Սերգէյ Լաւրով.–
«Արհեստական նախապայմաններ առաջ
քաշելը սխալ է»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը պատասխանում է լրագրողների հարցերին,
Երեւան, 14-ը յունւարի, 2010թ.


Ռուբէն Մելոյեան
Ռուսաստանը որեւէ կապ չի տեսնում Հայ-թրքական յարաբերութիւնների կայունացման գործընթացի եւ Ղարաբաղեան հակամարտութեան միջեւ, Երեւանում հինգշաբթի օրը յայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը։
«Փորձել արհեստականօրէն իրար կապել այս երկու հարցերը, կարծում եմ, կոռեկտ չէ։ Մենք ընդունում ենք, որ երկու գործընթացներն էլ արժանի են աջակցութեան, սակայն արհեստական նախապայմաններ առաջ քաշելը սխալ է», - Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ մէկուկէս ժամ տեւած բանակցութիւնների աւարտին կայացած ասուլիսում նշեց Սերգէյ Լաւրովը։
Երկուշաբթի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երկօրեայ այցով ժամանել էր Մոսկւա՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հրաւէրով։ Երկու վարչապետերը երկկողմ յարաբերութիւններից բացի քննարկել են նաեւ Ղարաբաղեան խնդրի կարգաւորումն ու Հայ - թրքական յարաբերութիւնների բարելաւման հարցը:
Այդուհանդերձ, Ռուսաստանի արտգործնախարարը վստահեցրեց, որ իր այցը Երեւան նախօրոք ծրագրւած էր եւ որեւէ կերպ կապւած չէ Թուրքիայի վարչապետ Էրդողանի Մոսկւա կատարած այցի հետ։ Սերգէյ Լաւրովը յաւելեց, թէ չի կարող ասել, որ Հայաստանի արտգործնարարի հետ մանրամասն քննարկել է Հայ-թրքական յարաբերութիւնների թեման, քանի որ դա այդ երկու երկրների գործն է։
«Այլ հարց է», - նշեց Ռուսաստանը արտաքին գերատեսչութեան ղեկավարը, - «որ որքան արագ կարգաւորւեն յարաբերութիւնները, այնքան լաւ կը լինի ողջ տարածաշրջանի համար»։
Մոսկւան պատրաստ է աջակցել գործընթացին` տարբեր ենթակառուցւածքային ծրագրեր իրականացնելու միջոցով, որոնցում շահագրգռւած են Հայաստանը եւ Թուրքիան։
«Դա կարող է լինել ե՛ւ էլէկտրաէներգիայի մատակարարում Հայաստանից Թուրքիա, ե՛ւ երկաթուղային հաղորդակցութեան վերականգնում։ Այնպէս որ, երբ եւ եթէ կողմերը պատրաստ լինեն, Ռուսաստանը ուրախ կը լինի գործընթացին իր ներդրումը բերել», - ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը։
Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը յայտարարեց, թէ հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնները նոյն ամսին ուղարկւել են Հայաստանի խորհրդարան, իսկ երկրի Սահմանադրական դատարանը այս շաբաթ դրանց վերաբերեալ դրական եզրակացութիւն է կայացրել:
«Սա լուրջ ազդանշան էր Թուրքիային, որ պէտք է կատարել ստանձնած պարտաւորութիւնները», - յայտարարեց Նալբանդեանը: - «Չէի ցանկանայ տպաւորութիւն ունենալ, թէ Թուրքիան միտումնաւոր կերպով արգելափակում է վաւերացման գործընթացը»:
Ինչ վերաբերում է Ղարաբաղեան հակամարտութեանը՝ Սերգէյ Լաւրովի խօսքով, Ռուսաստանը որեւէ շահ չի հետապնդում, բացի «խաղաղ պայմանագրի՝ երկուստէք ընդունելի սկզբունքներ մշակելուն աջակցելուց»:
«Մենք ելնում ենք նրանից, որ պայմանագրի մշակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչութեան դիրքորոշումը չի կարող հաշւի չառնւել», - յաւելեց Լաւրովը:
Այսօր յայտնի դարձաւ, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրաւէրով յունւարի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը կը մեկնի Մոսկւա: Այցի ընթացում, ինչպէս «Ազատութիւն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի նախագահի խօսնակ Սամւէլ Ֆարմանեանը, հնարաւոր է, որ քննարկւի նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման հարցը:
Ֆարմանեանը նաեւ հերքեց տեղեկութիւնը, թէ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման «Մադրիդեան սկզբունքների» վերանայւած տարբերակն արդէն ներկայացւել է պաշտօնական Երեւանին:


«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: