ԵՐԳԻՉՆ ԱՆԳԱՄ ՅԱՅՏ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ


Արդէն յայտնի են «Եւրատեսիլ-2010»-ի հայաստանեան նախընտրական փուլի 10 մասնակիցների անունները: Նրանց մէջ չկայ երգիչ Տիգրան Պետրոսեանի անունը, որը նոյնիսկ մասնակցութեան յայտ այս տարի չի ներկայացրել: Նա նախորդ տարի մասնակցել էր «Եւրատեսիլ 2009-ի» նախընտրական փուլին: Ինչո՞ւ երգիչն այս տարի հրաժարւեց մասնակցել: «Շատ անհեթեթ մրցոյթ է: Հայաստանում այն այնքան էլ ճիշտ չի անցկացւում: Եթէ արդէն որոշւած է ով է գնալու, ապա աւելորդ է ասելը, թէ այսքան մասնակիցներից անցաւ այս մէկը:
Ես ինձ շատ եմ մեղադրում` մտածելով որ ընդհանրապէս չպէտք է մասնակցէի նախընտրական փուլին: Ուղղակի իմ մէջ մի ցանկութիւն էր առաջացել` երգել այդ հրաշալի բեմում: Ես այլևս յայտ չեմ ներկայացնի»,-ասաց նա: «2009-ին համոզւած էի, որ յաղթելու եմ, բայց այդպէս չեղաւ, որից մեծ ցաւ ապրեցի: Մէկընդմիշտ որոշել եմ, որ երբէք չեմ մասնակցի որպէս սոլիստ, իսկ որպէս բեք վոկալ, ինչպէս արդէն գնացել եմ, այդպէս պատրաստ եմ գնալ»,- շարունակեց Տիգրան Պետրոսեանը:
Ի դէպ, վերջերս երգիչը նկարահանել է մի նոր տեսահոլովակ ‹‹Կը գամ›› երգի հիման վրայ: Երգը գրել է Հայկոն, տեքստի հեղինակն է Վարդան Զադոեանը, իսկ տեսահոլովակի մտայղացումը նկարիչ-դիզայներ Նուռինն է : Տեսահոլովակը նկարահանւել է Երեւանում և Իջևանում: «Տեսահոլովակը շատ երկար նկարահանւեց, մօտ մէկ տարի, բաւականին աշխատատար էր, ամէն եղանակի նկարահանումներ ենք ունեցել, որի ընթացքում այնքան եմ քայլել, որ երևի ամբողջ կեանքումս այդքան չէի քայլել»,- պատմում է Տիգրան Պետրոսեանը:
Երգիչը պատրաստւում է նաև թողարկել իր թւով երկրորդ ձայնասկաւառակը: «Գրեթէ կէսն արդէն պատրաստ է: Այն լինելու է իմ ոճի մէջ` այնպիսին ինչպիսին առաջինն էր, պարզապէս մի փոքր ռիթմիկ է»: Ձայնասկավառակը կոչւում է «Կը գամ»:Տեղեկացնենք, որ շուտով տեսահոլովակ կը նկարահանւի նաև «Խանդ» երգի հիման վրայ: «Երգի հեղինակը ես եմ և Աւետ Բարսեղեանը: Տեսահոլովակում նկարահանւելու է դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինէ Յարութիւնեանը: Տեսահոլովակի մտայղացման հեղինակը կրկին Նուռն է»,- ասաց Տիգրան Պետրոսեանը:


«Ա+1»

0 Պատգամ: