Սերգէյ Լավրով.–

Մեդվեդևն ուզում է մշակել փաստաթուղթ՝ ԼՂ
հակամարտութեան «Կարգաւորման հիմնական
սկզբունքները»



16:50 • 30.11.10
Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդևի նպատակը Ղարաբաղեան հակամարտութեան «Կարգաւորման հիմնական սկզբունքները» անւանումով առաջին կոլեկտիւ համընդգրկուն փաստաթղթի մշակումն է։ Այս մասին Голос России ռադիոկայանին տւած հարցազրոյցում յայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լավրովը։
Ի պատասխան այն հարցին, թէ «Աստանայում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցների հիմնական գլխացաւը Ղարաբաղեան հիմնախնդիրն է։ Ինչ էք կարծում, կարելի՞ է որոշ տեղաշարժեշ ակնկալել գագաթնաժողովից խնդրի առնչութեամբ», Լավրովը յայտարարել է.
«Ռուսաստանը՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մէկը, զբաղւում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման աջակցութեամբ, ինչպէս նաև իր ազգային յատկանիշով՝ հաշւի առնելով մեր բարի յատուկ յարաբերութիւնները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն անձամբ է զբաղւում այդ հարցով։ Նրա նպատակն է մշակել Ղարաբաղեան հակամարտութեան «Կարգաւորման հիմնական սկզբունքները» անւանումով առաջին կոլեկտիւ համընդգրկուն փաստաթղթը, որը որպէս իրաւաբանական պարտաւորեցնող փաստաթուղթ կմատնանշէր արդէն խաղաղ համաձայնագրի առնչութեմաբ իրականացւելիք աշխատանքների հիմնական ուղղութիւնները»։
«Մենք սերտ համագործակցում ենք ինչպէս ամերիկացի, այնպէս էլ ֆրանսիացի համանախագահների հետ։ Աստանայում կայանալիք գագաթնաժողովի նախօրէին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի իշխանութիւնների հետ։ Նրանց յանձնարարւած է Աստանայի գագաթնաժողովի համար պատրաստել այնպիսի յայտարարութիւն, որի տակ կկարողանան ստորագրել և՛ Երևանը, և՛ Բաքուն, և՛ համանախագահները»,– ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ վերջին շրջանում իրենք յարաբերական անդորր են նկատում շփման գծում։
«Սակայն առայժմ չեմ կարող ասել, որ Աստանայի գագաթնաժողովում կյաջողւի բեկում ապահովել խնդրի կարգաւորման առնչութեամբ։ Դա քրտնաջան աշխատանք է»,– նշել է Լավրովը՝ աւելացնելով. «Եթէ Աստանայի գագաթնաժողովն օգնի հետագայ առաջընթացի համար, դա արդէն լուրջ ձեռքբերում կլինի»։

Tert.am

0 Պատգամ: