Արմէն Աշոտեանը սեփական փորձի
վերարտադրման և ֆետիշացման խնդիր է լուծում
«Մենք դէմ ենք
օտարալեզու
դպրոցների
վերաբացմանը»
16:00 • 28.09.10
Հայաստանի երկրորդ լեզւի կամ օտարալեզու կրթութեան մասին խօսակցութիւնները պարբերաբար բարձրացւում են Հայաստանում, ինչի պատճառը թուլութիւնն է, սեփական հանրակրթութեան որակի անմխիթար վիճակը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութեան անդամ Արմէն Յովհաննիսեանը։ Ըստ նրա, մինչև կրթութեան որակը չբարելաււի, «մեզ շարունակելու են երջանկացնել» կրթութեան ոլորտն արդիականացնելու մասին խօսակցութիւններով։
Արմէն Յովհաննիսեանն ընդգծեց, որ ինքը համաձայն է կրթութեան ոլորտը ժամանակակից, արդիական դարձնելու բոլոր առաջարկներին, բայց առաջարկում է բոլոր նորամուծութիւններն անել հայերէն։ Օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագծում ներառւած միջազգային բակալավրիատի խնդրին Յովհաննիսեանը դէմ չէ, «բայց մենք դէմ ենք, որ այդ համակարգը փոխարինի մեր կրթութեան համակարգին»։
Կրթութեան և գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը Հայաստանի ԿԳ նախարարներից առաջինն է, ով հանդէս է եկել օտարալեզու դպրոցներ բացելու օրէնսդրական նախաձեռնութեամբ։ Այս մասին յայտարարեց ասուլիսին մասնակից՝ նախաձեռնութեան անդամ Նւարդ Մանասեանը. «Մինչ օրս որևէ նախարար նման նախաձեռնութեամբ հանդէս չի եկել»։
Tert.am–ի հարցին, թէ ո՞րն է պատճառը, որ Արմէն Աշոտեանը հանդէս եկաւ օրէնսդրական այս նախաձեռնութեամբ, Նւարդ Մանասեանը պատասխանեց, որ հարկաւոր է պատկերացում ունենալ մշակութային, համահասարակական կարևութիւն ունեցող խնդիրների մասին, ինչպէս նաև հեռուն նայելու ունակութիւն, թէ նման նախագծերն ինչ արդիւնքի կբերեն մեզ, օրինակ, 100 տարի յետոյ։ «Նախորդ նախարարները հաւանաբար ունեցել են այդ ընկալումը»,– յայտարարեց նախաձեռնութեան անդամը՝ յաւելելով, որ ներկայում օտարալեզու դպրոցների մասին խօսողները 4–5 տարւայ պատմական փուլում են գործում։
«Ես կասէի՝ այդտեղ սեփական փորձի վերարտադրման և ֆետիշացման խնդիր կայ»,– շարունակեց նախաձեռնութեան անդամ Արմէն Յովհաննիսեանը՝ յիշեցնելով, որ մինչև 8–րդ դասարան ԿԳ նախարար Արմէն Աշոտեանը ևս ռուսական կրթութիւն է ստացել։ Յովհաննիսեանն այն կարծիքին է, որ սեփական փորձը նախարարը դրական է համարում և ցանկանում է վերարտադրել այն։

Tert.am

0 Պատգամ: