Հայաստանի ԱԳՆ.–
Հայաստանը պակաս պատճառներ չունի խօսել ինչ-որ նախապայմանների մասին
20:03 / 19.12.2009
Ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ աշխարհը, յատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն են խօսում Հայ-թուրքական յարաբերութիւնների եւ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորան միջեւ կապի բացակայութեան մասին: Այդ մասին թուրք լրագրողների հետ հանդիպմանը յայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդւարդ Նալբանդեանը:
Նրա խօսքով, իրար կապելով այդ երկու գործընթացները, մենք կարող ենք վտանգի ենթարկել երկուսն էլ: «Որքան էլ տարօրինակ է, հարկ է սպասել ինչ-որ բարի կամքի, քանի որ, յիշեցնեմ, այս տարւայ ընթացքում նման բարի կամք դրսեւորւեց ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Ադրբեջանի կողմից, նախագահների մակարդակով 9 հանդիպում է կայացել: Եթէ բարի կամք չլիներ, այդ 9 հանդիպումները չէին կայանայ»,- նկատեց նա:
Նախարարը յիշեցրել է, որ Աթէնքում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը հրապարկւել է 56 երկրների յայտարարութիւնը, որի տակ դրւած է նաեւ Ադրբեջանի ստորագրութիւնը: Յայտարարութեան մէջ խօսւում է դրական դինամիկայի մասին: «Այսինքն, եթէ Թուրքիան իսկապէս ցանկանում է օգնել Ղարաբաղի հարցի լուծմանը, կարծում եմ, ճիշտ կը լինի, որ չփորձի խառնւել կարգաւորման գործընթացին, քանի որ միջամտութիւնն աւելի շատ կը խանգարի, քան կօգնի գործըթնացին:
Եթէ իսկապէս ցանկութիւն չկայ խոչընդոտներ յարուցել Հայ-թուրքական կարգաւորմանը կամ ղարաբաղեան հարցին, պէտք չէ հանդէս գալ ինչ-ինչ պահանջներով կամ նախապայմաններով:
Հայաստանն ու Ղարաբաղն այն շահագրգիռ կողմերն են, կարելի է ասել՝ ամենաշահագրգիռը, որոնք ցանկանում են արագ լուծել հարցը խաղաղ ճանապարհով եւ բանակցութիւնների միջոցով»,- նկատել է նա:
Նախարարը նաեւ ափսոսանք է յայտնել, որ Թուրքիայից ժամանած լրագրողների մօտ երկու զուգահեռ գործըթնացների տպաւորութիւն է ստեղծւել: «Եթէ լիներ Ղարաբաղի հետ կապւած նախապայման, այս գործընթացը չէր սկսւի։ Գործընթացը սկսւել է այն հասկացողութեամբ եւ փոխըմբռնմամբ, որ այդպիսի կապակցւածութիւն չկայ։
Մինչեւ արձանագրութիւնների հրապարակումը ձեր մամուլում եղան յօդւածներ, թէ արձանագրութիւններում կայ Ղարաբաղեան խնդրի հետ կապւածութիւն, եւ այստեղ շատ հայ լրագրողներ՝ յղում կատարելով ձեր յօդւածներին, ասացին, թէ ահա ուրեմն կայ կապւածութիւն Ղարաբաղի խնդրի հետ։
Երբ որ հրապարակեցինք այդ փաստաթղթերը, ինչ-որ մարդիկ խոշորացոյցով տողերի տակ փնտրում էին Ղարաբաղի խնդրի հետ ինչ-որ կապւածութիւն եւ, չգտնելով կասկածելի ոչինչ, ամենաբարձր մակարդակով յայտարարեցին, թէ արձանագրութիւններում ոչ մի նախապայման չկայ։ Ի՞նչ կապակցութեան մասին կարող է հիմա խօսակցութիւն գնալ»,- նշեց նա՝ յաւելելով, թէ Հայաստանը ոչ պակաս պատճառներ ունի ինչ-որ նախապայմանների կամ կախւածութեան մասին խօսելու:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: