ՂԱԶԱՖԻԻ ՈՐԴԻՆ ՆՒԱՃՈՒՄ Է ՀՈԼԻՎՈՒԴԸ


Լիբիայի առաջնորդ Մուամմար Ղազաֆիի որդի Սաադի Ղազաֆին մուտք է գործել հոլիվուդեան կինոարտադրութիւն: Նա ֆինանսաւորել է իր առաջին կինոնկարը, որտեղ նկարահանւել են օսկարակիր դերասաններ Էդրիեն Բրոդին և Ֆորեսթ Ուիթաքերը:
Ղազաֆիի ֆինանսաւորած կինոնկարը կոչւում է «Փորձ». այն գերմանական թրիլերի ռիմէյք է և կը թողարկւի մինչև տարէվերջ: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը: Նշենք, որ Սաադի Ղազաֆին Natural Selection հոլիվուդեան ընկերութեան բաժնէտոմսերի գլխաւոր սեփականատէրն է:
Ղազաֆիի մուտքը կինոարտադրութիւն Հոլիվուդում դիտարկում են որպէս լուրջ ֆինանսական օգնութիւն, ինչի կարիքն այսօր զգում է Հոլիվուդը: Նշենք, որ «Փորձ» կինոնկարի բիւջէն կազմել է 12 միլիոն դոլար: Այժմ կինոընկերութիւնը զբաղւած է երկրորդ՝ «Մեկուսացում» ֆիլմի արտադրութեամբ, որտեղ հանդէս է եկել օսկարակիր դերասանուհի Սիւզան Սարանդոնի դուստր Եւա Ամուրին:
Natural Selection ընկերութեան գլխաւոր գործադիր տնօրէն Մեթի Բեքերմանը նշել է, որ Սաադի Ղազաֆիի հետ ծանօթացել է անցեալ տարի՝ Մերձաւոր Արևելք կատարած ճանապարհորդութեան ժամանակ: Նրանց հանդիպումը վերածւել է գործընկերութեան, քանի որ ըստ Բեքերմանի՝ Ղազաֆին իսկական «կինոսիրահար» է:
Բեքերմանը կարծում է, որ Ղազաֆիի հոլիվուդեան ներդրումները կարող են իրարամերժ արձագանքներ յարուցել՝ հաշւի առնելով Լիբիայի և Արևմուտքի միջև փոխ–յարաբերութիւնները: Մինչդեռ իրենք պարզապէս փորձում են լաւ կոմերցիոն արտադրանք ապահովել, որը կապ չունի քաղաքականութեան հետ:

«Կապիտալ»

0 Պատգամ: