Ոչ մի կասկած չկայ.
Թուրքիայում մահացած յղի կինը
ՀՀ քաղաքացի Աննա Դաւթեանն է

Նոյեմբեր 23, 2010 19:47
Աւարտւել է Թուրքիայում մահացած կնոջ ԴՆԹ-ի փորձաքննութիւնը, ով ենթադրաբար, համարւում էր հայուհի: Ինչպէս NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալաեանը, փորձաքննութիւնը հաստատել է, որ մահացածն, իսկապէս, Հայաստանի քաղաքացի Աննա Դաւթեանն է:
Ներկայումս նախապատրաստւում են փաստաթղթերը, Աննայի մարմինը Հայաստան տեղափոխելու համար:
Աւելի վաղ NEWS.am-ը յայտնել էր, որ Չարենցաւանի29-ամեայ բնակչուհի Աննա Դաւթեանը, ով 6 ամսական յղի էր, այս տարւայ յուլիսի 17-ին անհետացել է Թուրքիայում: Օգոստոսի սկզբին Աննայի դիակը գտել են: Անթալիա մեկնած Աննայի մայրը 90 տոկոս հաւանականութեամբ ճանաչել է դստեր մարմինը, սակայն երիտասարդ կնոջ մարմինն այնքան անճանաչելի վիճակում եւ խոշտանգւած է եղել, որ անհրաժեշտ է եղել ԴՆԹ-ի անալիզ իրականացնել: Ըստ NEWS.am-ի տեղեկութիւնների, դիակը գտել են տեղի ջրանցքից:
Ըստ հայկական մամուլի տեղեկութիւնների, Աննան ամուսնացել էր նախորդ տարի: Նրա ամուսինը սփիւռքահայ է, ապրում է Անգլիայում, յաճախ մեկնում է Դուբայ։ Յուլիսի 15-ին Աննան Հայաստանից էր մեկնել Թուրքիա, ամուսինը՝ Անգլիայից։ Յուլիսի 17-ին ամուսինը Աննային ուղեկցել էր մինչեւ աւտոկայան, որտեղից Աննան աւտոբուսով պէտք է վերադառնար Հայաստան։ Ինքն էլ իր հերթին ինքնաթիռով վերադարձել էր Անգլիա։ Աւտոկայանից Աննան զանգահարել է մօրը եւ ասել, «Մամ, գալիս եմ»: Դրանից յետոյ երիտասարդ կնոջը ոչ ոք այլեւս չի տեսել։ Ըստ որոշ տեղեկութիւնների, ամուսինների բաժանումից որոշ ժամանակ անց Աննայի ամուսինը Անգլիայից զանգահարել է մօրը եւ հարցրել, թէ արդեօք Աննան նորմա՞լ է տուն հասել, մայրն ասել է, որ աղջիկը չի հասել: Հարազատները զանգահարել են Աննայի բջջային հեռախօսին, սակայն հեռախօսազանգերին որեւէ մէկը չի պատասխանել:
Աննայի անհետանալուց մօտ 15 օր անց երիտասարդ կնոջ դիակ է յայտնաբերւել Թուրքիայի քաղաքներից մէկում։ Դիակը յայտնաբերել են ընկոյզ հաւաքողները։ Կնոջ դին գտել են ճահճուտում, իսկ նրա կողքին ընկած է եղել պորտալարով մօրը կպած երեխայի դին։ Գտնւած դիակի դէմքն այն աստիճան այլայլւած է եղել, որ հնարաւոր չի եղել նրան ճանաչել։ Երբ Աննայի մայրը՝ Կարինէ Դաւթեանն այցելել է դիահերձարան՝ դիակը ճանաչելու, այն գրեթէ ամբողջութեամբ փակւած է եղել։ Մօրը թոյլ են տւել նայել միայն դիակի ձեռքերն ու ոտքերը։ Դրանից յետոյ մայրն ասել է, որ հնարաւոր է, որ դա իր դուստրը լինի։ Դաւթեանների ընկերներից մէկի փոխանցմամբ, երբ տիկին Կարինէն այցելել է դիահերձարան՝ աղջկայ դէմքը փակ է եղել թերթով։ Սակայն մի պահ թերթը վայր է ընկել, մայրը տեսել է այլայլւած դէմքը եւ ուշագնաց եղել:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: