Մոսկւայում զանգւածային անկարգութիւններից

տուժածների թւում 15-ամեայ 2

Հայ պատանիներ կան


Դեկտեմբեր 14, 2010 17:13
Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկւայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած զանգւածային անկարգութիւնների արդիւնքում տուժել են հայազգի երկու 15-ամեայ պատանիներ:
Նրանք՝ Գագիկը եւ Ռուբէնը համադասարանցիներ են եւ երկու ռուս պատանիների, ադրբեջանցի եւ վրացի ընկերների հետ միասին դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում գտնւող սրճարաններից մէկում նշելիս են եղել Գագիկի ծննդեան օրը, եւ երբ դուրս են եկել սրճարանից, նրանց վրայ անմիջապէս յարձակւել է շուրջ 100-հոգանոց մի ամբոխ: Պատանիներին փրկել են ոստիկանները, նրանք ստիպւած են եղել ամբոխից թաքնւել շտապօգնութեան մեքենայի տակ. այդ կադրերը կան ե՜ւ YouTube-ում, ե՜ւ Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերութիւններն են դրանք ցուցադրել:
Գագիկի ռուս ընկերները փորձել են օգնել իրենց դասընկերներին, եւ ամբոխը յարձակւել է նաեւ սլավոնական արտաքին ունեցող այդ տղաների վրայ:
Հայ պատանիները չեն ուզում նշել իրենց ազգանունները` անվտանգութեան նկատառումների ելնելով: Ե՜վ Ռուբէնը, ե՜ւ Գագիկը տանն են. Գագիկի վիճակը միջին ծանրութեան է` նա ունի վնասւածքներ եւ մի քանի շաբաթ կանցկացնի անկողնում: Առաւել ծանր է նրանց ադրբեջանցի ընկերոջ վիճակը, ում մէջքից դանակահարել են:
Ռուսաստանեան աղբիւրները հաղորդում են, որ հնարաւոր է` դեկտեմբերի 15-ին արդէն կրկնւեն դեկտեմբերի 11-ի անկարգութիւնները, մասնաւորապէս` կայ տեղեկութիւն, որ կովկասցիները ծրագրում են հաւաք կազմակերպել Մոսկւայի կենտրոնական հրապարակներից մէկում:
Շրջանառւում են լուրեր, թէ Մոսկւա են ժամանում ռադիկալ երիտասարդներ կովկասեան հանրապետութիւններից: Իսկ ահա համայնքային կազմակերպութիւնները կոչ են անում դուրս չգալ նման հաւաքների:
Ռուսաստանի հայերի միութեան փոխնախագահ Լեւոն Մոկացեանը «Ազատութիւն» ռառիոկայանին ասել է, որ կատարւածի մէջ մեղաւոր են նաեւ պետական կառոյցները, որոնք ազգայնամօլներին թոյլ էին տալիս անցկացնել տարբեր միջոցառումներ:
«Ռուսաստանը` ռուսներին, Մոսկւան` մոսկւացիներին», «Մահ խաչերին» կարգախօսներով մօտ 10 հազար ազգայնականներ դեկտեմբերի 11-ին դուրս էին եկել Կրեմլին յարող Մանեժնայա հրապարակ: Ազգայնականները այս բողոքի ակցիան նախաձեռնեցին այն բանից յետոյ, երբ կովկասցիների հետ ծեծկռտուքի ժամանակ զոհւեց «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մէկը: Ի դէպ, զոհւածի ընկերը, ով նոյնպէս տուժել էր այդ կռւում, ազգութեամբ Հայ Սերգէյ Գասպարեանն է:
Պաշտօնական տւեալներով` Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձութիւնների հետեւանքով մարմնական վնասւածքներ է ստացել 32 մարդ: Հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


0 Պատգամ: