Ի՞նչ օկուպացիայի մասին է խօսքը...
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Բաքւի թաթարները եւ նրանց տէրերը` Ստամբուլի թուրքերը, պարբերաբար խօսում են Հայաստանի Հանրապետութեան կողմից Ադրբեջանի Հանրապետութեան տարածքի մի մասի, իբր, ռազմակալման (occupation) մասին: Միանգամայն հիմնազուրկ պնդում: Նման պնդման համար հիմքեր են պէտք: Հիմքերից մէկը խնդրոյ առարկայ տարածքի միջազգային իրաւունքով ամրագրւած տիտղոսի առկայութիւնն է: Այսինքն, որպէսզի Ադրբեջանի տարածքի որեւէ մաս համարւի որեւէ մէկի կողմից ռազմակալւած, անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ունենայ եւ վկայակոչի այն միջազգային փաստաթուղթը, որով, այսպէս կոչւած, ռազմակալւած տարածքի վրայ ճանաչւած է եղել Ադրբեջանի Հանրապետութեան տիտղոսը: Սա միջազգային իրաւունքի հիմնարար դրոյթ է, քանի որ միջազգային օրէնքը յստակ է` ցանկացած տարածքի պատկանելութիւնը որեւէ պետութեան պայմանաւորւած է միջազգային օրինական փաստաթղթով ամրագրւած տիտղոսով եւ տւեալ տարածքի վրայ հաստատւած գերիշխանութեամբ (sovereignty):
Համառոտակի անդրադառնանք վերջին մի քանի հարիւր տարւայ ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքի տիտղոսին: Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով 1555թ.-ից Լեռնային Ղարաբաղի տարածքի վրայ միջազգայնօրէն ամրագրւած է եղել Պարսկաստանի տիտղոսը: 19-րդ դարի սկզբին Հարաւային Կովկասի արեւելեան հատւածն անցաւ Ռուսաստանի կայսրութեանը, ըստ այդմ, 1813թ.-ի Գիւլիստանի պայմանագրով Ռուսաստանի տիտղոսն ամրագրւեց Լեռնային Ղարաբաղի վրայ: Անվիճելի է, որ 1813-1918թթ. Ղարաբաղի վրայ (նկատի ունեմ եւԲ Լեռնային եւԲ Դաշտային Ղարաբաղը) անվերապահօրէն հաստատւած է եղել Ռուսաստանի կայսրութեան տիտղոսն ու գերիշխանութիւնը: Բոլշեւիկեան յեղաշրջման պատճառով (1917թ.) Ռուսաստանի կայսրութեան կործանման հետեւանքով Հարաւային Կովկասում թէեւ առաջացաւ քաղաքական անյստակ վիճակ, միջազգային իրաւունքի եւ տարածքի տիտղոսի տեսանկիւնից մինչեւ 1920թ. Յունւարը ամէն ինչ յստակ մնաց, քանի որ մինչեւ 1920թ. յունւարը միջազգային հանրութիւնը մերժել է ճանաչել հարաւային Կովկասի երեք նորաստեղծ պետութիւնները, հետեւաբար շարունակել ճանաչել Ռուսաստանի կայսրութեան տիտղոսը: Միայն 1920թ. հունւարից Փարիզի խաղաղութեան վեհաժողովը, յանձինս Գերագոյն խորհրդի (Supreme Council of the Paris Peace Conference) երկրներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի, ճանաչեց Հարաւային Կովկասի երկրների անկախութիւնը: Ըստ էութեան մինչ այդ` 1918թ. մայիսից մինչեւ 1920թ. յունւարը, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետութիւնները, ժամանակակից լեզւով ասած, միայն ինքնահռչակ հանրապետութիւններ էին: Կարեւոր է ընդգծել, որ Փարիզի վեհաժողովի ճանաչումը յստակ նախապայման ունէր` Հրաւային Կովկասի երկրների սահմանները հետագայում որոշւելու էին Փարիզի վեհաժողովի կողմից: Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետութիւնների հռչակումից (1918թ. մայիս) մինչեւ նրանց ճանաչման սկիզբը (1920թ. յունւար) ոչ միայն Ադրբեջանի Հանրապետութեան տիտղոսը ճանաչւած չի եղել Լեռնային Ղարաբաղի վրայ, այլեւ Ադրբեջանի Հանրապետութիւնը երբեւէ Լեռնային Ղարաբաղի վրայ չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Աւելին, Ղարաբաղը շատ աւելի արդիւնաւէտ վերահսկւում էր տեղում ձեւաւորւած հայկական իշխանութիւնների եւ ուժերի կողմից:
Փարիզի վեհաժողովի ճանաչումից արդէն մէկ ամիս յետոյ` 1920թ. փետրւարի 24-ին, նոյն վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող յանձնաժողովը (Commission for the Delimitation of the Boundaries of Armenia) Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցութեամբ, արդէն Ազգերի լիգայի խորհրդի անունից, համատեղ զեկոյցով յստակեցրեց Հարաւային Կովկասում սահմանազատման (delimitation) սկզբունքը: Այն է` Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները պիտի գծւէին ՙի նկատի ունենալով, որպէս սկզբունք, ազգագրական տւեալները՚ (taking into, in principle, of ethnographical data). Ի դէպ, Շուշիի 1920թ. մարտի ջարդերը մեծապէս պայմանաւորւած էին այս որոշումով` Կովկասի թաթարները փորձ արեցին թուրքավարի փոխել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը: Սակայն այս որոշմանը վիճակւած չէր իրականութիւն դառնալ, քանի որ արդէն 1920թ. ապրիլից Ադրբեջանը, իսկ 1920թ. դեկտեմբերից Հայաստանն օկուպացւեց բոլշեւիկեան 11-րդ բանակի կողմից եւ նշեալ պետութիւնները դադարեցին գոյութիւն ունենալուց: Հետագան աւելի է յայտնի` նորահաստատ սովետական իշխանութիւնները կուսակցական որոշումով վարչական վերաբաշխումներ արեցին եւ հայաբնակ զգալի տարածքներ, որոնք Փարիզի վեհաժողովի սկզբունքի կիրառման դէպքում անվիճելիօրէն հայաստանեան պիտի լինէին, դրեցին Բաքւի վարչական ենթակայութեան ներքոյ: Բնական է, որ խօսք լինել չի կարող միջազգայնօրէն ամրագրւած տիտղոսի մասին: Որեւէ կուսակցական որոշում չի կարող իրաւական հետեւանք ստեղծել միջազգային իրաւունքի մէջ եւ ամրագրել որեւէ տարածքի վրայ որեւէ տիտղոս: Նախկին անկախ Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանն իրենք 1920/21թթ.-ից մինչեւ 1924թ. ունեին ռազմակալւած երկրների կարգավիճակ: Հետագայում, (1924թ. փետրւարից), Սովետական Միութեան ճանաչման հետեւանքով ճանաչւեց այդ երկրների բռնակցումը (annexation): Ըստ այդմ, 1924թ.ից ողջ Հարաւային Կովկասի վրայ, ներառեալ Լեռնային Ղարաբաղը, անվերապահօրէն ճանաչւեց Սովետական Միութեան տիտղոսն ու գերիշխանութիւնը:
1991թ.-ին, երբ Ադրբեջանն իրեն անկախ հռչակեց Սովետական Միութիւնից, Լեռնային Ղարաբաղն արդէն փաստացի անկախ էր: Այսինքն, իր վերանկախացումից ի վեր Ադրբեջանի Հանրապետութիւնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքի վրայ մէկ օր իսկ չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Աւելին, 1991թ. հոկտեմբերի 18-ին Պետական անկախութեան վերականգնման սահմանադրական ակտով նորանկախ Ադրբեջանն իրեն յայտարարելով Ադրբեջանի առաջին հանրապետութեան (1918-1920թթ.) ուղղակի իրաւայաջորդը, ըստ էութեան, նաեւ փաստաթղթային ձեւակերպմամբ չեղեալ յայտարարեց մինչեւիսկ այն վարչական կապը, որը գոյութիւն էր ունեցել Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջեւ:
Այսինքն, եթէ ՍՍՀՄ տրոհումից յետոյ նախկին սովետական սոցիալիստական հանրապետութիւնների մեծ մասի տարածքում առաջացան մէկական անկախ երկիր, ապա Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանարապետութիւն կոչւած ՍՍՀՄ-ի վարչական միաւորի տարածքում առաջացան երկու պետութիւն` Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Ադրբեջանի Հանրապետութիւնը ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրութեամբ ստանձնած ինքնորոշման սկզբունքը յարգելու պարտաւորութիւնը, անողոք պատերազմ սանձազերծեց իր նորանկախ հարեւանի դէմ եւ խայտառակ պարտութիւն կրեց:
Ի դէպ, 1991թ.-ի դեկտեմբերի 16-ին Բրիւսելում Եւրոպական համայնքի ներկայումս՝ Եւրոպական Միութիւն երկրների արտաքին գործերի նախարարները Արեւելեան Եւրոպայում եւ Խորհրդային Միութեան [տարածքում] նոր պետութիւնների ճանաչման ուղենիշների՚ վերաբերեալ հռչակագրում ՙբոլոր սահմանների անձեռնմխելիութեան՚ նկատմամբ յարգանքը պայմանաւորեց ՙօրէնքի իշխանութեան, ժողովրդավարութեան եւ մարդկային իրաւունքների՚ յարգանքով, ինչպէս նաեւ ՙէթնիկ, ազգային խմբերի եւ փոքրամասնութիւնների իրաւունքների երաշխաւորմամբ՚: Մի բան, որոնցից եւ ոչ մէկը չի իրականացւել ադրբեջանական պետութեան կողմից:
Հետեւաբար, երբ մեր հարեւանները խօսում են ՙօկուպացիայի՚ մասին, թող բարի լինեն նշել` պատմութեան ո՞ր ժամանակահատւածում է Ադրբեջանի Հանրապետութիւնը Լեռնային Ղարաբաղի վրայ իրականացրել լիակատար վերահսկում (effective control) և ո՞ր միջազգային փաստաթղթով է Լեռնային Ղարաբաղի վրայ ճանաչւած եղել Ադրբեջանի Հանրապետութեան տիտղոսը: Եթէ չի եղել այդպիսի վիճակ եւ չկայ այդպիսի փաստաթուղթ, իսկ այդպիսիք ակնյայտօրէն չկան, ապա ի՞նչ ՙօկուպացիայի՚ մասին է խօսքը:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ

0 Պատգամ: