«Արմպրոդէքսպօ-2010»
Ցուցահանդէսը կխթանի հայկական
արտադրանքի արտահանումը
«Այս ցուցահանդէսների շնորհիւ ենք մենք կարողացել հայկական շուկայից
դուրս մղել թուրքական անորակ և էժանագին շոկոլադ կոչեցեալ ապրանքը»
17:37 • 23.11.10
ՀՀ կառավարութեան նիստերի մեծ դահլիճում այսօր պաշտօնապես բացւեց «Արմպրոդէքսպօ-2010» 10-րդ միջազգային պարէնային ցուցահանդէսը։ Այս ցուցահանդէսի անցկացումն արդէն աւանդոյթ է դարձել Հայաստանում։ Դրան այս տարի մասնակցում են շուրջ 66 ընկերութիւններ, որոնցից 16-ը՝ արտերկրից։ Մասնաւորապէս, ցուցահանդէսում իրենց արտադրանքն են ներկայացնում գերմանական, աւստրիական, լեհական, ռուսական, ուկրաինական, սլովենական և հոլանդական սնունդ և խմիչք արտադրող ընկերութիւններ։ Միայն Բելոռուսից միջոցառմանը մասնակցում է 10 ձեռնարկութիւն։
Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի տնօրէն Արմէն Դաւթեանի խօսքով՝ ցուցահանդէսն ունի մեծ նպատակներ։ «Այստեղ ցուցադրւում է մէկ տարւայ ընթացքում սննդի արտադրութեան մէջ տեղի ունեցած առաջընթացը և Հայաստանում արտադրւող լաւագոյն սննդամթերքը»,- նշեց նա։ Ըստ Դաւթեանի՝ ցուցահանդէսի կարևոր խնդիրներից մէկը հայ և արտերկրի արտադրողների միջև կապերի ստեղծումը, ամրապնդումն է ու հայկական արտադրանքի արտահանումը խթանելը։
ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Գերասիմ Ալավերդեանը նոյնպէս կարևորեց այս ցուցահանդէսի անցկացումը՝ նշելով, որ այն արդէն լայն ճանաչում ունի նաև արտերկրում։ «Ցուցահնադէսը ևս մէկ կարևոր քայլ կլինի հայրենական ապրանքները գովազդելու, միջազգային շուկայում դրա տարածման, տնտեսական կապերի կայացման ու խորացման ուղղութեամբ»,- ասաց նախարարը։Ցուցահանդէսում ներկայացւած են ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչք, պտղաբանջարեղէնի պահածոներ և հիւթեր, մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք, հրուշակեղէն, չոր մրգեր, սուրճ, բուսական իւղեր, տարափաթեթաւորող նիւթեր և այլն։Ցուցահանդէսի բացմանը մասնակցեց նաև Սերժ Սարգսեանը։ Նա մօտեցաւ տաղաւարներին՝ համտեսելով հայրենական ու արտերկրի արտադրանքը։
«Արմպրոդէքսպօ-2010»-ին մասնակցող ընկերութիւններից է հացաբուլկեղէնի և քաղցրաւէնիքի արտադրութեամբ զբաղւող «Սոնագրօ» ընկերութիւնը։ Հիմնադրւելով 2006թ.-ին՝ ընկերութիւնը կարճ ժամանակահատւածում կարողացել է իր ուրոյն տեղն զբաղեցնել հայկական շուկայում։ Ընկերութեան կոմերցիոն հարցերով տնօրէն Արթուր Ոսկանեանի խօսքով՝ ընկերութիւնը ապահոււած է գերժամանանակից հոսքագծով, սարքաւորումներով, ինչն էլ նպաստում է որակեալ արտադրանք ստանալուն։ Արդէն 2011թ.-ից ընկերութիւնը նախատեսում է իր արտադրանքն արտահանել արտերկիր՝ մասնաւորապէս Վրաստան և Ուկրաինա։
«Օրիջինլ Դիսթիրիլի Քամփանի»-ի կողմից արտադրւող «Բարով» և «Խերով» օղիները նոյնպէս ներկայացւած էին ցուցահանդէսում։ Այս օղու մաքուր սպիրտն ստացւում է ուկրաինական ցորէնից և Հայաստան է ներմուծւում Ուկրաինայից։ Ընկերութիւնը գործում է արդէն մէկ տարի։ «Հայ ժողովուրդը խմում է մեր օղին և գոհ է որակից։ Մեր ժողովուրդը բարով-խերով, լաւ առիթներով է այս օղին խմում»,- նշեց ընկերութեան տաղաւարը ներկայացնող Սէյրան Մինասեանը։
Փաթեթանիւթերի արտադրութեամբ զբաղւող ուկրաինական «РосанПак» ընկերութիւնը ցուցահանդէսում ներկայացւած է «Սովռանօ» ընկերութեան հետ համագործակցութեան արդիւնքում։ Հէնց «Սովռանօ»-ի տաղաւարում էլ ներկայացւած է արդէն 13 տարւայ պատմութիւն ունեցող «РосанПак»-ի արտադրանքը։
Ընկերութեան ներկայացուցիչ Դենիս Մագովը նշեց, որ վաղուց են ցանկացել համագործակցել հայերի հետ։ Այսօր արդէն նրանք «Սովռանօ»-ի միջոցով փորձում են իրենց ուրոյն տեղն զբաղեցնել հայկական շուկայում։«Այս ցուցահանդէսները շատ կարևոր են։ Մենք աշխարհի տարբեր երկրներում տարեկան 20-30 նման ցուցահանդէսների ենք մասնակցում։ Իսկ արդիւնքը բանակցութիւններն են, կապերը, որոնք ձեռք են բերւում հէնց նման միջոցառումների ժամանակ»,- Tert.am-ի հետ զրոյցում նշեց Դենիս Մագովը։
Նշենք, որ ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ զբաղւող «Սովռանօ» ընկերութիւնը ցուցահանդէսում ներկայացնում է հումքատեսակներ, որոնք օգտագործւում են սննդի արտադրութիւնում։ Ստեղծւելով 1997թ-ին՝ այս ընկերութիւնը հանդիսանում է «АВК» ընկերութեան պաշտօնական ներկայացուցիչը Հայաստանում։ «Զբաղւում ենք նաև շոկոլադի հումքերի ներմուծմամբ և իրացմամբ։ Այստեղ ներկայացնում ենք մի քանի տեսակ ջնարակներ, որոնք օգտագործւում են և հրուշակեղէնի, և պաղպաղակների, և պանրիկների արտադրութիւնում։ Այս ջնարակների շնորհիւ ենք մենք կարողացել հայկական շուկայից դուրս մղել թուրքական անորակ և էժանագին շոկոլադ կոչեցեալ ապրանքը»,- նշեց ընկերութեան հումքերի և կիսաֆաբրիկատների ներմուծման և վաճառքի բաժնի աւագ մասնագէտ Արտակ Յովհաննիսեանը։
«Սովռանօն» այս տարի նաև համագործակցութեան համաձայնագիր է կնքել «Etol» ընկերութեան հետ, որը հրուշակեղէնի, կաթնամթերքի, ոչ ալկոհոլային և արկոհոլային խմիչքների արտադրութեան մէջ օգտագործւող բուրաւէտիչներ և գունաւորիչներ է արտադրում։ «Etol»-ը նոյնպէս ներկայացւած է «Սովռանօ»-ի տաղաւարում։
Ընդհանուր առմամբ, «Սովռանօ» ընկերութիւնը համագործակցում է արտասահմանեան 7 ընկերութեան հետ, ներմուծում և վաճառում է նաև մարգարիններ, կարագի փոխարինիչներ, կաթի փոշի, որոնք օգտագործւում են հրուշակեղէնի արտադրութիւնում։«Արմպրոդէքսպօ-2010» ցուցահանդէսը կգործի մինչև նոյեմբերի 26-ը։ Դրա շրջանակներում մասնակիցների միջև կանցկացւեն նաև հանդիպումներ և քննարկումներ։

Tert.am

0 Պատգամ: