Սերժ Սարգսեանն Ամանորի կապակցութեամբ այցելել է պաշտպանական դիրքեր


18:29 / 31.12.2009
Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տոների կապակցութեամբ Հայաստանի նախագահ, Հայաստանի Զինւած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատար Սերժ Սարգսեանն այսօր աւանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում:
Նա նախ այցելել է սահմանամերձ Այգեհովիտ գիւղ, զրուցել այգեհովիտցիների հետ, շնորհաւորել նրանց գալիք տոների կապակցութեամբ, հետաքրքրւել սահմանամերձ բնակավայրերի խնդիրներով: Սերժ Սարգսեանը մէկ անգամ եւս ընդգծել է, որ սահմանամերձ բնակավայրերն ու նրա բնակիչները մեր երկրի սահմանների բնական պաշտպաններն են եւ շարունակելու են մնալ պետութեան առանձնակի ուշադրութեան կենտրոնում:
Սերժ Սարգսեանն այնուհետեւ այցելել է պաշտպանական դիրքեր, պաշտպանական յենակէտերում հետեւել մարտական հերթապահութեան կազմակերպմանը, զրուցել զինծառայողների հետ, ծանօթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Ծառայութեան ընթացքում իրենց պարտաճանաչութեամբ, խիզախութեամբ եւ անձնւիրութեամբ աչքի ընկած մէկ տասնեակ զինւորների Սերժ Սարգսեանը պարգեւատրել է ժամացոյցներով:
Հայաստանի նախագահը շնորհաւորել եւ բարեմաղթանքներ է յղել մեր բանակի բոլոր զինծառայողներին` Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տոների կապակցութեամբ, շնորհակալութիւն յայտնել նրանց անձնւէր ծառայութեան համար: Զինւած ուժերի Գերագոյն գլխաւոր հրամանատարը բաժակ է բարձրացրել մեր Զինւած ուժերի համար:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: