ՇԱՆԹԵՐՈՎ ՎԱՌԵՆՔ ՏԱՐԻՆ ԼՈՒՍԱՒՈՐՈՂ ԿԱՆԹԵՂՆԵՐԸ
ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ


Վերջապէս՝ 2009 թւականը, իր բոլոր դառը իրականութիւններով ու քաղցր իրադարձութիւններով, կարծես մտադիր է դանդա՜ղ դանդա՜ղ գլորւել ու անցնել պատմութեան գիրկը... եւ աւելի շատ պիտի մաղթենք, որ անցնող տարւայ ընթացքում պատահած տխուր ու ցաւալի երեւոյթներն էլ դրա հետ թաղւեն պատմութեան անդունդներում։
Ի դիմաց մաղթում եմ, որ տեւական ու յաւերժական ներկայութիւն լինեն բոլոր այն ինչերը, որոնք բարեբեր էին, ու նպաստեցին մեր ժողովրդի առաւել խանդավառութեանն, ու ցնծութեան առիթներ ստեղծեցին։
Թէեւ պատահած ողբալի դէպքերը, դրանց շարքում՝ Թեհրան–Երեւան տխուր չւերթի աղէտը եւ Հայ– թրքական յարաբերութիւնների արձանագրութիւնների ստորագրումը, գերադասում էին ցնծութեան առիթ ստեղծող իրադարձութիւններից, սակայն ամանորեան սեմին չեմ ուզում խօսել դրանց մասին՝ առանձնաբար։


+++

Թւում է, որ հէնց երէկ էր, երբ 2009 թւականի ամավերջի բլոգիս «Տրամագիծ»-ը գրելու համար, սարսափելի ճնշումներ էի բանեցնում արդէն իսկ յոգնած ու սարսափազդու պատահարներով լեցւած ուղեղիս...: Ուղեղ, որն արդէն իսկ իր անկարող ու սահմանափակ տարողութիւնից աւել խնդրահատոյց ու նողկալի երեւոյթների եւ անպատասխան մնացած հարցերի ամբար էր դարձել... եւ այդ կուտակւած դաժան տեղեկութիւնների խտացումն այնքան էր ճնշում գանգիս, որ քիչ էր մնում պայթել...
Ահա այս պայմաններում է, որ ժողովրդական ասացւածքով ասում ենք՝ «վերեւ ենք տալիս...»: Բայց ինչպէս չպայթե՞լ ու չպոռթկա՞լ, երբ մանաւանդ շեշտում ու յիշեցնում են, որ հասարակութեան կապւող հարցերն ու յոռի երեւոյթները, որոնք բացայայտ իրականութիւններ են բոլորիս ,չռւածե աչքերիս առջեւ՝ չ պ ի տ ի դ ր ս եւ ո ր ւ ե ն ...

+++
Ոչ միայն ես, այլ ամենաթարմ ու երիտասարդ միտքն էլ, չի կարող այսքան բացայայտելիք իրականութիւններ բանտարկելով իր ուղեղի մէջ, թաքցնի իր սահմանափակ տարողութիւն ունեցող գանգի միջուկը համարւող ,թաքստոցեի մէջ... Բայց անկախ քո կամքից դրանք բոլորը դառնում են հզօր զսպանակ, որոնք օրերից մի օր, ակամայից եւ Ֆիզիկայի օրէնքների համաձայն կը ձգւեն ու բիգ բանգ- ի նման Ֆիզիկապէս կը շառաչեն ու... յետոյ չգիտեմ ինչ կը պատահի...եւ ո՞վ իր վրայ կառնի դրա ցաւալի հետեւանքների պատասխանատւութիւնը...... Ճիշտ այնպէս, ինչպէս բազում ու երկարատեւ անտարբերութեան կեցւածք ցուցաբերւելու հետեւանքով, ու սարսափելի երկունք ապրելով ճարահատւած ծնւեց այս սիւնակը՝ «Տրամագիծ»ը... առաջին անգամ «Ալիք» օրաթերթում։
Բայց ես հէնց սկզբից, աւելի քան չորս տարի առաջ, որպէս նպատակ եւ ընթերցողների հետ կնքած ուխտ, գրեցի այսպէս.- «Մարդը առհասարակ հետաքրքրւող արարած է: Դրանով հանդերձ՝ շատ քչերն են, որ իրենց շրջապատի երեւոյթներն ու իրողութիւնները դիտում են 180 աստիճան տրամագծի վրայ եւ այդ ուղղութեամբ: Մենք փորձում ենք դրանք դիտել 360 աստիճան եւ աւելին՝ 360+5 տրամագծի վրայ: Երբեմն էլ մեր շրջապատն է յուշում՝ դիտել այդ տրամագծի դիտանկիւնից:
Յամենայն դէպս՝ այս սիւնակը նպատակ ունի երեւոյթները քննարկել 360+5 տրամագծի ուղղութեամբ»:
Ստիպւած եմ վերյիշել այս պարագան, քանի որ ոմանց մօտ այն սխալ ըմբռնումը կայ, որ այն ինչ որ 360 աստիճանից վեր տրամագծում է գտնւում, անպայման վիրաւորական է, վարկաբեկիչ է, խռովարար է, նախապաշարումներով է, քէնախնդրութիւն է, թշնամանք է, ստախօսութիւն է, եւ...եւ նման հասկացութիւններ, որոնք ծնւում են միայն հիւանդ մտքերից ու բարդոյթներով յագեցւած վատառողջ հոգեվիճակներում գտնւող մարդկանց մօտ:
Այդպիսիք ընդհանրապէս չեն սիրում տեսնել այդ (+5) (յաւելեալ) աստիճան տրամագծի ուղղութեամբ գտնւող անկիւնի մէջ թաքնւած (թաքցրած) իրողութիւններն ու իրականութիւնները... Եւ այդպիսիք են, որ հերքում են՝ թէ՛ այդ (+5) անկիւնը եւ թէ՛ դրա ընդմիջում թաքցրածը: Ահա մանկական եւ նախամարդու ժամանակաշրջանային տրամաբանութիւն՝ այն ինչ որ չես տեսնում, ուրեմն՝ չկայ... (աւելի ճիշտը՝ այն ինչ որ չես ուզում տեսնել, չկան...)։
Իրականութեան մէջ յատուկ խնդիրների ու մտքերի արծարծումը այս սիւնակում, որոնք ներկայացւում են զանազան թեմաների ու վերնա•րերի տակ, եւ որ նաեւ արդարացնում են հէնց սիւնակի գոյութեան փիլիսոփայութիւնը, արդար ու ճշմարիտ դատողութեան ու մտածողութեանը սովորութիւն դարձնելու կարիքի ծնունդն են, անկեղծ մօտեցումներ ունենալու հրամայական անհրաժեշտութիւնն է: Աւելի շուտ ճշմարիտ մտածելու, իրատես լինելու եւ իրողութիւնները առանց նախապաշարումների ընդունելու եւ ըստ ճշտմարտութեան քննարկելու եւ դատելու փորձեր ենք կատարում:
Իսկ թէ՝ ինչո՞ւ այս բոլորը ամանորեան ՏՐԱՄԱԳԾԻ մէջ՝ պարզապէս այն պատճառով, որ Նոր Տարին այն բացառիկ իրադարձութիւններից է, երբ ակնարկ ունենալով անցեալին, խորհելու եւ վերանայելու առիթ է ստեղծւում իւրաքանչիւր անհատի համար։ Յետդարձ ակնարկ՝ որտեղ էլ երեւան են գալիս նկատւած ու չնկատւած փորձանքներն ու փորձութիւնները։
Եւ այս փորձութեան ընդմիջից, ոմանք պարզ ճակատով են դուրս գալիս՝ իրականութիւններն ընդունելով, եւ ոմանք էլ՝ ամօթահար են դառնում՝ իրողութիւներին թիկունք անելով, հերքելով, մերժելով եւ չնդունելով բոլոր այն իրողութիւնները, որոնք պարզ ու յստակ ու վճիտ են բոլորի, եւ մանաւանդ գիտակից ու իրատես հասարակութեան համար:
... Ու ես այս սիւնակով նաեւ համբերութեան ու իրատեսութեան փորձաքար եմ հրամցնում բոլոր նրանց, որոնք պատասխան տալու հանգամանքներում են գտնւում, բայց չեն պատասխանում... Յիշեցնեմ, որ պատասխանելը տարբերւում է ցեխարձակումներից ու անհիմն «տրամաբանութիւն»-ներից, որոնք նաեւ ենթակայի հասարակական հասկացողութեան ու մշակութային մակարդակի ցուցանիշերն են...

+++

...Այսօր եւս, երբ արդէն փորձեր եմ կատարում սիւնակի տարեվերջի համարում Ամանորեան բարեմաղթանքների կողքին նաեւ գնահատումներ կատարել համայնքի անցնող տարւայ իրադարձութիւնների կապակցութեամբ, առաջին հերթին խորը կսկիծով ու ցաւով եմ մտաբերում մի տխուր յուշ։
Ամէն տարի ամանորի սեմին, դեկտեմբերի 31–ի կէսօրին համեստ հաւաք էինք ունենում «Ալիք»–ի յարկի տակ, որն այս տարի չիրականացաւ անցնող տարւայ ընթացքում իրանահայութեանը պատահած տխուր դէպքերի պատճառով։ Բայց երբեք չեմ կարող մոռանալ, որ 2009–ի ամանորին, առաջին անգամը լինելով ակամայից բացակայեցի իմ այնքան սիրելի եւ գաղափարական ու մարդկային կաղապարիս կազմութեան բնօրրանն համարւող՝ «ԱԼԻՔ»–ի ամանորեան համեստ ու ընտանեկան ջերմ տօնահանդէսից...որի ծանրութիւնը դեռեւս սաստկօրէն եմ զգում հոգուս վրայ։
Թերեւս այլեւս ինձ չպիտի համարէի այդ հզօր ու ամրակուռ ընտանիքի անդամը...։ Ու դա ինձ համար թէեւ սաստիկ ցաւալի, բայց վերջակէտ չէր համարւում, սակայն գուցէ՝ վերանայման առիթ...

+++

Ու դարձեալ փոքր ուղեղիս մոխրագոյն ու գոյնզգոյն բջիջները ուռչում ու պայթեցնում են այդ բոլորն իր մէջ պարունակող՝ գանգս... Բիգ Բանգ, բայց այս անգամ ոչ թէ անծայրածիր տիեզերքում, այն էլ քանի բիլիոն տարիներ առաջ, այլ հէնց մեր մոլորակում եւ մեր օրերում, ամանորի սեմին... եւ արդիւնքո՞ւմ...

+++

Մտորումներիս մէջ, «իմ» զբօսայգու հարազատ անկիւնում զրուցում եմ բարեկամիս հետ, որ նոր է վերադարձել այն գիւղից, որտեղ գտնւում է իր արդիւնաբերական միաւորը եւ յաճախ է լինում այնտեղ: Չգիտեմ ինչպէ՞ս ու ե՞րբ է ներխուժել մենաստան,սե, բայց դժգոհ չեմ նրա հետ զրուցակից լինելուց: Սրտակից բարեկամիս հետ կիսում եմ վշտերս ու մտահոգութիւններս, եւ այն մասին, թէ՝ արդեօք ճիշտ եմ եղել այսինչ բացայայտումը կատարելու եւ կամ չկատարելու համար թէ՝ ոչ:
Թէեւ չեմ յիշում նոյնիսկ մի պարագայ, որ փոշմանած լինեմ մի երեւոյթ ակնարկելու համար՝ այս քանի տարիների ընթացքում, եւ աւելի քան 100-ի հասնող տրամագծերի մէջ: Բայց հիմա տատանւում եմ՝ գրել թէ չգրել...
Երկարախօսութիւններիս վերջ տալու համար բարեկամս ասաց.- պարապ ես ջանըմ, ինչերի՜ մասին ես մտածում ու արիւնտ պղտորում, մեր գիւղը ոչ տէր ունի ոչ էլ դիւան, ոչ գոմ ունի, ոչ էլ նախրատուն, ոչ ջուր ունի ոչ էլ աղբիւր, ոչ օր ունի ոչ էլ արեւ, հալա քիւխէն (տանուտէրը) էլ երբեմն է իր գիւղն այցելում, դու ասում ես ինչ եմ գրե՞լ, ինչ չեմ գրե՞լ..., ո՞վ է տէ՞րը, ո՞վ է տանտէրը, ո՞ւր է մարագը, ո՞վ է Մակարը... ի՜նչ ես իզուր ցեխ կոխրճում...

+++

...Չեմ ուզում երեսիս բերել, որ նա ճշմարիտ է: Ոչ էլ ուզում եմ հաւատալ նրան, բայց ինչ որ անկեղծութիւն ու ճշմարտութիւն կայ բարեկամիս խրատների մէջ: Բայց իսկապէս աչք պիտի փակել ու չտեսնել ձեւացնել այսքան կեղծիք ու անճշմարտութի՞ւն..., անշուշտ ո՛չ...Չեմ էլ ուզում Նոր Տարւայ սեմին ինքս դառնամ խաւարամիտ ու չլսեմ նրա խրատները...բաց որոշում եմ մի վերջնագիր տալ՝ երկու կէտանոց. արդէն պարզ են ասելիքները, միայն մէկ անգամ եւս պիտի հաստատեմ դրանք՝ այս վերջնագրով, երկու կէտերով.

-1. Չեմ փոշմանել ո՛չ մի գրութեան համար

–2. (Չպիտի վախենալ (+5) աստիճան տրամագծի անկիւնից) ...


+++

Իսկ լուսանցքում, եւ այն էլ Ամանորի սեմին չեմ կարող անտարբեր մնալ ու չյիշել բոլոր այն անարդարութիւնները, որոնք հրկիզելով խոցեցին հարիւրաւոր իրաւազրկւածների սրտերը, սկսած՝ խեղճ Սուրիկից մինչեւ ես, մինչեւ ցրտին ու ձիւնին յաղթահարող խեղճ փերեզակը, ու մինչեւ կաղելով քայլող՝ խեղճ Փիշուլիկը...
Ես չեմ կարող աչքերս փակել այդ բոլորի առջեւ, մենք իրանահայերս, անկեղծ ու հիւրասէր, համեստ ու քչախօս, հիւրասէր ու շարմով, ամօթխած ու , երկչոտե... Մենք երբեք այսպէս չենք եղել... Այդ ինչ եղաւ մեզ... ու այդ հիւանդագին վարքագիծը ո՞ր սեւ քամին բերեց ու որտեղի՞ց...

+++

Ամավերջին ու Նոր Տարւայ սեմին, սրտագին մաղթանքս է, որ կայծակնային շանթահարումների հետ, Արարիչն Աստւած այնպիսի շողեր արձակի, որ խաւարն ընդմիշտ վերանայ խաւարամիտների մշուշ պատած ուղեղներից ու իմաստութեան լոյսը սփռի համայն մարդկութեան երկնակամարի վրայ։
...Ու այդ կայծակնային շանթարձակումներով վառենք նաեւ խաւարած տները լուսաւորող կարմիր մոմերը, ու նոր գալիքը ողջունելով՝ միմեանց շնորհաւորենք փայլուն Նոր Տարին..., անդունդներում թողնելով տխուր անցեալը...
Շնորհաւոր Նոր Տարի՝ արդարութեան տիրակալութեան վարդագոյն յոյսերով։



Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ

Սերժ Սարգսեանն Ամանորի կապակցութեամբ այցելել է պաշտպանական դիրքեր


18:29 / 31.12.2009
Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տոների կապակցութեամբ Հայաստանի նախագահ, Հայաստանի Զինւած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատար Սերժ Սարգսեանն այսօր աւանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում:
Նա նախ այցելել է սահմանամերձ Այգեհովիտ գիւղ, զրուցել այգեհովիտցիների հետ, շնորհաւորել նրանց գալիք տոների կապակցութեամբ, հետաքրքրւել սահմանամերձ բնակավայրերի խնդիրներով: Սերժ Սարգսեանը մէկ անգամ եւս ընդգծել է, որ սահմանամերձ բնակավայրերն ու նրա բնակիչները մեր երկրի սահմանների բնական պաշտպաններն են եւ շարունակելու են մնալ պետութեան առանձնակի ուշադրութեան կենտրոնում:
Սերժ Սարգսեանն այնուհետեւ այցելել է պաշտպանական դիրքեր, պաշտպանական յենակէտերում հետեւել մարտական հերթապահութեան կազմակերպմանը, զրուցել զինծառայողների հետ, ծանօթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Ծառայութեան ընթացքում իրենց պարտաճանաչութեամբ, խիզախութեամբ եւ անձնւիրութեամբ աչքի ընկած մէկ տասնեակ զինւորների Սերժ Սարգսեանը պարգեւատրել է ժամացոյցներով:
Հայաստանի նախագահը շնորհաւորել եւ բարեմաղթանքներ է յղել մեր բանակի բոլոր զինծառայողներին` Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տոների կապակցութեամբ, շնորհակալութիւն յայտնել նրանց անձնւէր ծառայութեան համար: Զինւած ուժերի Գերագոյն գլխաւոր հրամանատարը բաժակ է բարձրացրել մեր Զինւած ուժերի համար:

Լուրեր Հայաստանից

Հայ օլիգարխները ժողովրդին մեծահոգաբար խաղաղութիւն, կայունութիւն եւ բարեկեցութիւն են մաղթում


10:17 / 30.12.2009
Հայ օլիգարխները Ձմեռ պապից ժողովրդի համար մեծահոգաբար խաղաղութիւն, երջանկութիւն եւ տնտեսական բարեկեցութիւն են ցանկանում:
Թէեւ շատ աւելի լաւ կը լինէր, որ այդ հարցերում նրանք յույսը դնէին ոչ թէ Ձմեռ պապի վրայ, այլ փոքր ինչ ձգւէին եւ իրենց կարեցածի չափով օգնէին ժողովրդին:
«Ձմեռ պապից մեր ժողովրդի համար խաղաղութիւն, երջանկութիւն եւ բարեկեցութիւն եմ ցանկանում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց պատգամաւոր, գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական Ռուբէն Հայրապետեանը: «Իսկ անձամբ Ձեզ համա՞ր» հարցին Հայրապետեանը պատասխանեց. «Ինձ համար ոչինչ չեմ խնդրում, Փառք Աստծոյ, ամէն ինչ ունեմ, դրա համար էլ խնդրում եմ միայն ժողովրդի համար»: Հայրապետեանը խոստուանեց, որ ամանորը տոնելու է Երեւանում, ընտանիքի հետ: Ինչ վերաբերում է ուտեստներին, պատգամաւորի պնդմամբ, ինքը համադամասէր չէ եւ ուտում է ամէն ինչ, ինչ առաջարկում են:
Պատգամաւոր, «DCA» ընկերութեան սեփականատէր Գագիկ Աբրահամեանը, ինչպէս վայել է այդ գլամուրային անձին, Նոր տարին կը դիմաւորի Ֆրանսիայում: Ընդ որում, պատգամաւորը խոստովանեց, որ առաջին անգամ է Նոր տարուն լքելու Հայաստանի սահմանները: Ինչ վերաբերում է ամանորեայ նախասիրութիւններին, Գագիկ Աբրահամեանը, ի տարբերութիւն հայերի մեծամասնութեան, նախընտրում է ձուկը: Իսկ Սանտա-Կլաուսին (Փարիզում Ձմեռ պապը նրա համար անհասանելի կը լինի) իր մաղթանքներով Աբրահամեանը իւրայատուկ չէր եւ խաղաղութիւն էր ուզում աշխարհի համար:
«Ձմեռ պապից տնտեսական վերածնունդ եմ ուզում»,- առանց մտածելու NEWS.am-ի թղթակցի հարցին պատասխանեց «Կիլիկիա» ընկերութեան սեփականատէր Աշոտ Բաղդասարեանը: Իսկ իր համար Բաղդասարեանը ոչինչ չի ուզում: Նա Ամանորը դիմաւորելու է Երեւանում: Իսկ հարցին, թէ որ ամանորեայ ուտեստն է նախընտրում, Բաղդասարեանը պատասխանեց. «Անգամ չգիտեմ, ես համադամասէր չեմ»:

Լուրեր Հայաստանից

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Նոր տարի,նոր հեռանկար

Հայաշխարհը եւս կանգնած է նոր տարեմուտի շեմին: Անձով, ընտանիքով, համայնքով, ժողովրդով ու ազգովի, ըստ աւանդութեան, դիմաւորելու ենք պատրաստւում Նոր տարւան՝ 2010 թւականին:
Դիմաւորում ենք այն հեռանկարով ու յոյսով, որ նոր տարեթւում յաջողութիւններն ու ձեռքբերումները ուղեկցեն բոլորիս՝ անձնական, ընտանեկան, համայնքային ու ազգային մակարդակներում:2009 թւականը, սակայն, իր մակընթացութիւններով ու տեղատւութիւններով հանդերձ, իրեն զգացնել տւեց աւելիով, որ համայնքային ու ազգային, այլեւ համազգային մասշտաբներով մեզ վերապահւած էին համարժէք կեցւածք ու դրսեւորումներ, որոնք, ի պատիւ մեր հինաւուրց ու հայրենամերձ համայնքի, արդարացուցիչ հանգամանքներով արդիւնաւորւեցին:
Այսպէս՝ 2009-ի գրեթէ ողջ երկրորդ կէսում համայնքային համախումբ կեցւածքով դիմագրաւեցինք ծանրագոյն մի հարւած, որն իջեցւել էր Թեհրան-Երեւան չւերթի սոսկալի աղէտով: Ծանրակշիռ ու աննախադէպ կորուստը կրեցինք համայնքով մէկ՝ ազգային իշխանութեամբ ու համայնքի անխտիր բոլոր անդամների միասնական կեցւածքով:
Որպէս համայնք՝ անցնող տարում կրկին միասնակամութեամբ, ինչն արդէն օրինաչափ երեւոյթ է իրանահայութեան մօտ, դիրքորոշւեցինք երկիր Իրանի հասարակա-քաղաքական կաեւոր իրադարձութեան՝ նախագահական ընտրութիւնների նկատմամբ եւ լոկ անձին ու թեկնածուին տուրք տալու անհեռատես մղումից հեռու մնալով՝ ինքնարտայայտւեցինք պետականամէտ նպատակներին տուրք տալու շիտակ ու արթուն պահւածքին:
Իրանական հայրենիքի, պետականութեան ու ժողովրդի բարօրութեան, անվտանգութեան ու զարգացման համընդհանուր մտասեւեռումն այսօր էլ առկայ է իրանահայութեան մօտ, նոյնիսկ յետընտրական 6-ամսեայ եռեւեփումներով հանդերձ, քանզի նոյնինքն իրանահայի մտահորիզոնի հիմքում ընկած է՝ կայուն, ժողովրդավար, բարգաւաճ ու անվտանգ Իրանի առկայութեան նպաստալիութիւնը, ինչպէս տարածաշրջանի, այնպէս էլ ու մանաւանդ հարեւան Հայաստանի Հանրապետութեան համար:
Եւ երիցս որպէս համայնք՝ հանդէս եկանք միասնական ու համընդհանուր շահերից ելած, երբ գրեթէ ինքնաբուխ նախաձեռնեցինք ինքնադրսեւորւել, դիրքաւորւել ու առաջադրանքներ ներկայացնել մեր ազգային, այլեւ համազգային նշանակութեան այնպիսի հիմնահարցի կապակցութեամբ, որպիսին էր «Հայ-թուրքական հաշտութեան» ու դրանից բխած՝ տխրահռչակ արձանագրութիւնների քննարկման գործընթացը:
Չէ՞ որ միշտ էլ իրանահայը համազգային, համահայկական հիմնախնդիրներում ու մասնաւորապէս հայոց արդար պահանջատիրութեան ու մէկ խօսքով՝ Հայ Դատի ուղղութեամբ անկախ մարտավարական, մասնակի տարբերութիւններից, միասնական ու նպատակասլաց կեցւածք է որդեգրել:
Ահաւասիկ, նոր տարւայ՝ 2010-ի ընթացքում եւս դէմ-յանդիման ենք լինելու վերոգրեալ իրադարձութիւնների նորովի դիմագրաւմանը, որոնց յաղթահարման երաշխիքը, անշուշտ, կայանում է մեր միասնական ու համընդհանուր շահերից մեկնող կեցւածքների ցուցաբերմամբ:
Նոր յաղթանակների ու ձեռքբերումների հեռանկարով, ահա, դիմաւորենք ու շնորհաւորենք միմեանց Նոր տարին:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ 2010–ը

Մետաղեայ Վագրի Տարի Է


Արևելեան օրացոյցի համաձայն՝ գալիք 2010թ.-ն Սպիտակ կամ Մետաղական վագրի տարի է և մեր օրացոյցով սկսւելու է 2010թ. փետրւարի 14-ին՝ շարունակւելով մինչև 2011-ի փետրւարի 2-ը:
Տարւայ էլեմենտը մետաղն է, թալիսմանը՝ արծաթը: Գալիք տարւայ հովանաւորին կարելի է բնութագրել որպէս մեծահոգի, վիրաւորանքներ հանդուրժող, կրքոտ, արդար և համեստ: Մետաղեայ վագրը խորհրդանշում է յաւերժ ընտանեկան արժէքներ, իսկական ընկերական աջակցութիւն ու օգնութիւն:
2010թ. հիմնական բնութագրական գծերն են արիութիւնն ու առնականութիւնը, այդ պատճառով յաջողութեան կը հասնեն նրանք, ովքեր ուժեղ կամք ունեն, չեն վախենում կեանքի դժւարութիւններից ու չեն կոտրւում փոփոխական աշխարհի հարւածներից: Տարին լրիւ հանդարտ չի ընթանայ:
Այն իր հետ կը բերի անսպասելիութեան ու յանկարծակիութեան տարրեր: Պէտք է զգոյշ լինել, հապճեպ ու չմտածւած քայլերից խուսափել: Եթէ հնարաւոր լինի անմտութիւնից, կասկածելի գործերից ու այլ ռիսկերից զերծ մնալ, ապա եկող տարին յաջողութիւն կը բերի: Քաղաքական հեռանկարում մեծ փոփոխութիւններ են սպասւում: Հնարաւոր է անսպասելի քաղաքական հանգուցալուծում: Յեղափոխութիւնը, դրաման, էնէրգիան, ուժը, փոփոխութիւններն ու ուղևորութիւնները գալիք տարւայ առանցքային բառերն են:
Ցաւօք, միջազգային կոնֆլիկտներն ու տարերային աղէտները սուորաբար տեղի են ունենում հէնց Վագրի տարում, այդ պատճառով ամբողջ 12 ամիս ձանձրոյթի համար տեղ չի լինի... Տարին բարենպաստ է փոփոխութիւնների ու ակտիւ գործելու համար, բայց կարևոր է ամէն ինչ, ինչպէս յարկն է, կշռադատել ու հապճեպ որոշումներ չկայացնել:
Դա վերաբերում է մեր կեանքի այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են կարիէրան, անձնական կեանքը, ֆինանսներն ու առողջութիւնը: Այս տարի մեզ սպասւում է առաջաւոր անհատների ու մարտերի, քաջութեան ու մարդկային նկրտումների, ձեռքբերումների և փորձութիւնների տարի: Սպասւում են կամքի ուժի և մինչև իսկ հաւատի փորձութիւններ: Ընդհանուր առմամբ, 2010-ը կարելի է բնորոշել որպէս բարենպաստ տարի, սակայն միևնոյն ժամանակ ոչ ոք տարւայ ընթացքում չի հասցնի շունչ քաշել:
Քանի որ վագրն իր բնոյթով իւրաքանչիւրի մէջ մրցակից է տեսնում, հետևաբար գալիք տարում հարստութիւնն ու աղքատութիւնը կընթանան ձեռք ձեռքի տւած: Տարին կարող է դժւար և անգամ դաժան լինել հասարակութեան համար:
Չինական հորոսկոպի բոլոր կանոնների համաձայն՝ 2010-ը լինելու է ամենաակտիւ տարիներից մէկը, երբ հնարաւոր կը լինի յաջողութեան հասնել՝ ի գործ դնելով անսպասելի հնարաւորութիւնները, կայացնել որոշումներ, որոնք կը փոխեն մեր կեանքի ընթացքը, ինչպէս նաև սեփական անձին բնորոշ նոր տաղանդներ և յատկութիւններ բացայայտել: Ընդ որում, այս ամէնը Նոր տարում տեղի կունենայ արագ ու անսպասելի, ինչպէս վագրի ցատկն է:
Գլխաւորը կեանքում յայտնւած շատ կարևոր շանսը բաց չթողնելն է:


7օր

Ամանորի գիշերը՝ Լուսնի խաւարում


12:12 / 31.12.2009
Նոր տարւայ գիշերը Լուսնի խաւարում է լինելու. ճիշտ է մասնակի, այնուամենայնիւ, ինչպէս ասում են, լինելու է։
Այս մասին NEWS.am-ի թղթակիցը տեղեկացաւ Բիւրականի աստղադիտարանի գիտաշխատող, Աստղագիտական ընկերութեան նախագահ Արէգ Միքայէլեանից։
Գիտաշխատողի խօսքով, թէպետ Լուսնի կիսաստւերային խաւարումները գիտական առումով այդքան էլ մեծ հետաքրքրութիւն չեն ներկայացնում (իսկ սա հէնց այդպիսին էլ լինելու է), այնուամենայնիւ յատկանշական է, որ այն տեղի է ունենալու Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին։ Արէգ Միքայէլեանի խօսքով, Լուսնի կիսաստւերային խաւարումն սկսւելու է մոտաւոտավորապէս 24։00-ին եւ տեւելու է մի քանի ժամ։ «Այն աւելի լաւ կերեւայ մարզերում, քանի որ երկինքն այնտեղ պարզ է, իսկ Երեւանում, օդի աղտոտւածութեան եւ ամպամածութեան հետեւանքով, գուցէ այնքան էլ հեշտ չլինի հետեւել առանց այդ էլ ոչ այնքան յստակ արտայայտւած բնութեան այդ երեւոյթին»,- նշեց նա՝ աւելացնելով, որ խաւարումները, որպէս կանոն, լինում են լիալուսնի ժամանակ, իսկ ընդհանրապէս լուսնային խաւարումները միշտ աւելի երկար են տեւում, քան Արեգակի խաւարումները։
Դեկտեմբերի 31-ի Լուսնի կիսաստւերային խաւարմանը կը հետեւեն նաեւ Աֆրիկայում, Հնդկաստանում ու Չինաստանում։

Լուրեր Հայաստանից

ԱՄԱՆՈՐԻ ՍԵՄԻՆ, ՉՄՈՌԱՆԱԼՈՎ, ՅԱՐԳՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՅԻՇԱՏԱԿԸ, ՈՐՈՆՔ ԱՅՍՕՐ ԱՅԼԵՒՍ ՉԿԱՆ ՄԵՐ ՄԷՋ...




ԱՄԱՆՈՐԻ ԺՊԻՏՆԵՐ ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ

Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնութեամբ և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութեան աջակցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնը Ամանորի և Սուրբ Ծննդեան տոների առիթով ՀՀ ութ պետական մանկատներում այս օրերին իրականացնում է Ամանորեայ ժպիտներ մանկատներում ծրագիրը:
Ծրագիրն իրագործւում է Տիկնիկային արւեստի գործիչների միջազգային միութեան հայկական կենտրոնի և World Vision միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հայաստանեան գրասենեակի հետ համագործակցութեամբ: Ծրագրի շրջանակներում ցուցադրւում են տիկնիկային բեմադրութիւններ Սուրբ Գրքի առակների սիւժեներով և ամանորեայ ներկայացումներ:
Ապա ՔԴԿ տնօրէն Տ. Վարդան աբեղայ Նաւասարդեանը մանուկներին փոխանցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութիւնը: Տոնական հանդիսութիւնից և ամանորեայ բարեմաղթանքներից յետոյ մանուկներին բաշխւում են նաև Ս. Ծննդեան նւէրներ:


«ԼՐԱԳԻՐ»

Վագրի Տարին Թող Յաղթանակներ Բերի


Մի քանի ժամից կաւարտւի 21-րդ դարի առաջին տասնամեակը:
Անկախ նրանից, թէ անցնող ողջ տարւայ ընթացքում մեր փոքր երկրի մեծ յաւակնութիւններով քաղաքացիները ինչ բնոյթի գործունեութիւն են ծաւալել, բոլորի սրտում ձգտումն է եղել արժանավայել ապրելու, հոգալու, որպէսզի իրենց երեխաների ապագան լուսաւոր լինի, իսկ պետութիւնը` յուսալի ձեռքերում:
Թէ քաղաքական, սոցիալ-տնտեսական ու հասարակական ոլորտներում ում որքանով է դա յաջողւել` կը քննարկեն ու կը մեկնաբանեն տարաբնոյթ գործիչները: Մենք մաղթում ենք, որ 2010 թւականին` Վագրի տարում, արդարանան սպասելիքները, կատարւեն ամանորեայ հրաշքներ, Ձմեռ պապին առատաձեռն լինի, իսկ Աստւածային յոյսը, սէրն ու հաւատը մեր յաւերժական ուղեկիցը լինեն:
Մաղթում ենք, որ մեր հայրենիքը հնարաւորինս հեշտութեամբ դիմագրաւի ցանկացած մարտահրաւէրի, Հայոց երկինքը միշտ անամպ լինի, սահմաններն` անառիկ:
«Երկիր»-ը շնորհաւորում է Հայաստանում, Արցախում, Ջաւախքում եւ Սփիւռքում ապրող Հայ ժողովրդին Ծննդեան տոների առթիւ: Յատկապէս շնորհաւորում ենք այս օրերին մեր պետութեան սահմանները պահպանող սպայական, շարքային եւ աւագ անձնակազմին, ում շնորհիւ մենք ապահովութեան զգացումով ենք նստում տոնական սեղանների շուրջ:
Առողջութիւն, երջանկութիւն, հոգեկան ջերմութիւն բոլորին: Թող յաղթահարելի լինեն դժւարութիւնները: Եկէք լինենք փոքր-ինչ աւելի հանդուրժող, սովորենք խնայել միմեանց, տրամադրւենք մի փոքր աւելի բարի ու միասին կդառնանք անխոցելի:Այսօր հրատարակում ենք մեր թերթի 2009 թւականի վերջին համարը:
Կը հանդիպենք Վագրի տարում եւ կը շարունակենք համակողմանի լուսաբանել մեր շուրջը տեղի ունեցող ամէն ինչ:
Ամենայն բարիք բոլորին եւ երազանքների իրականացում: Յուսանք, որ 2010 թւականը մեր երկրին յաղթանակներ կը բերի բոլո՛ր առումներով:



«ԵՐԿԻՐ»

ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ ԱՐԴԷՆ ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼ Է


ՙՍիրելի հայրենակիցներ, Առջեւում Ամանորն է` տարէսկզբի ազդարար տոնը, որը լի է յոյսերով եւ սպասելիքներով:
Իսկ տարէվերջն այն աւանդական պահն է, երբ ամփոփում ենք կատարած աշխատանքը եւ նախատեսում գալիք տարւայ անելիքը: 2009 թւականը ծանրաբեռնւած աշխատանքի տարի էր, որը կշարունակւի 2010 թւականին:
Ակնյայտ է, որ միայն տարիների հետեւողական աշխատանքի շնորհիւ կը կարողանանք կեանքի կոչել բոլոր այն գաղափարները, որոնք ընդգրկւած են մեր ծրագրերում: Միայն այդ ճանապարհով ենք կարող արձանագրել երկարաժամկէտ յաջողութիւն, որը կը լինի տեսանելի եւ շօշափելի մեր երկրի բոլոր քաղաքացիների համար:
Այս տարին լի էր մարտահրաւէրներով, որոնց յաղթահարման ուղղութեամբ լուրջ եւ մեծածաւալ աշխատանք իրականացւեց: Իհարկէ, ոչ ոք անսխալ չէ: Մենք էլ չենք կարողացել խուսափել թերութիւններից: Սակայն դրանից պէտք չէ յուսահատւել: Ընդհակառակը` պէտք է դասեր քաղել եւ կրկնապատկել մեր եռանդն ու վճռականութիւնը:
Վստահ եմ, որ մենք աստիճանաբար լուծելու ենք մեր առջեւ դրւած բոլոր խնդիրները: Ամէն նոր տարին նոր մեկնարկի հնարաւորութիւն է, ուստի եւ պէտք է լինի աւելի լաւը, քան նախորդը:
Սիրելի հայրենակիցներ, Ի սրտէ, ջերմօրէն շնորհաւորում եմ բոլորիս այս հրաշափառ տոների առթիւ` մաղթելով ձեզ եւ ձեր ընտանիքներին համերաշխութիւն, խաղաղութիւն, երջանկութիւն եւ բարեկեցութիւն:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ՚:



«Ա+1»

ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԱՄԱՆՈՐԵԱՅ ԳԻՇԵՐԸ




Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, քաղաքամայր Երևանի եկեղեցիներում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանեան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում, Ամանորեայ գիշերը` ժամը 2400-ին, կը կատարւի գոհաբանական մաղթանք:
Այս հաղորդագրութիւնը տարածել է Մայր Աթոռը:


«Ա+1»

Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահ.–
«Հայ ժողովուրդը միակարծիք է ԼՂՀ անկախութեան եւ ինքնիշխանութեան պահպանման հարցում»


16:43 / 30.12.2009
2009-ը փորձութիւնների եւ հնարաւորութիւնների տարի էր։ Այս մասին ասւում է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանի ամանորեայ ուղերձում։
«Մեր երկիրը կայացման եւ ինքնահաստատման երկար ճանապարհ է անցել։ Այդ ընթացքում մենք ընկերներ եւ հարազատներ ենք կորցրել։ Այսօր մենք առիթ ունենք կրկին գլուխ խոնարհել Արցախի ազատութեան ու անկախութեան համար զոհւածների առաջ՝ նրանց ընտանիքներին մաղթելով արիութիւն եւ բարեկեցութիւն։
Մեր երիտասարդ պետութիւնը պատւով է յաղթահարել անցնող տարւայ դժւարութիւնները։ Մենք տարին աւարտում ենք սոցիալ-տնտեսական ձեռքբերումներով։
Այս գործում մեծ է Հայաստանի, հայկական Սփիւռքի դերը։ Հպարտութեամբ կարելի է արձանագրել, որ հայ ժողովուրդը միակարծիք է ԼՂՀ անկախութեան եւ ինքնիշխանութեան պահպանման հարցում»,- նշւում է ուղերձում։

Լուրեր Հայաստանից

Wednesday, December 30, 2009

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Ի՞ՆՉՔԱՆ ԵՆ ՀԱՐԱԶԱՏ ՁԵՐ ԽԻՂՃՆ ՈՒ «ԻՆՔ»Ը


Չգիտեմ, արդեօք պատահե՞լ է ձեզ, երբ ինքներդ, հեգնելով՝ ծաղրէք ձեր սեփական ու անկեղծ զգացումները...։ Ինձ շատ է պատահել ու այսպէս.–

Մանկութիւնից կենդանիներ ու մանաւանդ կատուներ շատ եմ սիրել։

Ե՛ւ սիրել եմ, ե՛ւ պահել։ Եւ այդ ընթացքում հակառակ այն թիւրիմացութեան, որ մենք մարդիկ ենք տարածել, դրանք ոչ միայն ապերախտ կենդանիներ չեն, այլ հակառակը՝ շատ աւելի երախտապարտ են՝ դրանց ապերախտ անւանող «մարդ» կոչւող արարածներից շատերից։

Միաժամանակ, խոստովանեմ, որ իմ անհատականութեան «տկար» կողմերի ամենախոցելին այն է, որ չափազանց զգացական եմ՝ որեւէ անարդարութեան ու հասարակական անողոք խտրականութիւնների նկատմամբ։ Եւ գուցէ հէնց այդ պատճառով էլ է, որ շուտ եմ պոռթկում ու շատ եմ «վայելում» անգործութեան «բարիք»–ները...
Մեր տան վերի յարկի աստիճաններին, կատուներ շատ են թափառում։ Այնտեղ ծծննդաբերում, ապրում, մեծանում ու դարձեալ ծծննդաբերում ու այսպէս շարունակ...Նրանցից իւրաքանչիւրն էլ ունեն իրենց անունները... Բայց ես չեմ կարող նրանց ոչ միայն քաղցած տեսնել, այլ տեսնել այն ինչերը, որոնց բազում ենք հանդիպում մեր հասարակութիւնների մէջ։
Դրանք առհասարակ փողոցներում են սնւում ու մի կերպ իրենց գլուխը պահում։ Բայց շատ յաճախ երբ փողոցից տան շեմքն եմ մտնում, դրանք իրենց քսմսում են ոտքերիս ու կարծես շնորհակալութիւն են յայտնում մի քանի անգամ կաթով ու կերակրով ու նոյնիսկ պարզ ջրով նրանց աջակցելու համար։
Ամառային մի տաք կէսօր էր, երբ դռան շեմքին հանդիպեցի Փիշուլի–ին, որ սաստիկ կաղելով փորձում էր քսւել ոտքերիս։ Դեղին ու սեւ ու ճերմակ խալերով այս փիսոյի, առջեւի ձախ ձեռքի թաթից արիւն էր հոսում։ Ու իմացայ, որ երեւի որեւէ դռան արանքը մնալով կորցրել է իր թաթն ու անպայման սաստիկ ցաւեր է համբերում...
Թէ՝ ի՜նչ ապրումներ ունեցայ, անասանելի է, սակայն ամենաանտանելին այն էր, որ անճարակութեամբ խորհում էի թէ՝ հիմա ի՞նչ պիտի անել, ո՞ւմ պիտի դիմել, ո՞վ է օգնելու, եւ առհասարակ նման դէպքերում՝ ո՞րն է «բուժօգնութեան» ծառայութիւնը...Հէնց այդ պահին էր, որ քանիերորդ անգամը լինելով՝ հեգնելով ծաղրեցի իմ անկեղծ զգացումները...
Աւելի քան մէկ տարի է անցնում այդ դէպքից, ու գրեթէ ամէն օր եմ տեսնում խեղճ Փիշուլի–ին, որ սրտաճմլիկ տեսարան դարձնելով սաստիկ կաղելով, փորձում է իմ քայլերի հետ համահաւասար աստիճանները վեր բարձրանալ ու ինձ ընկերակցել մինչեւ տան շեմքը։ Ու հէնց այդ պահերին էլ, երբ քայլերս դանդաղեցնում եմ, որպէսզի նա՝ Փիշուլիկը աւելի շատ ցաւերով չանհանգստանայ, նորից ու նորից սեփական «ինքս»՝ հեգնելով, ծաղրում է իմ անկեղծ զգացումները...
Ու մեծ հաւանականութեամբ, եթէ որեւէ անցորդ նոյն պահին կարողանայ վերծանել իմ միտքը, անտարակոյս ծաղրելու է թէ՛ իմ խիղճը ու թէ՛ հեգնանքի ու ծաղրի ենթարկւած զգացումներս...
Չգիտեմ ո՞րն է աւելի անկեղծ, խիղճս, թէ՝ զգացմուքնս... միթէ չէ՞ որ մէկը պատասխան պիտի գտնի այն անարդարութիւնների համար, որոնց կողքից անհոգ անցնում ենք գրեթէ ամէն օր։Բայց կարծես շատ եմ խրւել զգացումներիս անծայրածիր ովկիանոսի մէջ, ու հարիւրը բազմապատկած քանիերորդին անգամւայ համար «ինք»ս հեգնում է անկեղծ զգացումներիս։
Դեռ չեմ մոռացել այն պահը՝ երբ ութ ամեայ Սուրիկը մեռաւ գարաժի պատի փլատակների տակ՝ պարզ այն պատճառով, որ անհոգ անցորդները չմոտեցան նրան...
Չգիտեմ, այսպիսի պահեր, ունեցել էք թէ ոչ։
Եւ վերջապէս՝ ի՞նչքան են հարազատ Ձեր խիղճն ու «ինք»ը...

Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ

Դմիտրի Մեդվեդեւ.–
Ռուսաստանը եւ Հայաստանը լուրջ առաջընթաց են ապահովել փոխշահաւէտ բազմակողմանի կապերի խորացման գործում




14:42 / 30.12.2009
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհաւորել է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների գալիք Նոր տարին:
Ինչպէս հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայութիւնը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին Դմիտրի Մեդվեդեւի յղած ուղերձում, մասնաւորապէս, ասւած է. «Անցնող տարում Ռուսաստանը եւ Հայաստանը համատեղ ջանքերով լուրջ առաջընթաց են ապահովել փոխշահաւէտ բազմակողմանի կապերի խորացման գործում: Ինտենսիւ քաղաքական երկխօսութեան ծանրակշիռ արդիւնքները տալիս են բոլոր հիմքերը` եկող տարի ակնկալելու ռուս-հայկական համագործակցութեան դրական դինամիկայ` ի շահ մեր երկրների ժողովուրդների բարեկամութեան բազմադարեայ աւանդոյթների ամրապնդման, տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան»:

Լուրեր Հայաստանից

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ...


ԻՆՉՔԱՆ Ե՞Ն ՀԱՐԱԶԱՏ՝ ՁԵՐ ԽԻՂՃՆ ՈՒ ԻՆՔԸ...
(ՔԻՉ ԱՆՑ)

Հայերի եւ յոյների միջեւ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Բեթղեհեմի Սուրբ Ծննդեան Վանքում



12:37 / 30.12.2009
Բեթղեհեմի Սուրբ Ծննդեան Վանքում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել Հայ եւ Յոյն հոգեւորականների միջեւ, որն աւարտւել է ոստիկանների միջամտութեամբ։
Ինչպէս հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց թարգմանչաց Վանքի տեսուչ հայր Ղեւոնդ աբեղայ Յովհաննիսեանի վկայութեամբ, յոյն հոգեւորականները փորձել են հայերին դուրս բերել վանքի հայկական հատւածից՝ այդ ընթացքում դիմելով ոստիկանների օգնութեանը։
Հայ հոգեւորականի խօսքով, հայերի շրջանում կան վիրաւորներ, յոյների մասին տւեալներ առայժմ յայտնի չեն։
Յիշեցնենք, որ այս միջադէպը սպասելի էր, քանի որ Երուսաղեմում հայ եւ յոյն հոգեւորականների միջեւ միջադէպերն արդէն «աւանդական» են դարձել: Նման դէպքերը Երուսաղեմում տեղի են ունենում հիմնականում Սուրբ Ծննդեան եւ Սուրբ Զատկի կամ Յարութեան եկեղեցական տոների կապակցութեամբ: Պատճառն այն է, որ յոյն հոգեւորականներին դուր չի գալիս, որ աւանդաբար հայ հոգեւորականները մեծ դերակատարում ունեն Երուսաղեմում տեղի ունեցող արարողութիւնների ժամանակ:
Լուրեր Հայաստանից

ԸՍՏ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԻ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՍՏԻՊՒԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ


Երեւան (Երկիր) - Ադրբեջանը ցանկանում է, որ Ղարաբաղեան հիմնահարցը մօտ ժամանակներս լուծում ստանայ, ընդ որում` միջազգային իրաւունքի նորմերի հիման վրայ. ըստ «ԱզերԹաջ» գործակալութեան` յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը պէտք է վերականգնւի: Հայ օկուպանտները (զաւթիչները) պէտք է դուրս բերւեն «զաւթյալ» տարածքներից: Մեր քաղաքացիները պէտք է վերադառնան «հայրենի» հողերը: Այդպիսին են հիմնահարցի լուծման հիմնական սկզբունքները»,- ասել է նա:
Ալիեւը յայտարարել է, որ Ադրբեջանը ոչ մի քայլ չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումից: «Ցաւօք, 2009 թւականն էլ որոշիչ չդարձաւ, թէեւ մեծ յոյսեր էին կապւում Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հետ: Սակայն Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով մենք չկարողացանք արդիւնքի հասնել»,- ասել է Ադրբեջանի նախագահը` նշելով, որ հարցով զբաղւող կողմերը պաշտպանում են հիմնախնդիրը տարածքային ամբողջականութեան շրջանակներում լուծելու գաղափարը: «Այդ թւում հայկական կողմն էլ ստիպւած է եղել ստորագրել հարցի լուծումը տարածքային ամբողջականութեան շրջանակներում նախատեսող քաղաքական փաստաթուղթ»,- աւելացրել է նա:
Ալիեւի խօսքերով` Ադրբեջանը ձգտում է հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, սակայն ադրբեջանական բանակը եւ հասարակութիւնը պէտք է պատրաստ լինեն «զաւթիչներից մեր տարածքները ցանկացած ճանապարհով ազատագրելուն»:

Ո՛Չ ԹՈՒՐՔԻԱՆ, Ո՛Չ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ՎԱՒԵՐԱՑՆԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ


Ո՛չ Թուրքիան, ո՛չ Հայաստանը չեն շտապում իրագործել յարաբերութիւնների կարգաւորման մասին համաձայնագիրը:
Թուրքական ընդդիմութիւնն ու Բաքուն Ժնեւում ստորագրւած արձանագրութիւնները համարում են դաւաճանութիւն եւ պահանջում են հաշւի առնել Ադրբեջանի շահերը, գրում է գերմանական Suddeutsche Zeitung: Ըստ յօդւածի հեղինակի, Ադրբեջանը կտրուկ է Անկարայի հանդէպ իր պահանջներում` չի կարող ազատ սահմանային հաղորդակցութիւն լինել Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, քանի դեռ Հայաստանը չի գնացել որոշ զիջումների Ղարաբաղի հարցում:
Թուրքիայի կառավարութեանը, հաւանաբար, շփոթեցրել է Ադրբեջանի կտրուկ արձագանքը եւ յատկապէս այն, թէ որքան հմուտ է դա օգտագործում իր շահերում Թուրքիայի ազգայնական ընդդիմութիւնը: Այդ պահից ի վեր Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հակառակ կուրսն որդեգրեց: Սահմանը կը բացվւի միայն այն դէպքում, եթէ Հայաստանը զիջումների գնայ Լեռնային Ղարաբաղի հարցում, հաղորդում է DW-world-ը:
Թերթը յիշեցնում է, որ Հայ-թուրքական արձանագրութիւնները պէտք է վաւերացւեն երկու երկրների խորհրդարանների կողմից: «Էրդողանը կարող է յուսալ, որ ազգայնականները դիմադրութիւն ցոյց կտան սեփական կուսակցութեան շարքերում: Ոչ միայն հայերը, այլ նաեւ ամերիկացիները, ռուսներն ու եւրոպացիները զարմանքով եւ նոյնիսկ բարկացած են արձագանքում Անկարայի անսպասելի շրջադարձին»,-ընդգծում է Suddeutsche Zeitung-ը:



«ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ»

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՒՈՒՄ ԿԱՆ ՆԱԵՒ ՀԱՅԵՐ


Ռուսաստանում հրապարակւել է վարչական կադրերի ռեզերւում ընդգրկւած 500 մարդկանց ցուցակը, որոնք գտնւում են ՌԴ նախագահի հովանու ներքոյ:

Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ցուցակի առաջին հարիւր անունների թւում է նաեւ «Ինտուրիստ» Համառուսաստանեան բաժնէտիրական ընկերութեան նախագահ Ալեքսանդր Յարութիւնովը:
Ռեզերւում, բայց ոչ առաջին հարիւրակում են, «ՏՎ-Նովոստի» գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանը եւ «Հանրային նախագծման ինստիտուտ» ընկերութեան նախագահի տեղակալ Վալերի Եղիազարեանը:


«ՊԱՆԱՐՄԵՆԵԱՆ»

Փախուստ Ոստիկանութեան Բաժնից

14:55 / 29.12.2009
Դեկտեմբերի 28-ին ոստիկանութեան Կենտրոնի քննչական բաժնից փախուստ է կատարել 36-ամեայ Արման Պողօսեանը:
Հայաստանի ոստիկանութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 17:30-ին, ոստիկանութեան Կենտրոնականի բաժնում գրութիւն է ստացւել, որ Քրէական օրէնսգրքի 266 յօդւածի 3-րդ մասի յատկանիշներով («Թմրամիջոցների, հոգեներգործօն նիւթերի, դրանց համարժէքների եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառութիւնն իրացնելու նպատակով») յարուցւած քրէական գործով ձերբակալւած Արման Պօղոսեանը նոյն օրը, ժամը 14:40-ի սահմաններում, ոստիկանութեան Կենտրոնի քննչական բաժնում քննչական գործողութիւններ կատարելու ժամանակ բռունցքով հարւածել, կեանքի եւ առողջութեան համար ոչ վտանգաւոր բռնութիւն է գործադրել իր ծառայողական պարտականութիւնները կատարող քննիչ Աշոտ Մ.-ի նկատմամբ եւ օգտւելով վերջինիս գիտակցութեան ժամանակաւոր կորստից` դիմել է փախուստի":
Փաստի առթիւ գործ է յարուցւել Քրէական օրէնսգրքի 355 («Փախուստն ազատազրկման վայրից, կալանաւորւածներին պահելու վայրից կամ ձերբակալւածներին պահելու վայրից») եւ 316 («Իշխանութեան ներկայացուցչի նկատմամբ բռնութիւն գործադրելը») յօդւածների 1-ին մասերի մեղադրանքով:


Լուրեր Հայաստանից

Ադրբեջանում պետական արժէթղթերի շուկայի 65 տոկոսանոց անկում է գրանցւել


18:52 / 29.12.2009
Յունւար-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի պետական արժէթղթերի շուկան կազմել է 2 883 129 մանաթ, ինչը 65 տոկոսով պակաս է 2008թ նոյն ժամանակահատւածի համեմատութեամբ՝ 8 187 835 մանաթ:
Ինչպէս հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արժէթղթերի պետական կոմիտէի տւեալները, հաշւետու ժամանակահատւածում իրականացւել է 941 գործարք պետական արժէթղթերով՝ նախորդ տարւայ 2 158 գործարքի փոխարէն:

Լուրեր Հայաստանից

ԼՂՀ վարչապետ–
Առանց ազգերի ինքնորոշման իրաւունքի կիրառման Ղարաբաղեան կարգաւորման ցանկացած բանակցութիւն դատապարտւած է ձախողման

19:24 / 29.12.2009
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչապետը 2009 թւականի ընթացքում Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում ոչ մի յստակ ձեռքբերումներ չի տեսնում։
Խօսելով բանակցային գործընթացից՝ վարչապետն ասել է, որ Ղարաբաղը պաշտօնապէս չի մասնակցում կարգաւորման գործընթացին, թէեւ տեղեակ է թէ ինչ է կատարւում բանակցութիւնների սեղանի շուրջ։
«Մեր երկրի իշխանութիւնների կողմից արւած ցանկացած յայտարարութեան հիմքում դրւած է անկախութեան ճանաչման հարցը։ Առանց հաշւի առնելու ազգերի ինքնորոշման իրաւունքը, ցանկացած բանակցային գործընթաց դատապարտւած է ձախողման։ Ցանկացած նախապայման, որին դէմ կը լինի Արցախի ժողովուրդը, չի ընդունւի։ Եւ՛ Հայաստանի եւ՛ Լեռնային Ղարաբաղի նախագահները բազմիցս նշել են, որ վերջին խօսքը ժողովուրդն է ասելու։ Առաջին հերթին պէտք է յարգւի ազգերի ինքնորոշման իրաւունքը եւ ապահովւեն անվտանգութեան երաշխիքները։ Միայն դրանից յետոյ մենք կը քննարկենք, թէ փոխադարձ զիջումների գնալու ի՞նչ տարբերակներ կան»,- ընդգծել է Արա Յարութիւնեանը։

Լուրեր Հայաստանից

آخرين اخبار بررسي‌ علت سقوط توپولوف



(ԴԻՏԵԼ ՊԱՐՍԿԵՐԷՆ ԲԱԺՆՈՒՄ)