Վարչապետի 1919 թւականի նամակում Հայաստանը նկարագրւում է որպէս թշւառ, բայց և յոյսով լեցուն


Յարութ Սասունեան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
և խմբագիր
Թարգմ. Ռ.Աւագեան

Այսօր՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի, հակամարտութիւնների և պատերազմների ժամանակաշրջանում, մեծ թւով մարդիկ արդարացիօրէն յուսալքւած ու ընկճւած են վատ լուրերի տարափից: Հայաստանն ու հայերը բացառութիւն չեն:

2010 թւականի շէմին, երբ հայերը գնահատում են իրենց սեփական իրավիճակը, շատ ուսանելի կը լինի նրանց համար մի հետադարձ հայեացք գցել 1918-20 թթ. նորանկախ Հայաստանում տիրող անտանելի պայմաններին: Երբ ընթերցում ես Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունու՝ 1919 թւականի Յունւարին Թիֆլիսում գտնւող կնոջն ուղղւած սրտառուչ նամակը, պարզ է դառնում, որ կեանքն արդի Հայաստանում՝ բացառութեամբ որոշ նմանութիւնների, ամբողջովին տարբերւում է Առաջին Հանրապետութեան կեանքից:
Նամակը գրւել է Հայաստանի անկախութեան ձեռքբերումից շատ չանցած, երբ ընչազուրկ, ցեղասպանութիւնից մազապուրծ, սովից ու հիւանդութիւններից մեռնող հայերն անպաշտպան էին ցրտի ու սառնամանիքի պայմաններում, առանց տաք հագուստի ու ապաստանի: Վարչապետի նամակը համոզիչ մի փաստաթուղթ է, որն այսօր էլ հայերի համար արժէքաւոր դասեր է պարունակում իր մէջ: Ձեր ուշադրութեանն եմ ներկայացնում հատւածներ այդ ծաւալուն նամակից:
Քաջազնունին նամակը սկսւում է իր տառապալից հոգեվիճակի նկարագրութեամբ. «Աչքերիս առաջ տեսնում եմ այն ժողովուրդը, այն հարիւր հազարաւոր մարդիկ, որոնց կառավարելը ինձ է վիճակւած - յիշում եմ, մտածում և խելագարւում եմ ցաւից ու կսկիծից»:
Վարչապետը սրտաճմլիկ մանրամասներով նկարագրում է իր ժողովրդի թշւառ վիճակը, թէ ինչպէս «ժողովուրդը հասել է ծայր աստիճան թշւառութեան, ժողովուրդը հոգէվարքի մէջ է, հաց չունենք ուտելու, անօթի ենք, տուն չունենք ապրելու, մեր գիւղերը քանդւած ու աւերած են, այս ձմեռ ժամանակ մնացել ենք բացօդեայ, փլատակների ու քարերի տակ, շոր չունենք հագնելու, մերկ ենք, սառում ենք ցնցոտիների մէջ, ուժասպառ ենք, հիւանդ, մահամերձ հիւանդ: Բծաւոր տիֆը այնպիսի ծաւալ է ստացել, որ ստատիստիկան չի յիշում անցեալներում: Երևան քաղաքում, որ ունի 60-65 հազար ազգաբնակչութիւն, այսօր աւելի քան 2000 հիւանդ կայ, 30 մարդուց մէկը պառկած է՝ հիւանդ բծաւոր տիֆով: Բժիշկներ չունենք, ֆելդշերներ չունենք, եղածներից կէսը հիւանդ պառկած է կամ մեռած, հիւանդանոցներ չունենք, դեզինֆեկցիայի միջոցներ չունենք, վառելիք չունենք, որ բաղնիքները տաքացնենք, մարդկանց լողացնենք, ոջիլներից ազատենք, սապոն չունենք, որ լւացք անենք, փող չունենք, մեր փողերը վրացիք ձերբակալել են Թիֆլիսում, հաղորդակցութեան միջոցներ չունենք, երկաթուղային գիծը աւերւած է ... ֆուրգոններ և սայլեր չենք կարող բանեցնել, որովհետև ձիերը սատկում են անօթութիւնից, իսկ եզները մորթում են ուտելու համար»։
Քաջազնունին համարում էր, որ ծայրայեղ թշւառութեան մէջ յայտնւած հայերը կարող էին գոյատևել միայն դժւարութիւնները դիմակայելու իրենց անսահման տոկունութեան շնորհիւ. «Մեր զօրքերը, որ Լոռիում այդպէս քշեցին վրացիներին, մերկ են ու քաղցած: Պետական որբանոցներում տասը հազարից աւելի որբ ունենք, որոնց կիսաքաղց գոյութիւնը պահպանելու համար գումար չունենք: Մօտ 300 հազար տնաւէր գաղթականութիւն ունենք, որոնք մեռնում են մեր աչքի առաջ, և որոնց ոչ մի օգնութիւն չենք կարող անել: Պետական մեխանիզմը չենք կարող կարգի բերել, որովհետև միջոց չունենք վարձատրելու: Ընդհանուր թշւառութեանը աւելանում է նաև կաշառակերութիւն, գողութիւն, թալան, աւազակութիւն, շանտաժ, որոնց դէմ հնար չունենք կռւելու»:
Շարունակելով նամակը, նա նկարագրում է այն բարդութիւնները, որոնք ծագել էին վրացիների ու թուրքերի հետ բախումներից: Նա նշում է, որ «մինչ Հայաստանն ամէն կերպ աշխատում էր խոյս տալ պատերազմից, մենք չենք կարող ամէն տեղ զիջել, ամէնքի առաջ խոնարհւել, համբերել ու յետ նահանջել, որովհետև դրանով մեծապէս վտանգում ենք մեր պետութեան ապագան, մեր քաղաքական դրութիւնը, մեր ինքնուրոյնութիւնը, մեր ազատութիւնը - այն ամէնը, որի համար այդքան ահռելի զոհեր ենք տւել, այդքան գերմարդկային ճիգեր ենք թափել, դարերով և սերունդներով ապրել ենք, միւս կողմից ուժասպառ ենք այն աստիճան, որ ի վիճակի չենք շարունակել կռիւը, դիմադրել, դիմանալ, նոր զոհաբերութիւններ անել, իսկ արտաքին օգնութիւնը (Ամերիկայի կամ Անգլիայի կողմից), որի վրայ դրել ենք մեր ողջ յոյսը, դանդաղում է, չի արտայայտում իրեն շոշափելի ձևով»:
Այնուհետև Վարչապետը գանգատւում է կառավարութեան պաշտօնեաների, այդ թւում՝ իր «տաղանդի և փորձառութեան պակասութիւնից» և տրտնջում «ներքուստ անհամաձայնութիւնից, անվստահութիւնից, անտագոնիզմից, նոյնիսկ փոխադարձ ատելութիւնից»: Նա նկարագրում է կաբինետի իւրաքանչիւր նախարարի թերութիւնները, անգամ մեղադրում նրանցից մէկին, ով միայն իր սեփական շահի մասին է մտածում: Նրա մի քանի նախարարներ և գլխաւոր օգնականներ կամ լուրջ հիւանդութիւններով գամւած էին անկողնուն կամ էլ կարճատև ուղևորութեան էին մեկնել երկրից, սակայն շաբաթներ անց չէին վերադարձել: Այնուհետև նա յուսահատօրէն անդրադառնում է իր կառավարութեան սնանկ կարգավիճակին. «Պետական սնդուկը դատարկ է ... մեր փողերը մնացել են Թիֆլիս, վրացիների ձեռքում, իսկ որբերին պէտք է պահել, քաղցածներին պէտք է հաց բաժանել, հիւանդներին պէտք է բժշկել, ծառայողներին պէտք է ռոճիկ տալ, բայց որտեղի՞ց տանք: Որ մտածում եմ, գլուխս պտոյտ է գալիս»:
Նամակի վերջում Քաջազնունին յուսադրում է ինքն իրեն, որ արշալոյսը մօտ է: Նա կոչ է անում հայերին. «դիմանալ, հաւաքել ուժերի ամբողջ մնացորդը, վերջին ճիգը անել և ոտքերի վրայ կանգնած մնալ: Որովհետև այսքան զոհ տւել ենք արդէն, այսքան արիւն թափել, այսքան տներ աւերել, այսքան վառ օջախներ հանգցրել, պետք է, որ այս բոլորը գտնի իր վարձատրութիւնը: Ոչ մեզ համար, այլ մեր որդկերանց համար, թէկուզ էլի 10 հազար մարդ կոտորւի, ես էլ նրանց հետ, բայց գոնէ նրանք, որոնք ողջ կը մնան, մի օր կը տեսնեն, ազատ շունչ քաշեն, մարդավայել կեանքով ապրեն: Եւ այդ կը լինի, այդ մօտ է լինելու»:
Անհաւատալի է, սակայն չնայած ահռելի դժւարութիւններին, Քաջազնունին տեսնում է պայծառ ապագայ. «Հինգ տարի առաջ Հայաստանը լոկ աշխարհագրական տերմին էր, իսկ իբրև քաղաքական միաւոր՝ հեռաւոր երազ էր, որի մասին ամենահանդուգն մտքերն անգամ չէին համարձակւում բարձր խօսել: Այսօր Հայաստանի Հանրապետութիւնը փաստ է արդէն: Թող որ այդ հանրապետութիւնը փոքր ու աղքատ լինի, թող ժողովուրդը ենթարկւած լինի սովի ու համաճարակի, դա անցողակի բան է: Փաստը արդէն կատարւել է, և չկայ աշխարհիս երեսին այն ուժը, որ կարողանայ բնաջինջ անել պատմութեան էջերից կատարւած փաստը: 500 տարի ստրուկ լինելուց յետոյ, մի ժողովուրդ վերածնւում է ազատ և ինքնուրոյն կեանքի համար»:
Այնուհետև Հայաստանի առաջին վարչապետը հպարտօրէն պատմում է Հանրապետութեան հաստատման, նրա տարածքների ընդլայնման և թուրքական զօրքերը դուրս քշելու մասին: «Մեծ տերութիւնները պաշտօնական յարաբերութիւնների մէջ են մեզ հետ, մեզ մօտ ներկայացուցիչներ են ուղարկում, մեզ թղթեր են գրում, ուղղւած Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը, մինիստր-նախագահին, արտաքին գործերի մինիստրին»:
Ինչ խօսք, այսօրւայ Հայաստանում իրադրութիւնն անհամեմատ աւելի բարւօք է, քան Քաջազնունու ժամանակաշրջանում, վերջիվերջոյ անցել է աւելի քան 90 տարի, և անկասկած հայ ժողովուրդն արժանի է աւելի բարձր կենսամակարդակի, սակայն դեռևս բնակչութեան մեծ մասը կարիքի մէջ է:
Ի հեճուկս տնտեսական դժւարութիւնների ու արտաքին սպառնալիքների, հայերի գոյատևելու ձգտումն արմատաւորւած է նրանց ԴՆԹ-ում: Հազարամեակներ շարունակ նրանք տառապել են բազմաթիւ նւաճումներից, թալանից, պատերազմներից, ջարդերից, անգամ ցեղասպանութիւնից, սակայն դիմակայել են: Այսօրւայ դժւարութիւնները ևս կանցնեն ... Հայերը ոչ միայն կը գոյատևեն, այլև կը բարգաւաճեն:

0 Պատգամ: