120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ

Ժողովրդական պայքարի փառապանծ

յաղթանակը եւ 1918 թ. մայիսի 28-ի

արեւածագը




12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
Հ. Յ. Դաշնակցութեան գործիչները, մեծ մասով, յատկապէս իրենց կեանքով ու գործով անմնացորդ օրինակ ծառայեցին հայ ժողովրդին: Նրանք թէ՛ ազատագրական պայքարում, եւ թէ՛ 1915 թւականի Ցեղասպանութեան տարիներում թիկունքում չմնացին անվտանգ դիրքերի վրայ, այլ անձնազոհաբար եւ մեծ նւիրումով նետւեցին տանջալից ու վտանգաւոր մաքառումների ասպարէզ, յեղափոխական փոթորիկների եւ պատերազմի դաշտի մէջ՝ յաճախ կուրծք տալով անխուսափելի մահւան, եւ ժողովուրդը հետեւեց նրանց հաւատով եւ վստահութեամբ՝ նւիրաբերելով իրենց ծոցից բազում հերոսներ ու սխրալից դրւագներ:
20-րդ դարասկզբին առանձին դէպքերի շաղկապումով՝ հետզհետէ հայ ազատագրական շարժումը ամբողջանում էր Հ. Յ. Դաշնակցութեան դաւանագրի մէջ՝ աւելի ուշ յարմար առիթով Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերպարանքով աշխարհ գալու համար: 1907 մինչեւ 1919 թւականները դարերի կշիռ ունեցող պատմական անցքեր էին տեղի ունեցել ամբողջ Հայոց աշխարհում:
Աւարտւել էր 1908 թւականի Թուրքիայի Սահմանադրութիւնը, Ադանայի ջարդերը, Իրանի Սահմանադրական շարժումը, Առաջին աշխարհամարտը, 1915 թւականի Հայոց Մեծ Եղեռնը, 1917 թւականի Ռուսաստանի բոլշեւիկեան յեղափոխութիւնը, Վանի հայութեան հերոսամարտը, Արեւմտեան Հայաստանի ազատագրման համար մղւած օրհասական ճակատամարտերը եւ, վերջապէս, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ Սարդարապատի փառապանծ յաղթանակները, երբ հայ ժողովուրդը կերտեց մեծագոյն փառքը վերջին դարերի մեր պատմութեան՝ 1918 թ. Մայիս 28-ը:
Հայ ժողովրդի դարաւոր զրկանքների ու հալածանքների գործընթացը 1918 թ. մայիսի 28-ի անկախութեան ձեռքբերումով՝ սկսում էր փոխել իր հունը, երբ հայ ազատագրական շարժումն արդէն պետականօրէն առաջնորդում էր հասարակական եւ ազգային իրաւունքների դրօշը: Հ. Յ. Դաշնակցութիւնը շահում էր ազգային գաղափարախօսութեան եւ անկախութեան առաջնորդի կոչումը եւ շնորհիւ ենթակայական միտումների ու առարկայական պահանջների ներդաշնակման՝ դառնում էր հայ ժողովրդի եւ ազգային պետականութեան կերտման նւիրեալ ղեկավարը:
Այսպէս՝ Արեւմտեան Հայաստանի ազատագրական շարժման՝ եւ Առաջին աշխարհամարտի կամաւորական խմբերի հերոսական պայքարի որպէս արդիւնք՝ 1918 թ. մայիսի 28-ին հիմնւեց Հայաստանի Հանրապետութիւնը, որը ուրւագծում էր քաղաքական ուրոյն դէմք եւ իրաւական ճանաչում ունեցող մի հայկական հայրենիք՝ իր անկախ պետականութեամբ, դրօշով ու գերբով եւ ազգային սահմաններով:

«ԱԼԻՔ»

0 Պատգամ: