Wednesday, December 30, 2009

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Ի՞ՆՉՔԱՆ ԵՆ ՀԱՐԱԶԱՏ ՁԵՐ ԽԻՂՃՆ ՈՒ «ԻՆՔ»Ը


Չգիտեմ, արդեօք պատահե՞լ է ձեզ, երբ ինքներդ, հեգնելով՝ ծաղրէք ձեր սեփական ու անկեղծ զգացումները...։ Ինձ շատ է պատահել ու այսպէս.–

Մանկութիւնից կենդանիներ ու մանաւանդ կատուներ շատ եմ սիրել։

Ե՛ւ սիրել եմ, ե՛ւ պահել։ Եւ այդ ընթացքում հակառակ այն թիւրիմացութեան, որ մենք մարդիկ ենք տարածել, դրանք ոչ միայն ապերախտ կենդանիներ չեն, այլ հակառակը՝ շատ աւելի երախտապարտ են՝ դրանց ապերախտ անւանող «մարդ» կոչւող արարածներից շատերից։

Միաժամանակ, խոստովանեմ, որ իմ անհատականութեան «տկար» կողմերի ամենախոցելին այն է, որ չափազանց զգացական եմ՝ որեւէ անարդարութեան ու հասարակական անողոք խտրականութիւնների նկատմամբ։ Եւ գուցէ հէնց այդ պատճառով էլ է, որ շուտ եմ պոռթկում ու շատ եմ «վայելում» անգործութեան «բարիք»–ները...
Մեր տան վերի յարկի աստիճաններին, կատուներ շատ են թափառում։ Այնտեղ ծծննդաբերում, ապրում, մեծանում ու դարձեալ ծծննդաբերում ու այսպէս շարունակ...Նրանցից իւրաքանչիւրն էլ ունեն իրենց անունները... Բայց ես չեմ կարող նրանց ոչ միայն քաղցած տեսնել, այլ տեսնել այն ինչերը, որոնց բազում ենք հանդիպում մեր հասարակութիւնների մէջ։
Դրանք առհասարակ փողոցներում են սնւում ու մի կերպ իրենց գլուխը պահում։ Բայց շատ յաճախ երբ փողոցից տան շեմքն եմ մտնում, դրանք իրենց քսմսում են ոտքերիս ու կարծես շնորհակալութիւն են յայտնում մի քանի անգամ կաթով ու կերակրով ու նոյնիսկ պարզ ջրով նրանց աջակցելու համար։
Ամառային մի տաք կէսօր էր, երբ դռան շեմքին հանդիպեցի Փիշուլի–ին, որ սաստիկ կաղելով փորձում էր քսւել ոտքերիս։ Դեղին ու սեւ ու ճերմակ խալերով այս փիսոյի, առջեւի ձախ ձեռքի թաթից արիւն էր հոսում։ Ու իմացայ, որ երեւի որեւէ դռան արանքը մնալով կորցրել է իր թաթն ու անպայման սաստիկ ցաւեր է համբերում...
Թէ՝ ի՜նչ ապրումներ ունեցայ, անասանելի է, սակայն ամենաանտանելին այն էր, որ անճարակութեամբ խորհում էի թէ՝ հիմա ի՞նչ պիտի անել, ո՞ւմ պիտի դիմել, ո՞վ է օգնելու, եւ առհասարակ նման դէպքերում՝ ո՞րն է «բուժօգնութեան» ծառայութիւնը...Հէնց այդ պահին էր, որ քանիերորդ անգամը լինելով՝ հեգնելով ծաղրեցի իմ անկեղծ զգացումները...
Աւելի քան մէկ տարի է անցնում այդ դէպքից, ու գրեթէ ամէն օր եմ տեսնում խեղճ Փիշուլի–ին, որ սրտաճմլիկ տեսարան դարձնելով սաստիկ կաղելով, փորձում է իմ քայլերի հետ համահաւասար աստիճանները վեր բարձրանալ ու ինձ ընկերակցել մինչեւ տան շեմքը։ Ու հէնց այդ պահերին էլ, երբ քայլերս դանդաղեցնում եմ, որպէսզի նա՝ Փիշուլիկը աւելի շատ ցաւերով չանհանգստանայ, նորից ու նորից սեփական «ինքս»՝ հեգնելով, ծաղրում է իմ անկեղծ զգացումները...
Ու մեծ հաւանականութեամբ, եթէ որեւէ անցորդ նոյն պահին կարողանայ վերծանել իմ միտքը, անտարակոյս ծաղրելու է թէ՛ իմ խիղճը ու թէ՛ հեգնանքի ու ծաղրի ենթարկւած զգացումներս...
Չգիտեմ ո՞րն է աւելի անկեղծ, խիղճս, թէ՝ զգացմուքնս... միթէ չէ՞ որ մէկը պատասխան պիտի գտնի այն անարդարութիւնների համար, որոնց կողքից անհոգ անցնում ենք գրեթէ ամէն օր։Բայց կարծես շատ եմ խրւել զգացումներիս անծայրածիր ովկիանոսի մէջ, ու հարիւրը բազմապատկած քանիերորդին անգամւայ համար «ինք»ս հեգնում է անկեղծ զգացումներիս։
Դեռ չեմ մոռացել այն պահը՝ երբ ութ ամեայ Սուրիկը մեռաւ գարաժի պատի փլատակների տակ՝ պարզ այն պատճառով, որ անհոգ անցորդները չմոտեցան նրան...
Չգիտեմ, այսպիսի պահեր, ունեցել էք թէ ոչ։
Եւ վերջապէս՝ ի՞նչքան են հարազատ Ձեր խիղճն ու «ինք»ը...

Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ

0 Պատգամ: