ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԵՒԵՐԱՆՍՆԵՐԸ
Չնայած Վրաստանի ու յատկապէս այդ երկրի նախագահի պարագայում լաւ չէ Ռուսաստանի մասին նշելը, սակայն ռուսները լաւ են ասում, երբ ասում են, թէ ամէն մէկը խօսում է իր ցաւօտ տեղից:
Ու այն, որ ռուսաստանեան լրատւամիջոցին տւած հարցազրոյցում մտքերի մեծ մասն այդպէս էլ անաւարտ թողած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չէր կարող Լեռնային Ղարաբաղի հարցով այլ բան ասել, քան հաճելի լինելը Ադրբեջանին, բնաւ էլ զարմանալի չէ, քանի որ Վրաստանն ինքը Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի հարց ունի, որն ուժով լուծելու նրա փորձը դաս կարող է լինել ողջ Կովկասի համար:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պէտք է լուծւի Ադրբեջանի պետական ինքնիշխանութեան յարգման հիման վրայ», «Էխօ Մոսկվի» ռադիոկայանին տւած հարցազրոյցում յայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Գոյութիւն ունի խնդիրների լուծման մէկ բաղադրատոմս` ուղիղ բանակցութիւններ երկրների միջեւ միջազգային իրաւունքի հիման վրայ, այդ թւում` իրենց բնակութեան վայրեր մարդկանց վերադառնալու իրաւունքի եւ պետական ինքնիշխանութեան», նշել է, ամենայն հաւանականութեամբ, Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի խնդրի լուծումը այդպիսին տեսնելու ցանկութիւն ունեցող Սաակաշվիլին:
Վրաստանի նախագահի խօսքերով, ԼՂ հարցը բարդ է ու խնդրի գլխաւոր բանալին Ռուսաստանն է: «Որպէսզի վիճակը լաւանայ, երկրները պէտք է խօսեն, ժողովուրդները շփւեն, ու այդ առումով բանակցութիւնները, որ ընթանում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, պէտք է կոորդինացւեն Ադրբեջանի հետ», նշել է վրաց նախագահը այնպիսի մօտեցմամբ, կարծես մոռացել է աւելացնել, թէ կոորդինացնեն անելիքը նաեւ Վրաստանի հետ, ասել է, թէ հաշւի նստեն վերջինիս հետ:

Ա. Հ.

«ԱԶԳ»

0 Պատգամ: