Պատգամաւորներն ընդվզում են

կառավարութեան աշխատաոճի դէմ.

ՀՅԴ-ն բոյկոտեց արտահերթը




16:56 • 14.12.10
ԱԺ արտահերթ նստաշրջանի այսօրւայ նիստը սկսւել է «Հ. Յ. Դաշնակցութիւն» և «Ժառանգութիւն» խմբակցութիւնների բոյկոտով, որոնք հրաժարւել են կառավարութեան ներկայացրած օրինագծերը քննարկել արագ ռեժիմով։ Պատգամաւորներն իրենց մօտեցումը հիմնաւորել են նրանով, որ մի քանի օրում հնարաւոր չէ քննարկել և ընդունել մի քանի տասնեակ օրինագծեր։Նիստը սկսւելուն պէս վարման կարգով խօսքի իրաւունք է խնդրել ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը՝ յայտարարելով. «Այն, ինչ տարւայ ընթացքում պէտք է անէին, փորձում են սղացնել հիմա:
Մենք այս ոճը չենք ընդունում: Ընդ որում, այնտեղ անպայման կարող են լինել նաև օրէնքներ, որոնց մենք կողմ կքւէրակէինք, եթէ քննարկմանը մասնակցէինք, ինչը չենք անելու: Չենք անելու հետևեալ պատճառով՝ առաջին, երկրորդ, երրորդ ընթերցումների արանքում դրւած է այնքան կարճ ժամանակ, որ պարզ է դառնում՝ ո՛չ պատգամաւորը կհասցնի ծանօթանալ օրէնքին, ո՛չ կհասցնի առաջարկութիւններ անել»։ Ըստ Յովհաննիսեանի՝ ժամանակն այնքան քիչ է, որ կառավարութիւնն անգամ չի հասցնի քննարկել իրենց առաջարկութիւնները։
ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը յայտարարեց, որ իրենց խմբակցութիւնը չի մասնակցելու արտահերթ նստաշրջանի աշխատանքներին։ «Մենք այս արտահերթ նստաշրջանի օրակարգին չենք մասնակցելու՝ ոչ քննարկմանը, ոչ քւէրակութեանը և, կրկնում եմ, դա աշխատելաոճին է վերաբերւում, ոչ թէ օրէնքների բովանդակութեանը, որը նոյնպէս անպայման այլանդակութիւն է, բայց հիմա ես դրա մասին չեմ ցանկանում խօսել, որովհետև չեմ էլ հասցրել կարդալ»։
Յովհաննիսեանի յայտարարութեանն արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը՝ նշելով, որ կիսում է Վահան Յովհաննիսեանի մտահոգութիւնները և ինքը՝ որպէս խորհրդարանի նախագահ, թոյլ չի տայ որևէ ինստիտուտի ոտնահարել պատգամաւորների իրաւունքները։ Այս յայտարարութիւնից յետոյ խորհրդարանը 20 րոպէով ընդմիջում յայտարարեց։Կառավարութեան վարքագծից դժգոհութիւն յայտնեց նաև «Ժառանգութիւն» խմբակցութիւնը։ Խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանը յայտարարեց, թէ այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսին լեզւի, աղբահանութեան, կենսաթօշակային խնդիրներին վերաբերող նախագծերն են, հնարաւոր չէ քննարկել նման պայմաններում։
Մի քանի անգամ 20 րոպէով ընդմիջումներ յայտարարելուց յետոյ միայն խորհրդարանում վերականգնւեց աշխատանքը, չնայած դրան՝ ՀՅԴ–ն չմասնակցեց խորհրդարանի աշխատանքներին։
«Համաձայն եմ, որ կան նման մի քանի օրէնքներ, որոնք ներկայացւած են արտահերթ նստաշրջանում, որ երեք ընթերցմամբ ընդունենք: Մենք վարչապետի հետ խօսել ենք, քննարկել ենք և մի քանի օրէնքի մասին եկել ենք համաձայնութեան, որ մէկ ընթերցում ենք անելու: Այնտեղ իմ կարծիքով, մնում է երկու օրէնք, որոնք երեք ընթերցում պէտք է անենք, որովհետև այդ փաթեթում կան այնպիսի նախագծեր, որոնք յունւարի 1-ից գործելու են»,– պատգամաւորներին յուսադրեց Յովիկ Աբրահամեանը:


Tert.am


0 Պատգամ: