Գիւմրիի անօթեւաններն այս տարի էլ են տնակներում Ամանոր նշելու


19:38 / 23.12.2009
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը դժգոհ է Գիւմրիում իրականացւող շինարարական աշխատանքի որակից։
Ինչպէս այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի ծառայութիւնից, նախագահը դժգոհ է մնացել յատկապէս կառուցւող Մուշ-2 թաղամասի բնակարանների ներքին յարդարման աշխատանքից։ Նա արտահերթ խորհրդակցութիւն է հրաւիրել, եւ յանձնարարել է, որ առկայ թերութիւնները շտկւեն։ Ըստ մամուլի ծառայութեան՝ շինարարները խոստացել են թերութիւնները շտկել մինչեւ յաջորդ տարւայ մայիսի 15-ը։ Նախագահը պահանջել է, որ բնակարանները ապահովւած լինեն ջեռուցման համակարգով եւ գազօջախներով։ Ըստ մամուլի ծառայութեան՝ Ս. Սարգսեանը յանձնարարել է, որ համապատասխան մարմինները նաեւ ուշադիր լինեն Մուշ-2 թաղամասի բարեկարգման վիճակին. թաղամասում պէտք է դպրոց եւ մանկապարտէզ լինի, եւ այն պէտք է տրանսպորտային միջոցներով կապւած լինի Գիւմրիի միւս հատւածների հետ։
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 23-ին նախագահ Սերժ Սարգսեանը մեկնել է աղէտի գօտի, այցելել Սպիտակ քաղաք, որտեղ նոյնպէս ծանօթացել է իրականացւող շինարարութեանը։ Ս. Սարգսեանը այցելել է նաեւ Շիրակամուտ համայնք, այնուհետեւ մեկնել Գիւմրի՝ ծանօթանալու Մուշ-2 թաղամասում իրականացւող շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախագահի հրաւիրած արտահերթ խորհրդակցութեանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմէն Գէորգեանը, Քաղաքաշինութեան նախարար Վարդան Վարդանեանը, Շիրակի մարզպետ Լիդա Նանեանը, Գիւմրիի քաղաքապետ Վարդան Ղուկասեանը, ՀՀ գլխաւոր ճարտարապետ Նարեկ Սարգսեանը եւ շինարարութիւնն իրականացնող «Գլենդէյլ Հիլզ» ընկերութեան ներկայացուցիչները։
Մուշ-2 թաղամասը սկսել է կառուցւել 2008 թւականին։ 1988 թւականին աղէտալի երկրաշարժից անօթեւան մնացած գիւմրեցիներին խոստացել էին, որ Մուշ-2 թաղամասում այս տարի 1054 բնակարաններ կը յանձնւեն շահագործման։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: