120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ


Հ. Յ. Դաշնակցութեան ծնունդը



23 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
Հ. Յ. Դաշնակցութեան կեանքի կոչւելը պատահականութեան արդիւնք չէր: 1890-ական թւականներին նրա հիմնադրութիւնը դարձել էր մի հրամայական պահանջ: Արեւմտեան Հայաստանի ժողովրդի տնտեսական եւ քաղաքական պայմանները, բառի լայն իմաստով, դարձել էին անհանդուրժելի: 1878 թ. Բեռլինի վեհաժողովը չարդարացրեց հայերի սպասելիքները, բայց մի բան հասկացրեց հայերին, որ ազատութիւն ստանալու համար ազգերը գործով պէտք է ցոյց տան, որ արժանի են ազատութեան: Ազատութիւնը կարելի է ձեռք բերել երկաթէ շերեփով, զինեալ պայքարով եւ արիւն թափելով: Սեփական ուժի եւ զէնքի անհրաժեշտութիւնը ազգային-ազատագրութեան պայքարի ընթացքում արդէն իւրացրել էր ժամանակի յեղափոխական ու խիզախ երիտասարդութիւնը եւ կազմել յեղափոխական անջատ խմբակներ:Նրանք յաջողում են բոլոր գործօն ուժերին համախմբել մէկ նպատակի շուրջ եւ 1890 թ. ամռանը հրապարակ բերել «Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն» անունով մի կազմակերպութիւն, որով մարմին էր առնում հայութեան հաւաքական կամքը:Հ. Յ. Դաշնակցութիւնը իր հիմնադրութեան սկզբի օրից դառնում է հայութեան իղձերի ու բաղձանքների կենտրոնաձիգ քաղաքական ուժն ու հայութեան կամքը իրականացնողը: Դառնալով հայ ժողովրդի կամքի կենտրոնը՝ ՀՅԴ-ն հայութեան քաղաքական բաղձանքները ձեւակերպում է եւ իր առաջին Մանիֆեստով յայտարարում է իր նպատակը, որն էր Արեւմտեան Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ազատութիւնը, Հ Յ. Դաշնակցութեան հիմնադիրների համար հայրենիքի ազատութիւնն առաջնակարգ ու գերագոյն նպատակ էր:


«ԱԼԻՔ»

0 Պատգամ: