Հայաստանում կը նշւի Վուդրօ Վիլսոնի կազմած
Իրաւարար վճռի 90-րդ տարեդարձը
ԵՐԵՒԱՆ, «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»- Նոյեմբերի 22-ին, լրանում էր ԱՄՆ-ի 38-րդ նախագահ Վուդրօ Վիլսոնի տնօրինութեամբ կազմւած Իրաւարար վճիռ-քարտէզի միջազզայնօրէն հաստատման 90-ամեակը:
Իրաւարար վճիռը, որում նշւած է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետութեանը վերադարձւելիք հայոց տարածքների չափը՝ 90.000 քառ. կմ.-ից աւելի, պաշտօնապէս հաստատել են Սեւրի դաշնագիրը ստորագրած տասնեակից աւելի պետութիւններ: Փաստաթղթի յօբելեանը նշելու նախաձեռնութեամբ հանդէս են եկել «ԱԻՄ», «Սահմանադրական միութիւն», Կոմունիստական միացեալ կուսակցութիւնները, «Մամիկոնէից տարօնականների ուխտ» հանրային կառոյցը, Հայաստանի գրողների, նկարիչների, ճարտարապետների միութիւնները, գիտնականներ:
Ինչպէս վերջերս նշեց «Մամիկոնէից տարօնականների ուխտ»-ի ղեկավար Ռաֆայէլ Համբարձումեանը, ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի Պատմութեան ինստիտուտը որոշում է ընդունել ստեղծել գիտական խումբ՝ Իրաւարար վճռի վերաբերեալ ուսումնասիրութիւններ կատարելու համար:
Ռ. Համբարձումեանը, որ գլխաւորելու է այդ գիտական խումբը, նշեց, որ փաստաթուղթն ուսումնասիրւած չէ, բոլշեւիկներն ու թուրքերը ժամանակին թոյլ չեն տւել, որ այն ուսումնասիրւի: Փաստաթղթի յօբելեանը նշելու հարցով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին են դիմել նաեւ Հանրային խորհրդի ղեկավար Վազգէն Մանուկեանը եւ ՀՀ Գիտութիւնների ազգ. ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:
Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի ասութեամբ՝ նորանկախ պետութեան պայմաններում Հայաստանը պարտաւոր է տէր կանգնել, յանձնառու լինել, պատասխանատու լինել անցեալում չլուծւած հարցերի նկատմամբ: «Իրաւարար վճիռը մեզ տալիս է այն բոլոր կռւանները, որով մենք կարողանանք պատմութեանը նորովի անդրադառնալ»,- ասաց նա:
Փաստաթուղթը մոռացութիւնից վերադարձնելը նախաձեռնող կուսակցութիւններն ու անհատները Իրաւարար վճռի 90-րդ տարեդարձի առթիւ առաջարկում են Երեւանում գումարել Խաղաղութեան ու համագործակցութեան միջազգային վեհաժողով եւ միջազգային գիտաժողով, իսկ Հայաստանի Հանրապետութեանը դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ 1915-23 թթ. Արմենոցիդ իրականացրած երկրին պատասխանատւութեան կանչելու, կողոպտւած գոյքի ու այլ արժէքների ծախսերը հատուցելու եւ հայ-թուրքական սահմանը ճշտելու հայցով:
Նախաձեռնող խումբը նաեւ ՀՀ ղեկավարութեանը առաջարկում է Ռուսաստանի Դաշնութեանը յորդորել չեղեալ յայտարարել բոլշեւիկների կողմից 1921 թւականի մարտի 16-ին Մոսկւայում կնքւած Ռուս-թուրքական բարեկամութեան պայմանագիրը: «Պէտք է կնքւի Նախիջեւանին վերաբերող միջազգային նոր պայմանագիր»,- գտնում են նախաձեռնողները:

0 Պատգամ: