Ռուս սահմանապահների նենգ քաղաքականութեան
արդիւնքում են վրացիները հայերին պատժում
16:29 • 28.08.10
Իւրաքանչիւր պետութիւն քրէական պատասխանատւութեան կենթարկի իր երկիր անօրինական և առանց կնիքի մուտք գործած քաղաքացուն, Վրաստանի իշխանութիւնները ոչ մի հակաօրինական քայլ չեն կատարում։ Վրաստանն անում է այն, ինչ միւս պետութիւններն էլ են անում։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնութիւնների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը՝ անդրադառնալով Աբխազիայի և Հարաւային Օսիայի սահմանը սխալ տեղից հատածներին քրէական պատասխանատւութեան ենթարկելու խնդրին։
Վան Բայբուրդի խօսքով՝ բոլոր երկրների արտգործնախարարութիւններն արդէն հինգ տարի է՝ վրացական իշխանութիւնների կողմից պաշտօնապէս տեղեկացւած են և պարտաւոր են իրենց քաղաքացիներին իրազեկել, որ Աբխազիայի և Հարաւային Օսիայի տարածքով, Վրաստանի օրէնսդրութեան համաձայն, չի թոյլատրւում անցնել Վրաստանի տարածք։
«Ցխինվալի և Աբխազիայի սահմանում վրացական կողմը ոչ մաքսակէտ, ոչ օրինական կնիք, ոչ էլ սահմանապահ չունի, հետևաբար այդ հատւածով մարդիկ անօրինական են մուտք գործում Վրաստանի տարածք։ Դա միայն հայերին և այլազգիներին չի վերաբերում, պատժւում են նաև սահմանը այդ կերպ հատած վրացիները»,- մանրամասնեց Բայբուրդը։
Ըստ Վրաստանի նախագահի խորհրդականի՝ Աբխազիայի և Հարաւային Օսիայի տարածքով հայերը Վրաստանի տարածք են մուտք գործում ռուս սահմանապահների նենգ գործողութիւնների արդիւնքում։ «Ռուս սահմանապահները յատուկ իրենց աչքերը փակում են, ասում են՝ գնացէք, Վրաստանում ոչ մի խնդիր չէք ունենայ, վրացիները ձեզ կթողնեն։ Գալիս ու Վրաստանի օրէնքներով պատժւում են»,- նշեց բանախօսը։
Բայբուրդը համոզւած է՝ ռուս սահմանապահների այս քաղաքականութեան նպատակը հայերի շրջանում հակավրացական տրամադրութիւններ ստեղծելն է. «Յետոյ հայերը դժգոհում են, ցոյցեր են անում ու ասում, որ վրացիներն իրենց բռնում են։ Բայց Հայաստանն էլ այդպէս կվարւէր իր երկիր անօրինական մուտք գործողների նկատմամբ»։ Նրա խօսքով՝ «ռուսներն իրենց մուրազին չեն հասնի», քանի որ հայ և վրացի ժողովուրդների 99 տոկոսը միմեանց հանդէպ յարգանք ու սէր են տածում։
Վան Բայբուրդը նաև նշեց, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը շատ հայերի է օգնել այս հարցում, վրացական իշխանութիւններն էլ միշտ ընդառաջել են, քանի որ այդ սահմանը հատողները հիմնականում չքաւոր մարդիկ են։
Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարարութեան դերին, ապա, ըստ Բայբուրդի, արտգործնախարարութիւնն իր գործը լաւ է կատարում, քանի որ շատ քիչ թւով հայեր են այսօր այդ խախտումը թոյլ տալիս։ Սահմանը վերոնշեալ վայրերից հատող հայերն էլ Վրաստանում հիմնականում տուգանւում են։

Tert.am

0 Պատգամ: