Ահմեդ Դաւութօղլու.– Վաշինգտոնը կարող է ձախողել Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը


14:01 / 08.02.2010
Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է խօսել ճնշման լեզւով: Այդ մասին յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրէսում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցի առաջիկայ քննարկումը, հաղորդում է «Hurriyet» թերթը:
Նրա կարծիքով, փաստը, որ հարցը կրկին յայտնւել է օրակարգում հէնց այսօր, պատահական չէ. «Քաղաքականութեան եւ դիւանագիտութեան մէջ ես պատահականութիւնների չեմ հաւատում»: Կոնգրէսի որոշումը, ըստ Դաւութօղլուի, ճնշման տարր է, բայց «բոլորն էլ պէտք է հասկանան, որ Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է խօսել ճնշման լեզւով»:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խօսքով, այդ ամէնը մէկ շղթայի օղակն են. «Նախ Հայաստանի Սահմանադրական դատարանն է ընդունում որոշում, որը լիովին հակասում է ստորագրւած արձանագրութիւնների ոգուն, ապա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը ապակառուցողական մօտեցում է ցուցաբերում Սոչիում Ղարաբաղի հարցով բանակցութիւններին, այժմ էլ ԱՄՆ Կոնգրէսում այսպէս կոչւած „Ցեղասպանութեան“ ճանաչման վերաբերեալ քննարկումների օրն է նշանակւում»:
«Մենք, երբ ստորագրում էինք Հայաստանի հետ արձանագրութիւնները, քաղաքական կամք դրսեւորեցինք եւ մերձեցման գնացինք այդ երկրի հետ: Պէտք չէ մեզ սպառնալ ապրիլի 24-ով, եթէ ինչ-որ մէկը ցանկանում է ճնշում գործադրել մեզ վրայ, դա անյոյս գործ է»,- յայտարարել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիան ինքնաբաւ երկիր եւ որոշումներ է ընդունում՝ ելնելով իր ազգային շահերից:
Իսկ եթէ Միացեալ Նահանգները դիմեն նման միջոցների, Հայ-թրքական մերձեցման գործընթացը կը ձախողւի. «Դա ո՛չ Վաշինգտոնի շահերից է բխում, ո՛չ Երեւանի, ո՛չ Անկարայի: Ուստի ԱՄՆ-ը պէտք է աւելի ուշադիր մօտենայ այդ հարցին, այլ ոչ թէ խանգարի աւելորդ ջանասիրութեամբ»:
«Ինչպէս յոյներն են պարբերաբար բարձրացնում հին խնդիրները ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովներից առաջ, այնպէս էլ հայերն են ամէն ապրիլի 24-ից առաջ բարձրացնում „Ցեղասպանութեան“ հարցը»,- ամփոփել է Դաւութօղլուն:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: