Թուրքիայում յայտնի հայազգի

երգիչը համերգի ժամանակ բռունցքով

հարւածել է լկտի հանդիսատեսին



Ստամբուլահայ Հայկօ Ջեփքինը եղել էր Եւրատեսիլ-2010-ի Թուրքիան

ներկայացնող հաւանական թեկնածուներից մէկը



Նոյեմբեր 27, 2010 00:05
Թուրքիայի Իզմիր քաղաքում համերգի ժամանակ ստամբուլահայ յայտնի ռոք երգիչ Հայկօ Ջեփքինը չի հանդուրժել առջեւի շարքում նստած եւ լկտի պահւածքով աչքի ընկած հանդիսատեսի արարքները: Նա միկրոֆոնը ձեռքից դեն է նետել ու բռունցքով հարւածել լկտի երիտասարդին:
Թիկնապահներն անմիջապէս դուրս են հանել հանդիսատեսին, սակայն Հայկօ Ջեփքինը պահանջել է թիկնապահներից ներս բերել նրան, որպէսզի ինքն անձամբ հաշիւները պարզի նրա հետ:
Յիշեալ դէպքի կապակցութեամբ, թուրքական Sabah-ի թղթակիցը զրուցել է յայտնի երգչի հետ, որի ընթացքում Հայկօն նշել է, թէ խնդրոյ առարկայ հանդիսատեսը եղել է քաղաքի յայտնի անձանցից մէկի որդին։ «Նա բեմի դիմաց յատուկ իր համար սեղան էր պատւիրել, եւ երբ համերգը մեկնարկեց, սկսեց բեմին մօտ պարող ու զւարճացող հանդիսատեսների նկատմամբ անպարկեշտ արարքներ թոյլ տալ։ Մենք մի որոշ ժամանակ հանդուրժեցինք, սակայն նրա արարքները աւելի սանձարձակ էին դառնում եւ ես չդիմացայ ու հարւածեցի»,-նշել է Հայկօն։
Այն հարցին, թէ ինչո՞ւ է թիկնապահներից պահանջել՝ թոյլ չտալ լկտի պահւածքով հանդիսատեսին հեռանալ, Հայկօն պատասխանել է, թէ ինքը միշտ էլ համերգների ժամանակ իրենց վատ պահած հանդիսատեսներին զգուշացնում է սպասել մինչեւ համերգի վերջը։ «Ես նման անձանց հետ խօսում եմ, փորձում հասկանալ իրենց վատ արարքների պատճառը եւ զգուշացնում, որ նման բան պէտք չէ անել»,-շեշտել է յայտնի ռոք երգիչը։
Նշենք, որ ստամբուլահայ Հայկօ Ջեփքինը եղել էր Եւրատեսիլ-2010-ի Թուրքիան ներկայացնող հաւանական թեկնածուներից մէկը, սակայն թրքական TRT-ի ղեկավարութեան որոշումը եղաւ «Մանգա» խումբը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: