ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է. ԱՅՆՈՒԱՄԷՆԱՅՆԻՒ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԻՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է
2010թ. փետրւարի 1-ի դրութեամբ ՀՀ տարածքում սուր-շնչառական վիրուսային հիւանդութիւնների ամէնօրեայ դիտարկումների արդիւնքներով՝ գրիպը նւազել է աւելի քան հինգ անգամ, պակասել են շտապօգնութեան կանչերը, յատկապէս՝ AH1N1 նոր տեսակի գրիպի առումով։
Օդային եւ սահմանային անցակէտերում շարունակւում է հսկողութիւնը ուղեւորների նկատմամբ։ Կանանց կոնսուլտացիաներից, առողջութեան պահպանման առաջնային օղակներից, բուժկանխարգելիչ հաստատութիւններից ստացւած տեղեկութիւններն ուսումնասիրւում են ամէն օր։ Յղիների շրջանում նոր տեսակի գրիպի դէպքեր չեն արձանագրւել։
ՀՀ առողջապահութեան նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրել է չթուլացնել հսկողութիւնն ինչպէս կրթօջախներում, այնպէս էլ օդային եւ սահմանային անցակէտերում։ Նոյնպիսի հրահանգ է տւել նաեւ ԼՂՀ առողջապահութեան նախարարը։ ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչութեան պետ Օֆէլեա Յարութիւնեանի տեղեկատւութեամբ՝ AH1N1 գրիպի Յունւարի 13-ին արձանագրւած 8 դէպքից յետոյ մինչ այսօր նոր դէպքեր չեն գրանցւել։ Բոլոր 8 վարակւածներն էլ առողջացել ու դուրս են գրւել։ Մահացութեան դէպքեր չեն եղել։
Ինչպէս ՀՀ-ում, այնպէս էլ ԼՂՀ-ում շարունակւում է վարակի ներբերման եւ տարածման կանխարգելմանն ուղղւած համաճարակային միջոցառումների իրականացումը։ Հանրապետութեան բոլոր բուժհաստատութիւններում կարանտինը դեռեւս պահպանւում է։ Դեկտեմբեր ամսում ԼՂՀ առողջապահութեան նախարար Ա. Խաչատրեանի համապատասխան հրամանով հանրապետութեան բոլոր բուժհիմնարկներում մինչեւ Յունւարի 11-ը, բացառութեամբ անյետաձգելի դէպքերի, դադարեցւել էին պլանային վիրահատութիւնները։ Ներկայումս բոլոր բուժհիմնարկներում վերսկսւած են այդ վիրահատութիւնները՝ ապահովւած անհրաժեշտ հակավիրուսային դեղօրայքով։
Կատարւում են ամէնօրեայ դիտարկումներ, յատկապէս նախադպրոցական եւ դպրոցական հաստատութիւններում։ Ինչպէս մեզ իրազէկեց ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչութեան գլխաւոր մասնագէտ, համաճարակաբան Կարինէ Բալայեանը, փետրւարի 1-ի դրութեամբ ԼՂՀ դպրոցներում գրանցւել է 610 բացակայ, որից 178-ը՝ սուր վերին շնչառական ուղիների եւ սեզոնային գրիպի հիւանդութիւնների պատճառով։
Մանկապարտէզներում արձանագրւել է 155 բացակայ, որից 38-ը՝ նոյն հիւանդութեան պատճառով։ Մասնագէտների խօսքերով՝ ծանր դէպքեր չեն եղել։ Դպրոցներում իւրաքանչիւր օր գրանցւած բացակայութիւնների տւեալները յայտնում են մանկական կոնսուլտացիայի բաժանմունք, այնուհետեւ՝ նախարարութիւն։ Շրջաններից նոյնպէս ամէն օր մինչեւ ժամը 5-ը նախարարութիւնը ստանում է հիւանդութեան դէպքերի, հոսպիտալացւածների եւ դուրս գրւած հիւանդների վերաբերեալ ամենօրեայ տեղեկատւութիւն։ Տեսչութեան մասնագէտների պարզաբանմամբ՝ իրավիճակը կայուն է, ծանր դէպքեր չեն գրանցւել։
Սեզոնային գրիպով եւ սուր-շնչառական հիւանդութեամբ մայրաքաղաքում հոսպիտալացւել է 20 հոգի, որից 17-ը՝ երեխաներ։ Գրանցւած հիւանդներից 7-ը ստանում է «Տամիֆլիւ» դեղամիջոցը։ Հոսպիտալացւած 20 հոգուց 17-ը գտնւում են «Արեւիկ» մանկական բուժմիաւորման հիւանդանոցում, երկուսը՝ Ք. Քոքսի անւան վերականգնողական կենտրոնում, մէկը՝ հանրապետական հիւանդանոցում։ Շրջաններում ներկայումս հոսպիտալացման դէպքեր չկան։
Հիւանդութեան ուղղութեամբ հանրապետութիւնում անց են կացւել սեմինար-խորհրդակցութիւններ թէ՛ ուսումնական եւ թէ՛ այլ հաստատութիւններում։ Օ. Յարութիւնեանի խօսքերով՝ չնայած սուր վերին շնչառական հիւանդութիւնների եւ սեզոնային գրիպի առումով իրավիճակը կայուն է եւ աճ չի նկատւում, այնուամենայնիւ, վերահսկողութիւնը շարունակւում է։ Իսկ քանի որ ներկայումս չկայ իւրայատուկ պատւաստանիւթ նոր տեսակի գրիպի վարակի կանխարգելման համար, ապա հիւանդներին հիմնականում նշանակում են սեզոնային գրիպի դէմ պատւաստանիւթեր, որով էլ ապահովւած են հանրապետութեան բուժհիմնարկները։
ԼՂՀ առողջապահութեան նախարարութիւնը կրկին հորդորում է բոլորին՝ պահպանել հիգիենայի տարրական կանոնները, շարունակել օգտւել կանխարգելման միջոցներից։
Զարինէ ՄԱՅԻԼԵԱՆ

0 Պատգամ:
Post a Comment