120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ

Հայաստանի Հանրապետութիւնը՝

Թուրքիայի մահիկի եւ բոլշեւիկների

մանգաղի արանքում


14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010

Առաջին աշխարհամարտի աւարտից յետոյ, 1919 թւականից մինչեւ 1920 թւականը, Հայկական Հարցը գտնւում էր յաղթանակած դաշնակից տէրութիւնների քննարկումների շրջանակում՝ վերջնական վճիռ կայացնելու համար, 1920 թ. օգոստոսի 10-ին Սեւրում ստորագրւեց մի պայմանագիր, որով հայ ժողովուրդը կարող էր լուծել նախնիների թողած ծանր բեռը՝ Հայկական Հարցը:
Սեւրի պայմանագրով Արեւմուտքը պաշտօնապէս ճանաչեց հայ ժողովրդի պատմական իրաւունքը: Սակայն, հայ ժողովրդի յոյսերը չիրականացան: 1920 թ. Քեմալական Թուրքիայի զօրքերը յարձակւում են Հայաստանի վրայ: 1920 թ. նոյեմբերի 29-ին Բոլշեւիկեան Ռուսաստանը Կարմիր բանակով գրաւում է Արեւելեան Հայաստանը: Հայաստանը բաժանւում է Քեմալական Թուրքիայի եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ:
Պետութիւնը ազգային է, երբ նրա ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը հիմնւում է ազգի ռազմավարութեան վրայ: Հայաստանի Հանրապետութեան դաշնակցական ղեկավարութիւնը 1918-1920 թւականներին մշակում է ազգային պետութեան քաղաքականութիւն եւ իր աշխատանքով ու սեփական օրինակով նպաստում է նրա իրականացմանը:
1920 թ. զգալով թուրքական վտանգը՝ ազգային շահը Հ. Յ. Դաշնակցութեանը պարտադրում էր Հայաստանը յանձնել Կարմիր բանակին: 1920 թ. դեկտ. 2-ին Հայաստանը խորհրդայնացւեց: Բոլշեւիզմը, որպէս փոքր ժողովուրդների աքսորի ու տեղահանութեան քաղաքականութեամբ, միլիոնաւոր մարդկանց գնդակահարութիւններով, մարդու եւ ժողովուրդների քաղաքական իրաւունքների լիակատար ոչնչացումով յայտնի է աշխարհին:
Այդ քաղաքականութեան ծանր հետեւանքները, բնականաբար, Խորհրդային Միութեան բոլոր ժողովուրդների հետ միասին՝ կիսում էր հայ ժողովուրդը: Բոլշեւիկեան բռնատիրութիւնը եկաւ փաստելու, որ Ռուսաստանի իշխանութեան գլուխ բարձրացած կոմունիստները ոչինչով չէին զիջում թուրք ջարդարարներին՝ հայ ժողովրդի իրաւունքները ոտնատակ անելու գործում:
Բոլշեւիկները դրժելով իրենց կնքած պայմանագիրը՝ Հայաստանի անկախ կառավարութեան հետ, սկսեցին Չեկայի բանտերում կացնահարել Հ. Յ. Դաշնակցութեան ղեկավարներին:

«ԱԼԻՔ»


0 Պատգամ: