Թուրքիայի արտգործնախարար.– Ժամկէտների առումով ճնշում չպէտք է լինի

15:10 / 23.12.2009
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն, վերադառնալով Բրիւսելից, հանդէս է եկել 6 ուղերձով, որոնցից մէկը վերաբերւում է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման թեմային։ Թուրքական Hurriyet-ի թղթակից Զեյնափ Գիւրջանլը ներկայացնում է Դաւութօղլուի ուղերձները։
«Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւնների կեանքի կոչելը՝ մի գործընթաց է։ Այս տեսակ գործընթացներում բոլորը պէտք է դրական սցենարներով հանդէս գան։ Բացասական սցենարը ոչ ոքի օգուտ չի տայ։ Ոչ ոքի շահերից չի բխում վերադառնալ մինչ արձանագրութիւնների ստորագրման իրավիճակին։ Այստեղ ո՞րն է դրական սցենարը։ Դրական սցենարն է, որ արձանագրութիւնները կեանքի կոչւեն եւ Կովկասում կարգաւորման գործընթացը տեղի ունենայ։
Յարաբերութիւնների երկկողմ կարգաւորումը կապւած է Կովկասում իրավիճակի կարգաւորման հետ։ Մէջտեղում կայ 17 տարի ձգձգւած խնդիր։ Դա ներդաշնակ քաղաքականութիւն չէ։ Առանց դրա կարգաւորման՝ երկկողմ յարաբերութիւնների կարգաւորումը առողջ չի։ Մենք ցանկանում ենք, որ ամբողջ Կովկասը վերածւի խաղաղութեան եւ կայունութեան շրջանի։ Թուրքիա-Հայաստան սահմանը 20 տարի փակ է, սակայն մենք կրկին աշխատում ենք այդ խնդիրը լուծել։ Նոյն բարի կամքը, որ միւս խնդրում ներկայացւի՝ դա էլ մի ինչ որ աստիճանի կարող է գալ։ Մենք այս խնդիրը չենք դիտում, որպէս բացասական հեռանկար։ Դրական յարաբերութիւն ենք կառուցում։ Մինսկի խումբը լուրջ առաջընթացներ է գրանցել։ Բոլորս այս գործընթացը յայտնի մի կէտի հասցրեցինք։ Աթէնքի հանդիպումներն էլ դրական անցան։
Այս յարաբերութիւններում ժամանակի գործօնը չեմ դնում։ Ես տեսլականի գործօնն եմ դնում։ Թուրքիան եւ Հայաստանը պէտք է հաշւի առնեն միմեանց քաղաքական դիրքորոշումները։ Ես գործընթացը բաւական չեմ համարում։ Սա խաղաղութեան տեսլական է։ Բոլորը պէտք է հաշւի առնեն սա։ Ժամկէտների առումով ճնշում չպէտք է լինի։
Մեր երկրների եւ տարածաշրջանի ապագան չենք կարող թողնել լոբբիներին։ Դրանք մեր երկրների ղեկավարները կը լուծեն։ Պարոն Սարգսեանը, պարոն Գիւլը, պարոն Էրդողանը նոյն այս տեսլականով են առաջնորդւում։ Այդ քայլն էլ արել են»,-նշել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: