Իսկական կոտորած Մարիցա գետում.

Թուրքերը ծեծել և խեղդամահ են արել 16

փախստականների




17:55 • 04.12.10
Թրքական Sabah օրաթերթի տրամադրութեան տակ են յայտնւել թուրքական մի յանցախմբի երկու ղեկավարների միջև կայացած հեռախօսազրոյցի գաղտնալսման մանրամասներ, որոնք վկայում են այն մասին, որ ամիսներ առաջ այդ յանցախմբի անդամները ծեծել և Մարիցա գետում խեղդամահ են արել 16 փախստականների, այդ թւում՝ կանանց և երեխաների, որոնք ցանկանում էին Թուրքիայից անցնել Յունաստան։
Ներկայացնում ենք յանցախմբի առաջնորդներ Էրջան Չիֆթչիի (Է.Չ.) և Քազըմ Աթալայի (Ք.Ա.) միջև ամիսներ առաջ կայացած հեռախօսազրոյցի մանրամասները.
«Է.Չ. – Նախանցած գիշեր այստեղ էր եկել մեր աշխատակիցը։ Գիտե՞ս, թէ ինչ են արել։ Ք.Ա.– Ի՞նչ։ Է.Չ. – Նրանց փայտով ծեծել և ջուրն են նետել։ Ք.Ա. – Իսկապէ՞ս։ Է.Չ. – Այո։ Մեր ձեռքում ոչինչ չի մնացել։ Դու գիտես, որ ամէնքը միմեանց ճանաչում են, իրար հետ խօսում։ Մենք էլ ինչպէ՞ս ենք կարողանալու գործ անել։ Եթէ այսպէս շարունակւի, գումար չենք կարողանալու վաստակել։ Ք.Ա. – Ճիշտ ես ասում։ Է.Չ. – Չգիտեմ։ Եթէ չենք կարողանում նորմալ աշխատել, մեզ ոչ ոք այլևս գործ չի վստահի։ Վերցնում են փայտն ու խփում նրանց, կանայք չեն ուզում ջուրը մտնել, ծեծում են նրանց։ Կանանց երեխաների հետ նետում են ջուրը։ Երբ փախստականները հրաժարւել են մտնել ջուրը՝ պատճառաբանելով, թէ «գետը խորն է, իսկ ջրի հոսանքն ուժեղ» վերցրել են փայտերը և ծեծելով նրանց բռնի կերպով մտցրել ջուրը»։
Նշենք, որ այս տարւայ յունիսի 25-ին թրքական լրատւամիջոցները տեղեկութիւն էին տարածել այն մասին, որ Աֆրիկայից և Պաղեստինից 16 փախստականներ ապօրինաբար Թուրքիայից Յունաստան անցնելու ժամանակ խեղդւել էին Մարիցա գետում (Մարիցա գետը Թուրքիան բաժանում է Յունաստանից)։
Այն ժամանակ դարձեալ Sabah օրաթերթը տեղեկութիւն էր տարածել վերոնշեալ յանցաւոր խմբի գործունէութեան մասին և գրել, որ փախստականների մահւան համար պատասխանատւութիւն են կրում այդ յանցախմբի անդամները։ Այդ տեղեկութիւնից յետոյ թուրք իրաւապահներն իրականացրել էին յատուկ գործողութիւն, որի արդիւնքում ձերբակալւել էին յանցախմբի 24 անդամներ, այդ թւում՝ պարագլուխ Էրջան Չիֆթչին։

Tert.am

0 Պատգամ: