Կարսի պայմանագրի վաւերացման եւ յարակից հարցերի շուրջ
Արա Պապեան
Ընդամէնը երկու միջազգային համաձայնագիր կայ գոյութիւն ունեցող սահմանների ճանաչման վերաբերեալ եւ Մոսկւայի եւ Կարսի պայմանգրերը:
Այսօր արդէն ակնյայտ է` Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրութիւնների վաւերացման գործընթացն ինչ ելք էլ ունենայ, այլեւս նախկին իրավիճակին վերադարձ չի լինի:
Որոշ անհեռատես մարդիկ ջինը բաց են թողել քաղաքական սրւակից եւ այօր դժւար է կանխատեսել, թէ ի՞նչ վարքագիծ կունենայ այդ, մեզանից արդէն որեւէ կախւածութիւն չունեցող, քաղաքական արարածը: Հետեւաբար, մենք դեռ երէկւանից պիտի սկսէինք պատրաստւել բազմաթիւ քաղաքական, եւ յատկապէս իրաւական, հարցերի մօտալուտ վերարծարծմանը եւ վերարժէւորմանը:
Հաշւի առնելով Թուրքիայի դիրքորոշումը, այդ հարցերի մէջ առանձնակի կարեւորութիւն ունի Կարսի պայմանգրի իրաւական կարգավիճակի հարցը: Չնայած Հայ ժողովրդի նորագոյն պատմութեան մէջ նշեալ փաստաթղթի ունեցած յոյժ կարեւոր դերակատարութեանը առ այսօր Կարսի պայմանագիրը քննութգան չի ենթարկւել միջազգային իրաւունքի տեսանկիւնից: Եղած հրապարակումներն առաւելապէս գաղափարախօսական բնոյթի են եւ վերլուծւում են պայմանագրի քաղաքական հետեւանքները, առանց անդրադառնալու բուն պայմանագրի իրաւական էութեանը:
Քանի որ Կարսի պայմանագրի իրաւական կարգավիճակին վերաբերող հարցերը բազմաթիւ են ու բազմազան, ուստի, մեր ուժերի ներածին չափով, մի քանի յօդւածով կը փորձենք լուսաբանել որոշ հարցեր: Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի 1921թ.) երկկողմ պայմագիր է: Այն ստորագրել են, ինչպէս գրւած է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան, Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան եւ Վրաստանի Սովետական Սոցիլիստական Հանրապետութեան կառավարութիւնները մի կողմից եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարութիւն, միւս կողմից «Ռուսաստանի Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիւ Հանրապետութեան մասնակցութեամբ» (տՐՌ ցփՈրՑՌՌ, with the participation):
Վերոշարադրեալից ակնյայտ է, որ ՌՍՖՍՀ-ն Կարսի պայմանագրի կողմ չէ, այլ զուտ մասնակից, այսինքն նա չի ստանձնում պայմանագրով նախատեսւած իրաւունքներն ու պարտաւորութիւններն ամբողջութեամբ, այլ նրան վերապահւած է միայն որոշակի գործառոյթ: Անշուշտ, այդ գործառոյթը քաղաքական վերակացուի դերն էր, քանի որ բոլշեւիկները դեռեւս Մոսկւայի պայմանագրի (16 մարտի 1921թ.) 15–րդ յօդւածով պարտաւորւել էին հետեւեալը. «Ռուսաստանը ստանձնում է Անդրկովկասեան հանրապետութիւնների նկատմամբ իրականացնել անհրաժեշտ քայլեր` որպէսզի ապահովի վերջիններիս կողմից Թուրքիայի հետ կնքւելիք համաձայնագրում սոյն պայմանագրի այն յօդւածների ճանաչումը, որոնք ուղղակիօրէն վերաբերում են իրենց»:
[Russia undertakes to take the necessary steps with the Transcaucasian Republics with a view to securing the recognition by the latter, in their agreement with Turkey, of the provisions of the present Treaty which directly concern them.] Կարսի պայմանագրի վաւերացման հարցը. Լայնօրէն յայտնի փաստ է, որ Կարսի պայմանագրի վաւերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922թ. սեպտեմբերի 11-ին Երեւանում: Կողմերից մէկը` քեմալականները, նշեալ պայմանագիրը վաւերացւել է 1922թ., մարտի 16-ին (Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրէնք # 207) [առայժմ մի կողմ ենք թողնում այդ կառոյցի լիազօրութիւնների հարցը]:
Սակայն Կարսի պայմանագիրը չի վաւերացւել երկրորդ կողմ հանդիսացող, այսպէս կոչւած, երկրներից եւ ոչ մէկի` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, կողմից [առայժմ մի կողմ ենք թողնում նաեւ սրանց լիազօրութիւնների հարցը]: Կարսի պայմանագիրը թուրքերի հետ նոյն օրը` 1922թ. մարտի 16-ին, (Մոսկւայի /16.03.1921/ պայմանագրի առաջին տարեդարձի օրը) վաւերացրել է Համա–ռուսաստանեան կենտրոնական գործադիր յանձնաժողովը (ВЦИК - Всеросси́йский Центра́льный Исполни́тельный Комите́т).Ըստ այդմ, այս վաւերացումը երբէք չի կարող դիտարկւել օրինական, հետեւաբար իրաւական հետեւանք ստեղծող, քանի որ ռուսաստանեան այդ կառոյցը ոչ ներքին, ոչ միջազգային օրէնքի տեսանկիւնից նման լիազօրութիւն չունէր եւ չէր կարող ունենալ:
Չի կարող մի երկրի կառոյց վաւերանել մէկ այլ երկրի, կամ երկրների, ստորագրած պայմանագիրը: Հարաւային Կովկասի երկրների ռազմակալումից յետոյ (Ադրբեջան, 1920թ. ապրիլ; Հայաստան, 1920թ. դեկտեմբեր; Վրաստան, 1921թ. փետրւար) մինչեւ 1922թ. դեկտեմբերի 30-ը, այսինքն մինչեւ ՍՍՀՄ ձեւաւորումը, վերոյիշեալ երեք երկրները, գոնէ ձեւականօրէն, անկախ էին: Այսինքն, գոնէ պաշտօնապէս առանձին էին եւ մաս չէին կազմում Ռուսաստանին: Օրինակ, Հայաստանի պարագային դա ամրագրւած էր Հայաստանի Հանրապետութեան եւ ՌՍՖՍՀ ներկայացուցչի միջեւ 1920թ. դեկտեմբերի 2-ին ստորագրած իշխանութեան փոխանցման յայտարարագրի առաջին կէտում, որով Հայասատանը հռչակւում էր «անկախ սովետական սոցիալիստան հանրապետութիւն»:
Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ քեմալականների եւ բոլշեւիկների կողմից Կարսի պայմանագրի, այսպէս կոչւած, վաւերցման պահին (16 մարտի 1922թ.) արդէն գոյութիւն չունէր նշեալ պայմանագրի կողմերից մէկը: Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնները դադարել էին գոյութիւն ունենալ, քանի որ դրանից չորս օր առաջ` 1922թ. մարտի 12-ին, ձեւաւորել էին նոր միաւոր` Անդրկովկասի Սոցիալստական Սովետական Հանրապետութիւնների Դաշնային Միութիւնը (Федеративный Союз Социалистических Советских Республик Закавказья - Закфедерация). Ի դէպ այն, որ նորաստեղծ միաւորն իրեն չէր դիտարկում ՌՍՖՍՀ կազմում կամ նրա ենթակայութեան տակ, ամրագրւած է Դաշնային Միութիւն ստեղծելու մասին պայմանգրի (Союзный договор об образовании Федеративного союза социалистических советских республик Закавказья, 12.03.1922) 13-րդ յօդւածում. «Հանրապետութիւնների միութիւնը ՌՍՖՍՀ-ի հետ յարաբերութիւնները հաստատում է միութենական պայմանագրի հիման վրայ»:
Եզրակացութիւն.– Կարսի պայմանագիրը չի վաւերացւել Հարաւային Կովկասի եւ ոչ մի երկրի կողմից` այդ թւում նաեւ Հայաստանի Սովետական Սոցիլիաստական Հանրապետութիւն միաւորի կողմից, հետեւաբար նշեալ, այսպէս կոչւած պայմանագիրը, իրաւական հետեւանքներ չի ստեղծում նրանց համար:
Արա Պապեան
7 փետրւարի 2010թ.

0 Պատգամ:
Post a Comment