120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ
120-ամեայ անսասան նւիրում՝ ի սպաս
հայ ժողովրդի յաղթանակի
29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
Հայ ժողովրդի պատմութեան ամենադժւարին պայմաններում ծնունդ առաւ Հ. Յ. Դաշնակցութիւնը: Հայ ժողովրդին միաւորող այս նոր ու կենսունակ շարժումը թէեւ պատմա-քաղաքական աննպաստ պայմաններում էր առաջացել հայ ժողովրդի կեանքում, այդուամենայնիւ, այն իրական արտայայտիչը եղաւ ընկճւած ու բազմաթիւ տանջանքների ենթարկւած հայ ազգի գոյատեւման ու ազատագրական պայքարի անկոտրում կամքի:
Այդ առումով՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը եւ նրա նւիրեալ զաւակները, հիմնադիր երրորդութիւնից մինչեւ մեր օրերի ազնիւ ուխտեալները, հայոց ազատագրական պայքարի կարմիր դրօշը մի սերունդից փոխանցելով միւսին՝ որպէս ազգային ուխտի սրբազան աւանդ՝ յանձնել են մեր ժողովրդին: Այդ առումով՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը իր 120-ամեայ ազատագրական մաքառումի եւ արդարատենչ անսասան մղումներով հանդիսացել է հայոց ազգային գաղափարախօսութեան առանցքը եւ ազգային ոգին:
Ահա, գաղափարաբանական այս դիմագծով է ներկայացել ու ներկայանում ամբողջ աշխարհին: Հ. Յ. Դաշնակցութիւնը եղել է եւ կը մնայ գերազանցապէս ազգային-ազատագրական, յեղափոխական եւ ընկերվարական շարժում: Այսօր Հ. Յ. Դաշնակցութիւնը տօնում է իր 120-ամեայ անշեղ ուղին՝ ամենուրեք ծածանելով իր ազգային-ազատագրական պայքարի արիւնամերկ դրօշը՝ ընդդէմ ամէն տեսակ բռնութեան, հալածանքների եւ անարդարութիւնների:Աշխարհն այսօր փոփոխւած է. ուստի եւ հայ ժողովուրդը Սփիւռքում, Հայաստանում, Արցախում եւ Ջաւախքում կանգնած է քաղաքական, տնտեսական եւ հասարակական պարտադրւող նոր մարտահրաւէրների դէմ-յանդիման:
Ուստի՝ այսօր բոլոր ժամանակներից աւելի՝ հայ ժողովուրդը կարիք ունի ամուր յենարանի, ինքնավստահութեան ներշնչանքի եւ ազգային միասնական մեծ յաղթանակների: Թէեւ հայ ժողովուրդը երկար ժամանակ Հ. Յ. Դաշնակցութեանը ծանօթ էր որպէս քաջարի, յեղափոխականների, խիզախների կուսակցութիւն, սակայն այս պատկերը ամբողջական չէր լինի, եթէ չլինէր Դաշնակցութեան վերջին շրջանի գործունէութիւնը՝ Հայաստանում, Արցախում, Ջաւախքում եւ աւելի՝ միջազգային ասպարէզում՝ հայոց ազգային նպատակներին եւ Հայ Դատի լիակատար լուծմանը հասնելու համար: Հ. Յ. Դաշնակցութեան սկզբունքային պահւածքի շնորհիւ է, որ հայ ժողովուրդը հաւատում եւ յենւում է նրան՝ նրա գործունէութեան մէջ տեսնելով իր ազգային իղձերի ու նպատակների իրականացման հեռանկարը:
Հետեւաբար՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը հայ ժողովրդի համակրանքը փնտրում է ոչ թէ իր կուսակցական յաղթանակի մէջ, այլ՝ իր ծրագրի իրականացման համար, որի խորքում ընկած են ժողովրդի շահերի պահպանումն ու Հայ Դատի լուծման խնդիրները:Երբ այսօր ազգային միասնութեան ըմբռնումն ընդհանուր է եւ հայրենիքի գաղափարը՝ հայ ազգի սեփականութիւնը, ուստի՝ հայկական պահանջատիրութեան, Հայ Դատի ու Հայկական պետականութեան հզօրացման եւ հայկական ուժի կենտրոնացման պատրտականութիւնը էական եւ անփոխարինելի մասն է կազմում Հ. Յ. Դաշնակցութեան:
Դաշնակցութիւնը կտրել է 120-ամեայ դժւարին ճանապարհ. այսօր նա ուժեղ է կազմակերպւած՝ Սփիւռքում եւ Հայրենիքում: Սակայն, դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելիք, որպէսզի մեր ժողովրդի ակնկալիքներն իրականացւեն:Հէնց այս համոզումով է, որ իր ծննդեան 120-ամեակին Հ. Յ. Դաշնակցութիւնը աւելի ուժեղ, աւելի ամուր եւ աւելի վճռական մղւել է հզօր, ինքնուրոյն, բարւոք հայրենիքի կառուցման, հայութեան բոլոր հատւածների համախմբման եւ Հայ Դատի յաղթանակի սուրբ գործին:Ահա, չափազանցութիւն չէ ասել, որ ժողովրդից ծնունդ առած Դաշնակցութեան ծրագրային եւ գաղափարական յաղթանակը, իրօք, հայ ժողովրդի յաղթանակն է:
«ԱԼԻՔ»

0 Պատգամ: