Ահմեդ Դաւութօղլու.– Թուրքիան ցանկանում է Ղարաբաղեան հակամարտութիւնը հանել «սառեցւածների» թւից


18:49 / 25.12.2009
Անկարան հանդէս է գալիս Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման օգտին, եւ թոյլ չի տայ տարաձայնութիւններ Ադրբեջանի եւ Թուրքիայի յարաբերութիւններում:
Այդ մասին յայտարարել է Թուրքիայի ԱԳն ղեկավար Ահմեդ Դաւութօղլուն դեկտեմբերի 25-ին իր ադրբեջանցի գործընկերօջ՝ Էլմար Մամեդեարովի հետ հանդիպումից յետոյ կայացած մամուլի ասուլիսում:
Անկարան, նրա խօսքով, ցանկանում է Ադրբեջանի եւ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորում, միեւնոյն ժամանակ ձգտում է առաջիկայում կարգաւորել Ղարաբաղեան հակամարտութիւնը:
«Մենք պայմաններ չենք ստեղծի (Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ) յարաբերութիւնների վատթարացման համար, Ադրբեջանի հետ դիւանագիտական յարաբերութիւնները շատ սերտ են, եւ սառեցումն անթոյլատրելի է»,- յայտարարել է Դաւութօղլուն:
Նրա խօսքով, Թուրքիան ձգտում է լուծել տարածաշրջանային խնդիրները խաղաղ ճանապարհով:
«Մենք ցանկանում ենք տարածաշրջանային խնդիրները լուծել դիւանագիտական ճանապարհով»,- նկատել է Դաւութօղլուն՝ միաժամանակ աւելացնելով, որ իր երկիրը Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման կողմնակից է: Նա ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է Ղարաբաղեան հակամարտութիւնը հանել «սառեցւածների» թւից:
Ինչպէս իր հերթին յայտարարել է Էլմար Մամեդեարովը, թուրք-ադրբեջանական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ: Նրա խօսքով, Թուրքիան մշտապէս տեղեկացնում է Ադրբեջանին տարածաշրջանային իրադարձութիւնների մասին, եւ Բաքւի ու Անկարայի յարաբերութիւները միշտ բաց են քննարկւում:
Նա նաեւ յայտնել է, որ Դաւութօղլուի հետ հանդիպմանը քննարկւել են տարածաշրջանային խնդիրներ, «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների զաւթումը» եւ երկու երկրների առեւտրա-տնտեսական յարաբերութիւնները: Տարածաշրջանի զարգացմանը, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խօսքով, խոչընդոտում է «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի շարունակւող օկուպացիան (զաւթումը)»:
«Ես ցանկանում եմ հերքել բոլոր ենթադրութիւնները, թէ մեր երկրների միջեւ „սեւ կատու“ է անցել: Մենք Թուրքիայի հետ բոլոր հարցերը քննարկում ենք մի տան մէջ, այդպէս կը լինի նաեւ ապագայում: Նոյնիսկ եթէ տարաձայնութիւններ են լինում, մենք դրանք լուծում ենք եղբայրաբար»,- յաւելել է Մամեդեարովը:
Հաստատելով իր ադրբեջանի գործընկերօջ խօսքերը, Դաւութօղլուն նշել է, որ երկրների մէջ որեւէ խնդիրներ չկան, եւ չեն կարող լինել, հաղորդում է Trend News-ը:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: