Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու առջեւ


Բողոքի հաւաք՝ ի դատապարտում Ղուրանի դէմ
անարգանքի
«ԱԼԻՔ» - Ի դատապարտում Ղուրանի հանդէպ ցուցաբարւած անարգանքի եւ ի պաշտպանութիւն Իրանի մեր մուսուլման հայրենակիցների արդար զայրոյթի՝ երէկ կ.յ. ժամը 4-ին, հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ դատապարտանքի հաւաք՝ Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու առջեւ:
Համահաւաքի շրջափակում տեղադրւած էին պաստառներ, որոնց վրայ գրւած էր, թէ իրանահայութիւնը դատապարտում է կատարւածը:Հաւաքը սկսւեց Իրանի պետական օրհներգով, որից յետոյ համախմբւածներին իր խօսքն ուղղեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը:
Նա սկզբում հայերէնով արտայայտւեց օրւայ հաւաքի նպատակի եւ Իրանի պատմութեան տարբեր փուլերում իրանահայութեան դերակատարութեան մասին: Պատգամաւորն ասաց. «Մենք եղել ենք մեր իրանցի այլ քոյրերի ու եղբայրների կողքին, երբ պէտք է պաշտպանէինք Իրանի հողային ամբողջականութիւնը եւ մեր ռազմիկները նւիրաբերել են իրենց արիւնը, կեանքը, առողջութիւնը, եղել ենք մեր իրանցի քոյրերի ու եղբայրների կողքին երկրի վերակառուցման պահին եւ այսօր կանգնած ենք մեր մուսուլման քոյր-եղբայրների կողքին, ոչ միայն այն պատճառով, որ իրանցի ենք եւ պարտաւորութիւն ենք զգում, այլ այն պատճառով, որ աստւածավախ քրիստոնեաներ ենք, որոնք յարգում են Աստւածաշունչը եւ ելնելով Յիսուս Քրիստոսի խօսքերից՝ սիրում են իրենց հարեւանին՝ իրենց անձի պէս:
Պատգամաւորը իր պարսկերէնով ունեցած ելոյթի ընթացքում խօսելով Ղուրանի հանդէպ անարգանքի դրդապատճառների մասին՝ ասաց. «Նրանք մտադիր էին նման քայլով տարանջատում առաջացնել կրօնների միջեւ, որը, սակայն, կրօնապետերի ջանքերով վերածւեց վերամիացման»:
Հաւաքի ընթացքում Թեհրանի արեւելեան շրջանի կրօնական միաւորների անունից արտայայտւեց հոջ. Ասադօլլահ Սամադին:Հաւաքի աւարտին ընթերցւեց հինգկէտանոց վերջնագիր, որի մէջ պահանջւում էր մշակել մի համաշխարհային հռչակագիր, որը կարգելի որեւէ կրօնի դէմ անարգանքը:
Վերջում ներկաները բարձրաձայն երգեցին Տէրունական աղօթքը:

0 Պատգամ: