Վ. Օսկանեան.– Մենք նոյն թիմի անդամներ ենք եղել, եւ ես չէի սպասում, որ արտաքին քաղաքականութեան ոլորտում նման զարգացումներ կը լինեն

18:20 / 28.12.2009
«Մենք նոյն թիմի անդամներ ենք եղել, արտաքին քաղաքականութեան ոլորտում նոյն գծի կողմնակիցներն ենք եղել, եւ ես չէի սպասում, որ մասնաւորապէս արտաքին քաղաքականութեան ոլորտում նման զարգացումներ կը լինեն»,- դեկտեմբերի 28-ին «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպւած քննարկման ժամանակ յայտարարեց կազմակերպութեան հիմնադիր ղեկավար Վարդան Օսկանեանը՝ նկատի ունենալով ներկայ նախագահի կողմից վարւող քաղաքականութիւնը:
Նա կարծիք յայտնեց, որ դա 180 աստիճան տարբեր է իրենց իշխանութեան կողմից վարւող քաղաքականութիւնից:
Վ. Օսկանեանը կարծիք յայտնեց, որ Հայաստանի խնդիրները, լինի տնտեսութեան ոլորոտում, թէ քաղաքականութեան, պայմանաւորւած են նրանով, որ բոլոր ոլորտներում տիրում է մոնոպոլիան: Նրա ներկայացմամբ, մոնոպոլիզացւած են ինչպէս տնտեսական ոլորտները, այնպէս էլ քաղաքականը:
«Եթէ մենք չունենանք, կամ չստեղծենք այլընտրանքներ, որեւէ խնդիր լուծել չենք կարող: Մենք սահմանադրութիւնը փոխեցինք, որպէսզի հակակշիռներ եւ այլընտրանքներ ստեղծենք, բայց իշխանութիւններն ուզուրպացրին իշխանութիւնը»,-ասաց նա:
Յիշեցնենք, որ հէնց Վ. Օսկանեանի ԱԳ նախարար եղած 10 տարիների ընթացքում էր, որ կայացան ու ամրապնդւեցին տնտեսական ու քաղաքական մոնոպոլիաները:
Նա անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականութեանը՝ ընդգծելով, որ ցանկացած իրավիճակում կարող ենք ելք գտնել եւ իրավիճակը շրջել, եթէ այդ ուղղութեամբ կարողանանք ներքին միասնութիւն ապահովել: «Ցաւօք, արդէն Եւրոպայում ընկալում են, որ տարածքների վերադարձի հարցը լուծւած է եւ փաթեթի մաս է, ուստի սպասում են, որ այդ հարցում առաջընթաց լինի, որպէսզի Հայ-թուրքական սահմանը բացւի: Այդ ընկալումը պէտք է փոխել»,- ասաց Վ. Օսկանեանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: