Ժամանակն է դադարեցնել արտերկրից Հայաստան մտնող բարեսիրական ներդրումների հոսքը

13:29 • 05.05.10
Նոր զարթօնք ապրող Հայ հասարակութիւնը, ի դէմս Հայ երիտասարդութեան, թէ՛ Հայաստանում և թէ՛ արտերկրում փնտրում է նոր ազգային-քաղաքական գաղափարներ, ծրագրեր և առաջնորդներ։
Այս մասին ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլեանը Վաշինգտոնում մարտին տեղի ունեցած Policy Forum Armenia-ի «Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններ. Անկախութիւնից 20 տարի անց» թեմայով երկրորդ տարեկան համաժողովին ներկայացրած գրաւոր զեկոյցում, որը տարածւել է այսօր։
Նա նշել է, ոչ իւրաքանչիւր մտահոգ Հայ մարդ թէ՛ Հայաստանում և թէ՛ արտերկրում պիտի ջանայ գտնել այն առողջ ազգային միաւորը հայրենիքում, որին օժանդակելով «հնարաւոր կը լինի վերջ դնել այլոց կողմից, և Հայաստանի վարչախմբի ձեռքերով մեր երկրի ղեկավարումը»:
«Ինչ վերաբերում է Հայաստան-արտերկիր տնտեսական կապերին, ապա կարծում եմ, որ ժամանակն է դադարեցնել արտերկրից Հայաստան մտնող այն բարեսիրական կամ տնտեսական ներդրումների հոսքը, որոնք սնուցում են օրւայ ռեժիմին, երկարաձգելով նրանց կործանարար իշխանութիւնը»,- ընդգծել է նախկին ազատամարտիկը:
Ըստ նրա՝ առկայ քաղաքական ճգնաժամը կարող է յաղթահարել միայն այն քաղաքական ընտրանին, որն անկախ է օտարից, չի կառավարւում և ֆինանսաւորւում նրա կողմից և ազգային շահը գերադասում է հատւածականից։
Հայութեան անելիքներն ըստ առաջնահերթութեան Սեֆիլեանը դասակարգում է հետևեալ կերպ.
- Հայ զինւորի կողմից այսօր հսկւող հայրենիքի մերօրեայ սահմաններում Հայոց պետականութեան կայացում,
- Արտերկրի հայութեանը կազմակերպելու և Արևմտեան Հայաստանի հայութեան իրաւունքները վերականգնելու նպատակով Արևմտեան Հայաստանի աքսոր կառավարութեան դրօշի ներքոյ արտերկրի հայութեան համախմբում,
- Վերոնշեալ երկու կառոյցները համակարգող Համահայկական քաղաքական կառավարման համակարգի ձևաւորում։
«Կարծում եմ, որ այս ամէնի իրականացման հիմքը պէտք է դառնայ պահի լրջութեան գիտակցումն ու սարդարապատեան անպարտելի ոգու վերահաստատումը իւրաքանչիւրիս մէջ»,- նշել է Սեֆիլեանը։

Tert.am

0 Պատգամ: