Սերժ Սարգսեանը բացառում է արձանագրութիւնների վաւերացման «տապալումը» Հայաստանում


10.02.2010
Լուսինէ Գրիգորեան,
Լոնդոն
«Որպէս Հայաստանի խորհրդարանական մեծամասնութեան ղեկավար, վերահաստատում եմ, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրութիւնները վաւերացնելուց յետոյ, բացառւում է ՀՀ-ում դրանց տապալումը»։
Յայտարարեց նախագահ Սերժ Սարգսեանը չորեքշաբթի օրը Լոնդոնի` Միջազգային յարաբերութիւնների թագաւորական ինստիտուտում ունեցած ելոյթի ժամանակ: Մօտ մէկ ժամ տեւած ելոյթում նախագահը խօսեց Հարաւային Կովկասի անվտանգութեան խնդիրների, մասնաւորապէս, Հայ-թրքական եւ Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին:
Նա նշեց, որ վերջին մէկ տարում Հայաստանն ու Թուրքիան առաջընթաց են արձանագրել յարաբերութիւնների կարգաւորման հարցում, եւ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների սահմանների բացմանը: Սերժ Սարգսեանն անգամ պատրաստակամութիւն յայտնեց հրաւիրել Իլհամ Ալիեւին` Հայ-թրքական սահմանի բացմանը:
Նախագահը յայտարարեց, որ ելոյթից յետոյ իր աշխատակիցներին հրահանգելու է արձանագրութիւնների փաթեթն ուղարկել Ազգային ժողով` վաւերացման գործընթացը սկսելու համար: «Բայց եթէ հաստատւեն կասկածները, թէ Թուրքիան փորձում է ընդամէնը ժամանակ ձգել, մենք ստիպւած կը լինենք դադարեցնել գործընթացը», - յայտարարեց նա:
Թուրքիայի դեսպանատան ներկայացուցչի մտահոգութեանը, թէ Հայաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը վերապահումներ է պարունակում, եւ Հայաստանը չի պատրաստւում զիջումների գնալ Ցեղասպանութեան ճանաչման ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, նախագահ Սերժ Սարգսեանը պատասխանեց, որ ՍԴ-ն հաստատել է, որ արձանագրութիւնները չեն հակասում Սահմանադրութեանը, եւ որ արձանագրութեան կէտերը առանձին-առանձին չեն կարող գործել. դա վաւերացման գործընթացի մի մասն է, որին աւելորդ կարեւորութիւն տալ պէտք չէ: Ինչ վերաբերում է Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին, նախագահը շեշտեց, որ արձանագրութեան որեւէ կէտով Հայաստանը չի պարտաւորւել յետ կանգնել Ցեղասպանութեան ճանաչման գործընթացից:
«Արձանագրութիւններում ձեւակերպումները պարզ են ու յստակ, եւ մենք պատասխանատու ենք այդ ձեւակերպումների համար: Մենք չենք կարող պատասխանատւութիւն կրել ուրիշների պատկերացումների համար: Մենք չենք կարող կասկածի տակ դնել Ցեղասպանութիւնը կամ անհարկի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում», - յաւելեց նա։
BBC-ի թղթակցի հարցին, թէ արդեօ՞ք Սարգսեանն ու Գիւլը չեն շտապել արձանագրութիւնները ստորագրելով ու կարգաւորման գործընթացը սկսելով` առանց հաշւի առնելու հասարակութիւնների տրամադրութիւնները, նախագահը հակադարձեց, թէ Հայաստանը պատրաստ է շարունակելու գործընթացը եւ իրենց գործողութիւններում աւելորդ շտապողականութիւն չի տեսնում:
Խօսելով Ղարաբաղեան խնդրի մասին՝ Սերժ Սարգսեանը ներկայացրեց խնդրի պատմական ու իրաւական կողմերը, եւ հաստատեց Հայաստանի մտադրութիւնը` խնդիրը լուծել մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի սկզբունքների համաձայն: Սակայն նա կոչ արեց «ընդգծւած տոնայնութիւն» չտալ տարածքային ամբողջականութեան սկզբունքին, առաւել եւս՝ որ այն «ամէնեւին էլ չի նշանակում այն, ինչ փորձում են ներկայացնել ադրբեջանցիները»: Նա շեշտեց, որ Ղարաբաղը երբէք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, եւ նոյնպիսի իրաւունք ունէր դուրս գալու Սովետական Միութիւնից, ինչպէս միւսները:
Սերժ Սարգսեանը ընդգծեց, որ Ադրբեջանի ռազմաշունչ յայտարարութիւնները շարունակւում են, եւ պատերազմի սպառնալիքը Կովկասում սաստկանում է:
«Ղարաբաղի ժողովուրդը հաւատում է, որ կարողացել է իր գոյութեան համար մինիմալ պայմաններ ապահովել, եւ դրանից ելնելով ենք մենք վարում բանակցութիւնները Ադրբեջանի հետ», - նշեց Սարգսեանը: - «Այլընտրանքը Ղարաբաղի բռնակցումն է Ադրբեջանին, որը որեւէ լաւ հետեւանք չի կարող ունենալ, առաւել եւս, որ ունենք Նախիջեւանի օրինակը, որտեղ ոչ մի հայ չի մնացել, եւ նոյնիսկ վերջերս մշակութային վանդալիզմի ականատես եղանք»։
Եզրափակելով իր ելոյթը՝ Սերժ Սարգսեանն ասաց, որ Հայաստանն այսօր էլ իր արտաքին քաղաքականութիւնը կառուցում է խաղաղութեան ու կայունութեան սկզբունքների վրայ, իսկ խաղաղութիւնը Կովկասում բխում է ոչ միայն Հայաստանի, այլեւ նրա հարեւանների ու ամբողջ Եւրոպայի շահերից:

0 Պատգամ: