնը մեկնաբանել են իրենց գեղարւեստական ակնոցով ու հասկացողութեամբ:
Բայց, չգիտեմ դրանցից քանիսն են հորիզոնը դիտել այնպէս՝ ինչպէս որ կայ... Եւ կամ հորիզոնը ճանաչել իրենց սեփական գիտակցութեամբ, եւ վերջապէս, արդեօք ճի՞շտ է, որ հորիզոնն աշխարհի վերջն է, եւ եթէ այդպէս է, ապա ո՞րտեղից է սկիզբ առնում...
***
Հորիզոն կոչւող այս անծայրածիր տարածքի թիկունքում, որ ոչ սկիզբ ունի եւ ոչ էլ վերջ..., իւրաքանչիւր մարդու դիտանկիւնից, մի առանձին պատկեր է բացւում: ... Անշուշտ, եթէ դրան մօտենալու եւ այդ տեսակ պատկերներ տեսնելու համարձակութիւնն ունենանք..., տեսարաններ, որոնցից իւրաքանչիւրը կարող է ահռելի թափ ունեցող ուժգնութեամբ ցնցում առաջացնել մեր գանգերի մէջ..., այնքան ուժգին, որը տանել չի կարող այդ փոքրիկ գանգի տարողութիւնը......
Եւ արդեօք գիտե՞նք թէ՝ մեծանուն Գալիլէյի տեսութեան հակառակ խաւարամիտների մտածողութեամբ՝ աշխարհի վերջն համարւող այդ անդունդի եզրից այն կողմ ինչ կայ: Ինչ էլ որ լինի, յամենայն դէպս՝ անտեսանելի է, ու մեզանից շատերն այնտեղ տեղաւորւելու ո՛չ կարողութիւնը եւ ո՛չ էլ արժանիքն ունեն... միթէ չէ՞, որ մեր անձից ձերբազատւելու եւ այդքան հեռուն գնալու ո՛չ յանդգնութիւը եւ ո՛չ էլ կարողութիւնն ունենք...
***

բայց, ցաւալին ու չափազանց ողբերգական իրողութիւնն այն է, որ մեր ականջի ու աչքի ամենամօտ շրջակայքում գոյութիւն ունեցած հորիզոնի մասին ամբողջովին անտեղեակ ենք...
Միթէ չէ՞, որ իւրաքանչիւրս էլ ունի իր հորիզոնները... Հորիզոններ՝ բացւած դէպի արեւելք ու արեւմուտք, հարաւ եւ հիւսիս... եւ ամէն կողմ... Հորիզոններ, որոնց սկզբնաւորման ու ստեղծման մէջ բոլորովին դերակատար չենք եղել, սակայն գիտենք դրա աւարտն ու անդունդի եզրերը, եւ թէ ո՞ւր են կողմերի սահմանները...
Աստւած թող ների. մենք ո՛չ մարգարէներ ենք, եւ ո՛չ էլ ճակատագիր «գրող»-ներ, այլ աստւածատուր բնազդի շնորհիւ զանազանելու եւ գուշակելու կարողութիւն ունենք: Կարողութիւն, որով օժտւած են գրեթէ բոլորը՝ ինչ-որ չափով:

Նոյն բնազդի շնորհիւ՝ բոլորս էլ ինչ-որ չափով մեր կեանքի հորիզոնները տեսնելու կարողութիւնն ունենք, միայն բաւական է ջարդենք մեր «մտքի աչքերը շրջապատող պարիսպներն» ու նայենք այն կողմ, մի քիչ այն կողմ, այնտեղ՝ ուր բացւում են հորիզոնների լուսամուտները...
Այնտեղ՝ ուր տեսանելի են դառնում այն բոլորը, որոնք աներեւոյթ են աշխարհիկ հորիզոններից այն կողմ... Ահա այստեղ է, որ մարդ ինքն է իր համար հորիզոն կերտում, եւ այսպիսով՝ հորիզոնը դառնում է ապագայ, նպատակ, տեսադաշտ...
***

Մարդիկ էլ կան, որոնք հորիզոն չունեն բոլորովին..., եւ կամ ունեն, սակայն չեն տեսնում եւ կամ էլ տեսնելու աչքը չունեն... կամ ամպամած են տեսնում: Ոմանք ապարանքներ են որոնում այնտեղ եւ կամ խաբուսիկ արքայութիւն... Սրանք աննպատակ մարդիկ են, որոնց այսօրը չի տարբերւում վաղւանից, աննպատակ մարդիկ, որոնց գոյութիւնն էլ ինքնանպատակ է... առանց տեսադաշտի ու մտասեւեռումի...

***

Հորիզոն ու յստակ տեսադաշտ ունեցող մարդիկ, լինեն՝ արւեստագէտներ, բանաստեղծներ ու սիրահարներ, առհասարակ լինում են լաւատես ու փայլուն տեսահորիզոններ ունեցող մարդիկ, որոնք նախքան հորիզոնի եզրերին հասնելը՝ արդէն տեսնում են այն ապագան ու հորիզոնը, որոնց կերտման մէջ իրենք եւս ուղղակի դերակատարութիւն են ունեցել... Նրանք ո՛չ մարգարէ են եւ ո՛չ էլ երկնային սուրբեր... Նրանք պարզապէս նպատակադրւած մարդիկ են եղել..., որոնք որոշում են ճեղքել մինչեւ հորիզոն քաշւած քաոսը եւ կերտել նոր հորիզոններ...

***

... Եւ եղաւ այնպէս, որ 1918 թւականի մայիսին մի խումբ անձնազոհ հերոսներ կանգնելով ժողովրդի թիկունքին՝ նպատակադրւած կերպով փշրեցին մտքի տեսողութիւնը շրջապատող պարիսպներն ու հերոսական տեսահորիզոնով խափանեցին ընդամէնը երեք տարի առաջ թշնամու կողմից ուրւագծւած հորիզոնները ...եւ ահա՝ յաղթանակ...
Այսպէս են լինում հորիզոն ունեցող մարդիկ...

+++

Աւելի փայլուն ու փառաւոր հորիզոններ ու տեսադաշտ ունենալով մեր առջեւ՝ արեւագալի շքեղ հորիզոնին սեւեռելով մեր աչքերը՝ շնորհաւորում ենք Մայիս 28-ը:



ՁԵԶԻ ԵՒ ՄԵԶԻ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ...ՅԱՐԵԱՒ

ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ...

Ձերդ՝

ՎԱՐԴԱՆ

vartandav@yahoo.com

Թեհրանի Հայոց Ազգային առաջնորդարանի դիւանը տեղեկացնոււմ, որ Թեմի Պատգամաւորական Ժողովն ընտրեց Ազգային իշխանութեան երկու գործադիր եւ մէկ կրօնական հարցերով զբաղւող բարձրագոյն մարմինները։
«Ալիք» օրաթերթում տպագրւած հաղորդագրութեան մէջ կարդում ենք նաեւ–. Թեհրանի Հայոց Թեմի 14-րդ շրջանի Պատգամաւորական ժողովն իր ներկայ տարեշրջանի նստաշրջանի առաջին նիստը (հերթական 7-րդ նիստ) գումարեց շաբաթ, մայիսի 23-ի երեկոյեան։
Ժողովի սկզբում Սրբազան Հայրը բացատրութիւններ տւեց պատգամաւորներին առաջիկայ 4 օրերի նիստերի կարեւորութեան մասին՝ նկատի ունենալով Կրօնական ու Թեմական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի երկամեայ տեղեկագրի ներկայացման ու քննարկման պարագաները:
Սրբազանի խօսքից յետոյ ժողովն անցաւ բուն օրակարգին: Ժողովն ընտրեց իր Ընտրական, Քւէախոյզ եւ Բանաձեւային յանձնախմբերը, որից յետոյ ժողովականներն ունկնդրեցին Կրօնական խորհրդի տեղեկագիրը, որն ընթերցեց Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը:
Մայիսի 24-ի եւ 25-ի յաջորդական նիստերում Պատգամաւորական ժողովը շարունակելով իր աշխատանքը՝ լսեց Թեմական խորհրդի երկամեայ բարոյական եւ նիւթական տեղեկագրերը, եղան հարցեր, որոնց պատասխանեց Թեմական խորհրդի ատենապետն ու նիւթականի պատասխանատուն:
Թեմական խորհրդի նիւթա-բարոյական տեղեկագրի ընթերցումից եւ քննարկումից յետոյ՝ ժողովին ներկայացւեց Հաշւեքննիչ մարմնի տեղեկագիրը, որի շուրջ եղած հարցերին պատասխանեց Հաշւեքննիչ մարմինը:
Երեք տեղեկագրերի ընթերցումից եւ քննարկումից յետոյ՝ Սրբազան Հայրը բարձր գնահատեց շրջանաւարտ Կրօնական ու Թեմական խորհուրդներին եւ Հաշւեքննիչ մարմնին, որոնք հետեւողական աշխատանքով ու անսակարկ նւիրումով անցնող տարիներում ծառայեցին եւ իրենց կարողութեան սահմաններում իրենց ներդրումը բերեցին մեր ազգային կառոյցների ծառայութեան գանձանակին:
Պատգամաւորական ժողովի նստաշրջանի վերջին նիստում (երեքշաբթի, մայիսի 26-ին) Բանաձեւային յանձնախումբը ներկայացրեց իր տեղեկագիրը, որը բաղկացած էր երկու մասից, նախ՝ գնահատանք շրջանաւարտ Կրօնական ու Թեմական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի գործունէութեան ու ապա ապագայ պայծառ եւ արդիւնաշատ գործունէութեան ի խնդիր եղած առաջարկներ, որոնք փոխանցւելու են գործադիր մարմիններին՝ առ ի գործադրութիւն:
Այնուհետեւ Պատգամաւորական ժողովը, ի ներկայութեան ներքին գործոց նախարարութեան ներկայացուցիչ տկն. Անդուհգինի(خانم اندوهگین), ընտրեց Կրօնական ու Թեմական խորհուրդներ եւ Հաշւեքննիչ մարմին:

ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՝
Արժ. Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեան
Արժ. Տ. Վազգէն քհնյ. Շմաւոնեան
Արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեան
Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեան
Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեան
Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեան
Արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեան

ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ՝
Դոկտ. Աիդա Յովհաննիսեան
Պրն. Թաթուլ Եադգարեան
Պրն. Արա Շահվերդեան
Պրն. Սեւան Դանիէլեան
Պրն. Վահիկ Շահնազարեան
Պրն. Հենրիկ Տէր-Ղուկասեան
Պրն. Դարւին Աւագեան
Պրն. Ռուբիկ Սարխոշեան
Պրն. Սարօ Մկրտչեան
Դոկտ. Հրաչ Խաչատրեան
Տկն. Կարինէ Ղարախանեան

ՀԱՇՒԵՔՆՆԻՉ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄՆԵՐ՝
Պրն. Էսիկ Տէր-Ստեփանեան
Պրն. Վահիկ Դառուսի
Պրն. Ռոմէլ Յարութիւնեան
Պրն. Մասիս Մկրտումեան
Պրն. Սերոժ Համբարձումեան
Պրն. Հայդուկ Մուրադխանեան
Պրն. Կարօ Մարգարեան
Պրն. Արա Խէչօ
Պրն. Մայիս Աբրահամեան

Ընտրութիւններից յետոյ արտայայտւեց Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանը, որը նախ իր ուրախութիւնը յայտնեց ժողովին ներկայ լինելու համար, ապա ընդհանուր գծերով հակիրճ զեկոյց ներկայացրեց այն կրթական եւ իրաւական հարցերի մասին, որոնք մեր համայնքին են առնչւում, ինչպէս նաեւ՝ երկրում տեղի ունենալիք հանրապետութեան նախագահի ընտրութիւնների մասին:
Վերջում մէկ անգամ եւս արտայայտւեց Սրբազան Հայրը, որը նախ գնահատեց Պատգամաւորական ժողովի անդամ-ուհիներին, որոնք անցեալ չորս օրերի ընթացքում երկարաշունչ նիստերում լսեցին, հարցրեցին ու քննարկեցին շրջանաւարտ խորհուրդների ու Հաշւեքննիչ մարմնի երկամեայ տեղեկագրերը եւ նախանձախնդիր մօտեցումով ներկայացրին իրենց առաջարկները՝ նոր մարմինների գործունէութեան արդիւնաւորման ի խնդիր, ապա շնորհաւորեց նորընտիր Կրօնական ու Թեմական խորհուրդներին եւ Հաշւեքննիչ մարմնին՝ նրանց մաղթելով համբերութիւն եւ ծառայութեան անսպառ կորով:
+++
Ողջունում ենք նոր ընտրութիւնները, սակայն կան առանցքային հարցեր, կապւած ընտրւած մարմինների գործունէութեանց , որոնք կապւած են վարի գրութեան՝ (Տեսնել ու չբողոքել...) եւ որոնց կանդրադառնանք առանձին։
Հիմա պարզապէս շնորհաւորելու պահ է։ Շնորհաւոր նորընտիր մարմինները,
...Եւ Շնորհաւոր Հայաստանի առաջին անկախ Հանրապետութեան հիմնադրման 91–րդ բարեբաստիկ տարեդարձը՝ Մայիս 28–ը։
Ընդգծումները՝ մեր կողմից են։

Տեսնել ու չբողոքե՞լ...

Երբեմն ինձ ասում են թէ՝ շատ եմ բողոքում, շատ եմ դժգոհում...Ինչ որ չափով ճիշտ են ասում։ Այսինքն՝ այդ խօսքի որոշ մասը իրականութիւն է, իսկ խոշոր բաժինը անարդար դատողութիւն ու ամբաստանութիւն։
Դատողութիւն՝ որ արտայայտւում է՝ առանց դատելու, եւ առանց քննարկելու այս տեսակ բողոք – դժգոհանքի հիմնապատճառները։
Մենք երբեմն դառնում ենք այնպիսի բժիշկների նման, որոնք դիագնոզ են յայտարարում՝ հիւանդին քննելուց առաջ...դեռ աւելին՝ չստուգւած ախտաճանաչման համար՝ դեղեր էլ են նշանակում...
Անկախ այն բանից, որ ինձ այդպէս են դաստիարակել հէնց պատանի տարիքից, ես խառնւացքով էլ այսպէս եմ եղել դեռ շատ փոքր տարիքից, չափազանց ազդւող ու նուրբ զգացողութիւն ունենաու պատճառով։
Ես չէի կարող բողոքել, բայց միաժամանակ չէի կարող ձեռքիս «ալասքա»ն (մեր ժամանակի պաղպաղակը), չկիսել խաղընկէր Կարոյի կամ Ֆարզադի հետ... Մէկ ես էի լիզում, մէկ Կարօն ու մէկ էլ Ֆարզադը... ու երբ պաղպաղակից մնում էր մէկ բաժին, արդարութիւնը յարելու համար, մնացածը հրամցնու էի շոգից լեզուն կախած փողոցային կատւին կամ շանը, որոնք շատ էին այն օրերին։
Ես այն օրերին չէի կարող բողոքել, որովհետեւ չգիտէի ո՞ւմ դէմ կամ որտե՞ղ պիտի բողոքել այն բանի հաար, թէ՝ ինչո՞ւ խաղընկերներս «ալասկա» գնելու համար դրամ չունեն...
Այդպէս եմ եղել իմ ամբողջ կեանքի ընթացում, ու հէնց այդ խառնւացքի համար էլ շատ եմ տւժել, ու դեռ տուժում եմ...
Ես չեմ կարող անտարբերութեամբ դիտել ու չբողոքել երբ տարբեր տարիքի փերեզակներին, որոնք իրենց կեանքի ծախսերը հոգալու համար, փողոցներում թաշկինակ, շապիկ կամ .... են վաճառում ու քաղաքապետարանի պաշտօնեան ամենայն անգթութեամբ ցրիւ է տալիս նրա խղճուկ «դուքանը» ...
Ես չեմ կարող անտարբերութեամբ դիտել բեռնակիր ծերուկին Թեհրանի շուկայում, որ մի պատառ արդար հացի համար վազ–վզելով բեռ է որոնում, ու չբողոքել թէ ինչո՞ւ այսքան անարդարութիւն....
Ես չեմ կարող անտարբերութեամբ դիտել մանուկ նւագիչ՝ քոյր եղբայրներին, որոնք իրենց ծնողների ափիոնի ծախսը հոգալու համար Վալիասր պողոտայում գարմոն ու թմբուկ են նւագում... ու չբողոքել, չդժգոհել...
Ես չեմ կարող անտարբերութեամբ դիտել հէնց մեր հաայնքի անդամներց մէկին, որ Հեռաւոր քաղաքներից իսլամական «քաֆան»(کفن) (պատանք) է բերում ու վաճառում է Էմամզադէ Սալէհի առջեւ... ու յաճախորդ շահելու համար, դեռ գովում է՝ «Ջոշանէ Քաբիր» (جوشن کبیر) ու «Բորդէ Եամանի» (برد یمانی ) կոչւող պատանքների բարեմասնութիւնների մասին... դիտել ու չբողոքե՞լ...
Ես չեմ կարող անտարբերութեամբ դիտել նորից մեր համայնքի մտաւորականներից մէկին, որ մտաւոր աշխատանքից յետոյ, երեկոյեան իր մեքենայով փիցա է բաժանում անհոգ անծանօթների համար.... դիտել ու չբողոքե՞լ..., չդժգոհե՞լ....
Ես չեմ կարող անտարբերութեամբ դիտել քաղցած թափառականներին, որոնք ճաշարանների առջեւ դրւած աղբամաններից ուտեստի մնացորդ են որոնում ուտելու համար... դիտել ու չբողոքե՞լ..., չդժգոհե՞լ....
Բայց ես կարող եմ բողոքել... դժգոհել... ու աղաղակել ...դա իմ եւ Ձեր տարրական իրաւունքն է...., որից յաճախ չենք էլ օգտւում...
Ու ոչ միայն ես, այլ ո՛չ ոք չի կարող մեր քաղաքի քառուղիներում թափառող, անչափահաս ծաղիկ ու «ֆալ» վաճառող աշխատանքի մանուկներին դիտել ու չբողոքել... չդժգոհել...
Եթէ դուք կարող էք..., ապա գերմարդկային ուժի տէր էք։ Իսկ եթէ տեսնում էք, ազդւում էք, ու չէք բողոքում, ապա քնարկման պիտի ենթարկէք Ձեր խղճի դատողութեան նորմերը...
+++
... Այս մասին ու մեր համայնքում տիրական անարդարութիւնների մասին դեռ խօսելիքներ շատ կան։ Մնացէք մեր հետ, ու եթէ գտնում էք անարդարութիւն, ինձ էլ տեղեակ պահէք...
Ձերդ՝
Վարդան
vartandav@ yahoo.com

ՎԵՐԱԴԱՐՁ
ԱՐՄԱՏՆԵՐԻՆ.՝ ...«ՇԱՆԹ»ի
ԵԹԵՐՈՒՄ
Հէնց մեր ներքին զգացումներին էլ որ դիմենք, անժխտելի փաստ է դառնում այն իրողութիւնը, որ այն ինչ որ ժողովրդական է ու ծնւում է ժողովրդի ծոցից՝ արժէք է, սրբութիւն է, սեփական գանձ ու հարստութիւն է, եւ որի պահպանման համար յատուկ գուրգուրանք ու տքնաջան հոգատարութիւն է հարկաւոր։Գաղտնիք չէ նաեւ այն իրողութիւնը, որ իւրաքանչիւր ժողովրդի մշակոյթը կազմող իւրաքանչիւր ենթաբաժանումը՝ նորից արժէք ու գանձ է, քանի որ դա ծնւում է նոյն ժողովրդի կենցաղի, ու պատմութեան տարբեր ժամանակահատւածների հասարակական, քաղաքական կացութեան անհրաժեշտութիւնից ու պատամական թելադրանքով։
Այլ խօսքով, մշակոյթն ու ժողովրդի աւանդական սովորութիւնները, ինչ էլ որ լինեն, դառնում են պատկան ժողովրդի իսկութեան ապացոյցները, որոնք միաժամանակ՝ ծառայում են որպէս նոյն ժողովրդի ամբողջութիւնը ներկայացնող ցուցափեղկը, վահանակը եւ հայելին, ուր կարող ես դիտել մի ամբողջ պատմութիւնն իր արմատներով ու արժէքներով։
Այդ իսկ պատճառով էլ, ժողովուրդների չարակամները, (եթէ չասենք թշնամիները), դրանց ծնկի բերելու համար, այլեւս հրասայլերի ու տարբեր տեսակ զէնքերի կարիքը չեն ունենում։
Բաւական է տկարացնել ժողովրդի մշակոյթը, եւ այն ինչ, որ աւանդական է, ապա՝ ժողովուրդը անձնատուր կը դառնայ ու ինքը կը փլւի հէնց հիմքերից...
+++
Մեր մօտ, այդ մշակոյթի, գանձերից ու սրբութիւններից ամենաձեռնահասելին ու դիւրամատչելին հէնց երգն ու պարն է, որոնք չեն ծնւել հէնց այսպէս՝ պատահականութեամբ։
Դրանց իւրաքանչիւր շարժումն ու ելեւէջը, պտոյտն ու կանչը, այսպէս ասած՝ ֆռռալն ու կչկչալը, եւ...շարժուձեւերն ու աղաղակները իմաստ ունեն, մեկնաբանւում են, ինչ որ բան են փոխանցում։ Եւ այդ փոխանցումները ոչինչ չեն, եթէ ո՛չ մեր ժողովրդի կենցաղը, իղձերի, փափագների, ցանկութիւնների, ու ինչու չէ նաեւ շատ յաճախ մտահոգութիւնների թարգմանութիւնը՝ երգի ու պարի այնքան քաղցր լեզւով։
Մեր ժողովուրդը, իր պատմութեան ու կենցաղի իւրաքանչիւր դրւագի, դէպքի, ապրումների ու պահերի համար՝ երգ է հիւսել, պար է յօրինել ու յաւերժացրել է այդ բոլորը մէկտեղւած շարժումների ու նոտաների մէջ, յաճախ էլ առանց նոտայի...։
Ու եթէ այսօր կառչած ենք մեր արմատներին, առանց սակարկելու պիտի խոստովանենք, որ դա իրականացւել է հէնց այդ երգերի ու պարերի շնորհիւ, որ շատ յաճախ էլ լսում ու դիտում ենք ու նոյնիսկ երգում ու պարում ենք, առանց դրանց իմաստն իմանալու։ Ու զամանալի չի, որ «Սասունի ողբ»ի երգով՝ շուրջպար ենք բռնում ու դեռ խանդավառութեամբ թաշկինակ ենք պտտեցնում...
Այսպէս էլ նորից լաւ է, քանի որ լսում ենք ու պարում ենք հայկական ժողովրդական երաժշտութեամբ։ Այս դէպքում, ինչ որ չափով ուղղութիւն է հարկաւոր համայնքի «մշակութային» մարմինների կողմից։
+++
Թէ՝ ի՞նչ ողբերգութեան մէջ է մեր համայնքում երգի վիճակը, հարսանէաց հանդէսներն ու մշակութային անարխիան այլ յօդւածում նշւելու հարց է, իսկ այսօր խօսում ենք այն մասին, թէ՝ մեր համայնքում ինչպէ՞ս ու որո՞նց միջոցով «ժրաջան» աշխատանքներ տարւեցին, որպէսզի առաջին հերթին մօռացութեան յանձնւեն այնպիսի յեղափոխական երգեր՝ որոնք, լինելով ազային գիտակցութեան ու զգացումների զարգացման միջորներ, ժամանակի պայմանների թելադրանքով, «խանգարում» էին, ինչ որ խաբուսիկ գաղափարախօսութիւնների ու դասակարգային պայքար կոչւող թատրոնի քարոզչութիւնն ու ներթափանցումը մանաւանդ երիտասարդութեան մօտ։
...Ու մեր փոքրիկ համայնքը ի՜նչ ուժերի կորուստ ունեցաւ այն օրերին...Առանց վարանումի կարելի է ասել, որ այդ աւերի ու թափւացքի հիմնական պատճառը՝ Հայկական ժողովրդական – յեղափոխական երգերի բռնի բացակայութիւնն էր նրանց հաւաքներից ու շրջանակներից։
Կացութիւնն աւելի լաւ էր, մինչեւ այն ժամանակ, երբ դեռ հարսանեաց հանդէսներում կենդանի կոչւող երաժշտութեան փոխարէն, ձայներիզներից ու ձայնասկաւառակներից հայկական ժողովրդական, էստրադային երգեր էին հնչւում, ու դրանց զուգակցութեամբ ժողովուրդը հայավայել քէֆ էր անում....
Թէ՝ այսօր ինչե՞ր են կատարւում մեր միութիւններում ու սրահներում՝ խնջոյքների պահերին, նորից քննարկւելու ուրիշ հարց է։ ...
Ահա այսպիսի յուսահատելի պայմաններում էր, երբ Հայաստանի «Շանթ» հեռուստաընկերութեան գեղեցիկ ու չափազանց գնահատելի մտայղացումով, իրագործւեցին «Ժողովրդական Երգիչ» ու ահա «Ժողովրդական Պարեր» նախագծերը։
Երկու նախագծերն էլ լինելով ոչ միայն նորութիւն, այլ վերանորոգման կարգով՝ վերադարձ դէպի ինքնութիւն, հովանաւորների լայն շրջանակ ստեղծեց իր շուրջ, ու ոչ միայն Հայաստանցիների, այլ սփիւռքահայութեան մօտ էլ վերարթնացրեց դէպի ինքնութիւն ու արմատներ վերադառնալու հակումը, ցանկութիւնն ու գործնական ձգտումը։
Երէկ մայիսի 24–ի գիշեր, երբ «Շանթ» հեռուստաընկերութիւնը առաջին անգամը լինելով թողարկեց «Ժողովրդական Պարեր» նախագծի առաջին բաժինը, ողջ հայութիւնը յիշեց կարօտը... յիշեց, որ ինչ որ բաներ կան թողած իրենց անցեալում։
Թանկարժէք գանձեր ու սրբութիւններ, որոցից իւրաքանչիւրը՝ պատմութիւն է։ Անցեալը դիտելու հայէլի է, դաս է, փորձառութիւնների ու փորձանքներից փրկւելու տոպրակ է, նախճիրներում կացնահարւած յեղափոխականների կանչն է, բերդացած ու բռունցք դարձած պարիսպներն են, Հայ գեղջուկի վշտի կանչն է, նորահարսի նազանքները ցուցադրող շրջանակն է, Սարոյի սիրոյ տաղն է, Թամար կանչող աղաղակն է Վանայ լճում,
խեղճ Գիքորի քաղցի բոցն է Համբոյի մօտ, ու.... մարտիկների զէնքը կոփող հնոցն է...
+++
... Ու մենք այդ բոլորը՝ դարերը, պարերը, սարերը, քարերը, սրերը, թիֆանգները, եաթաղանը, յաղթականը, ծածանւած եռագոյնը, Վանը, Շուշին, Վանաձորը, գիւղացու արնօտ մանգաղը, հիմնափլւած Հովւի վանքը Արաքսի մօտ, ախոռներում աղիւս դարձած խաչքարերը, ու ... կրկին կանգնած՝ Հայաստանը...
Տեսնում ենք ու յուզւում, տեսնում ենք ու հրճւում, տեսնում ենք ու յիշում ու տեսնում ենք ու.... գօտիները ամուր կապում... երէկ գիշեր, երբ պարեցին Պարը Հայոց....
+++
Պարը մնում է սար, ու երգը բերք... սակայն չմօռանանք ասել, որ խիստ գնահատելի է «Շանթ» հեռուստաընկերութեան գեղեցիկ մտայղացումները, որոնք մեզ հրաւիրում են, դիտել անցեալը ու վերադառնալ դէպի անցեալ.... բայց ո՛չ , անցեալը բերենք մեր մօտ, իր փառքով ու փայլով...
Ձերդ՝
Վարդան