ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՄՆ ԿՈՆԳՐԷՍՈՒՄ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի Հայոց Ցեղասպանութեան մասին թիւ 252 բանաձեւը քւէրակութեան դնելու մասին որոշումն ազդակ է Թուրքիայի համար, որպէսզի այն առաւել ակտիւ գործի Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործում:
Այդ մասին ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, Ռուբէն Սաֆրաստեանի հետ համատեղ մամլոյ ասուլիսում յայտարարել է «Նորավանք» հիմնադրամի ղեկավար Գագիկ Յարութիւնեանը: «Թէեւ ընդունւած է ասել, որ Կոնգրէսը չի ճանաչում բանաձեւը, սակայն ես կարծում եմ, որ վաղ թէ ուշ ԱՄՆ-ն աւելի լուրջ կը մօտենայ այդ հարցին»,-ասել է «Նորավանք» հիմնադրամի ղեկավարը: Իր հերթին Ռ.Սաֆրաստեանն ասել է, որ հնարաւոր է այս անգամ ԱՄՆ-ի քաղաքական վերնախաւն առաւել յստակ ձեւակերպի Ցեղասպանութեան մասին բանաձեւը: Ընդ որում, նա նշել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմում այնպիսի մարդիկ կան, որոնք միշտ կողմ են եղել Ցեղասպանութեան ճանաչմանը: «Սա լաւ նախադրեալ է բանաձեւը ճանաչելու համար»,-ասել է Ռ.Սաֆրաստեանը:
Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւը ներկայացւել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրէսում 2007թ. Յունւարի 31-ին Կալիֆորնիայից ընտրւած դեմոկրատ-կոնգրէսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի յանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դէմ» ձայների յարաբերակցութեամբ հաւանութիւն տւեց թիւ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետօ դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քւէարկութեան վրայ: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացւեց Կոնգրէսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիւ 252 բանաձեւն արդէն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում:
Նմանատիպ բանաձեւ է ներկայացւել նաեւ Սենատում: Հայոց Ցեղասպանութիւնը, որն իրագործւել է Օսմանեան կայսրութիւնում 1915-1923թթ., 20–ր դարի առաջին ցեղասպանութիւնն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանութեան ժամանակ ոչնչացւեց վեց հայկական վիլայեթների բնակչութիւնը` շուրջ 1,5 միլիոն Հայ: Եւս կէս միլիոնը սփռւեց աշխարհով մէկ` սկիզբ դնելով հայկական Սփիւռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց Ցեղասպանութեան պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականութիւն: Թուրքական պետութեան գործողութիւնները ներկայացւում են որպէս «բռնագաղթ»` հայերի անվտանգութիւնն ապահովելու նպատակով: Հայոց Ցեղասպանութեան ճանաչման անհրաժեշտութեան մասին խօսում են միայն առանձին թուրք մտաւորականներ, որոնց թւում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելեան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
«Փանարմէնիան»

0 Պատգամ:
Post a Comment