120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ

18 փետրւարի 1921 թ.՝ բոլշեւիկեան
բռնատիրութեան տապալումը՝ Հայաստանում




18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը 1920 թ. դեկտեմբերի 2-ին խորհրդայնացւեց, բայց ժողովրդի դիմադրութիւնը դեռ շարունակւում էր Զանգեզուրում: Հայկական զինւած ուժերը Գարեգին Նժդեհի ղեկավարութեամբ քաջաբար դիմադրում էին Կարմիր բանակի յարձակումներին եւ պահում էին Զանգեզուրի անկախութիւնը:

Նոյն ժամանակ Հայատանում բոլշեւիկ Յեղկոմի իշխանութեան միջոցով ծայր են առնում հասարակական եւ քաղաքական անգութ ու վայրագ ճնշումներն ու հալածանքները: Յեղկոմի բռնութիւնների ծանրութեան տակ՝ այլեւս ժողովրդի համբերութիւնը հատեց եւ 1921 թ. փետրւարի 18-ին պայթեց համաժողովրդա-կան ապստամբութիւն՝ տարերային թափով, որի ղեկավարութիւնն իր ձեռքն առաւ Հ. Յ. Դաշնակցութիւնը:

Ամենայն վստահութեամբ պէտք է հաստատել, որ բոլորը արձագանգեցին Հայրենիքի փրկութեան կոմիտէի կոչին, որովհետեւ դա արտայայտում էր հայ ժողովրդի կամքը: Ապստամբները բոլոր կողմերից հարւածեցին բոլշեւիկներին եւ յաղթական մուտք գործեցին Երեւան: Ապա ջարդեցին Յեղկոմի բռնութեան կենտրոն Երեւանի բանտի դռները եւ ազատեցին դեռեւս ողջ մնացած դաշնակցական ղեկավարներին ու մտաւորականներին: Հայ դաւաճան կոմունիստներն ու Կարմիր բանակի ջախջախւած միաւորները դուրս շպրտւեցին Հայաստանից:

Ստեղծւեց Հայրենիքի փրկութեան կոմիտէի ղեկավարութեամբ ժամանակաւոր կառավարութիւն: Երկուսուկէս ամիս ղեկավարի դերում եղաւ Փրկութեան կոմիտէն՝ վարչապետութեամբ Սիմոն Վրացեանի: Ահաւասիկ, երբ մի կուսակցութիւն այնքան զոհեր կը տայ իր ժողովրդի փրկութեան համար, որքան Հ. Յ. Դաշնակցութիւնը, ապա ազգային գոյութիւնը կը դադարի անդիմագիծ գոյութիւն լինելուց եւ կիմաստաւորւի ազգային գիտակցութեամբ ու կամքով, վճռականութեամբ, խիզախումի կարելիութեամբ եւ ազգն իր ուրոյն տեղը կը գրաւի աշխարհի այլ ժողովուրդների կողքին՝ որպէս համահաւասար իրաւատէր եւ պահանջատէր ժողովուրդ:

Հայ ժողովրդի նկարագրային այս գծի ամենացայտուն պատմական արտայայտութիւնն է 1921 թւականի փետրւարի 18-ի համաժողովրդական խիզախ ապստամբութիւնը, որի դարբնողը եղաւ Հայ ազատագրական շարժման հիմնադիր Հ. Յ. Դաշնակցութիւնը:

«ԱԼԻՔ»

0 Պատգամ: