Բան Կի-մունը
սատարում է
շփման գծից
դիպուկահարների
յետքաշմանը

Սեպտեմբեր 26, 2010 18:51
Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը Նիւ Եորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի-մունի հետ:
Արտգործնախարարութեան մամուլի եւ տեղեկատւութեան վարչութեան փոխանցմամբ` Բան Կի-մունը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարութիւնը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում եւ մասնակցութիւնը Հազարամեակի զարգացման նպատակների գագաթաժողովին:
ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Ղարաբաղեան գործընթացի վերջին զարգացումները: Բան Կի-մունը նշել է, որ ինքը սատարում է շփման գծից դիպուկահարների յետքաշմանը, ինչը զգալիօրէն կնպաստի զինադադարի ամրապնդմանը: Էդւարդ Նալբանդեանը ասել է, որ կիսում է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի տեսակէտը, եւ յոյս է յայտնել, որ Ադրբեջանը եւս կընդունի այս կապակցութեամբ բազմիցս արւած առաջարկութիւնը:
Ներկայացնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների հաստատման ճանապարհին տեղի ունեցած զարգացումները` Նալբանդեանը շնորհակալութիւն է յայտնել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին Հայ - թրքական կարգաւորման գործընթացին անվերապահ աջակցութեան համար:
Աւարտելով այցելութիւնը Նիւ Եորք` Էդւարդ Նալբանդեանը մեկնել է Բոստոն, ուր նախատեսւած է նրա ելոյթը Ֆլեթչերի իրաւունքի եւ դիւանագիտութեան դպրոցում եւ հանդիպումը Հայ համայնքի հետ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: