ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

120-ԱՄԵԱԿ


1890 թ.՝ ծնունդ Հայ Յեղափոխականների

Դաշնակցութեան


Հայ քաղաքական մտքի նոր զարթօնքը սկսւել է 1840-ական թւականներից: Խաչատուր Աբովեան, Մկրտիչ Խրիմեան (ապագայ կաթողիկոսը), Հայր Ղեւոնդ Ալիշան, Ներսէս պատրիարք Վարժապետեան, Մկրտիչ Պեշիկթաշեան, Գամառ Քաթիպա (Ռափայէլ Պատկանեան), Միքայէլ Նալբանդեան, Ծերենց, Րաֆֆի, Գրիգոր Արծրունի, Մկրտիչ Փորթուգալեան եւ ուրիշներ, հայրենասիրական քերթւածներով, ազգաշունչ վէպերով, քաղաքական, յեղափոխական քարոզչութեամբ հայ ժողովրդին կոչ են անում՝ տէր կանգնելու իր իրաւունքներին:


Այս նպատակն իրագործելու համար՝ նրանք յեղափոխութեան ճանապարհն են ցոյց տալիս:Հայկական վերածնունդի ռահվիրաների ստեղծած գաղափարական մթնոլորտում, 19-րդ դարի վերջերում, երեւան են գալիս հայրենասէր երիտասարդներից բաղկացած խմբակցութիւններ, ուսանողական միութիւններ, ազգային-յեղափոխական խմբեր եւ կուսակցութիւններ, որոնք ձեռնարկում են պայքարի՝ օսմանեան տիրապետութեան տակ ճնշւած, ստրկութեան ենթարկւած հայութեան իրաւունքները պաշտպանելու:


1885 թւականին Վանում հիմնւում է Արմենական կուսակցութիւնը, 1887 թւականին Ժնեւում՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը: Հայոց ազգային նպատակների իրականացմանը նւիրւած խմբակցութիւնների անջատ գործունէութիւնը ուժերի վատնում համարելով՝ պայծառ տեսլականով օժտւած մտաւորական երիտասարդներ՝ Քրիստափոր Միքայէլեանը, Սիմոն Զաւարեանը, Ստեփան Զօրեանը (Ռոստոմ) եւ իրենց համախոհները որոշում են հայ յեղափոխական բոլոր տարրերին միացնելով՝ ուժեղ եւ միաձոյլ կուսակցութիւն ստեղծել:


Ուսանողական միութիւնների, յեղափոխական խմբակների եւ կուսակցութիւնների մաս կազմող անդամների կամ նրանց գաղափարներով սնւած երիտասարդների ժողովի հրաւիրելով՝ 1890 թւականի ամռանը Թբիլիսիում հիմքը դրեցին Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան:


Նրանց նպատակն էր յեղափոխական միջոցներով ապահովել հայութեան տնտեսական եւ քաղաքական ազատութիւնը:



«ԱԼԻՔ»


0 Պատգամ: