Մէկ դար ու 20-ամեայ կուսակցութեանը

նւիրւած տօնակատարութիւն՝

«Արարատ» մարզաւանում



11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
«ԱԼԻՔ» - 1890-2010, հայ ժողովրդի պատմութեան հետ շաղկապւած եւ հայ ժողովրդի ժամանակի պահանջներից ծնունդ առած 120-ամեայ անցեալով, բայց երիտասարդական աւիւնով տոգորւած կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան տօնը նշւեց երէկ երեկոյեան՝ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում:
Մէկ դար ու քսան տարւայ վաղեմութիւն ունեցող կուսակցութեան հիմներգ «Մշակ բանւոր»-ը ներկայ հոծ բազմութիւնը ունկնդրեց յոտնկայս:Իսկ բեմի վրայ նախ նոր սերունդի ներկայացուցիչները ամրացրին հայ ժողովրդի արեան ընդմիջից երկինք յառնած կարմիր դրօշը, ապա դրօշի վրայ զինանշանի երեք հիմնասիւներ՝ բահը, գրիչը եւ սուրը: Ծրագրին ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ դեսպանութեան աշխատակազմը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Եղիշէ ծ. վրդ. Մանճիկեանը, Իրանի Հայ Աւետարանական Եկեղեցու հոգեւոր հովիւ Վեր. Սերգէյ Շահվերդեանը, Իրանի հայ կաթողիկէ կոյսեր եւ համայնքի պատասխանատուներ, ազգային իշխանութեանց, մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հոծ բազմութիւն:
Ծրագրի հաղորդավար Հրաչ Զարիֆեանը ՀՅԴ-ի 120-ամեակին նւիրւած կենտրոնական այս միջոցառման որպէս բանախօս՝ բեմ հրաւիրեց «Ալիք» օրաթերթի արտօնատէր Ալբերտ Աճեմեանին: Բանախօսը սեղմ, սակայն բովանդակալից տողերով ներկայացրեց 120-ամեայ անցած ու անցնող ուղին: Նա իր խօսքն այսպէս սկսեց. «Դաշնակցութեան օրն է այսօր, 85 տարիների աւանդութիւն դարձած ամենամեայ խորհրդանշման, հաշւետւութեան եւ ուխտի վերանորոգման տօնն է, տօնն է բոլոր ընկերների ու համակիրների, որոնք ծառայում ու պայքարում են Դաշնակցութեան նպատակների ու գաղափարների իրականացման ուղղութեամբ:
Յիշատակի ու յարգանքի օր է նաեւ բիւրաւոր այն նահատակների, որոնք զոհւեցին յանուն ազգի ու հայրենիքի՝ որպէս գաղափարական մարտիկներ: 120-ամեակ, մէկ դար ու քսան տարի...» :Բանախօսը ամփոփ գծերով անդրադարձաւ թէ՝
ա) ինչ հանգրւաններով է անցել Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ իր 120-ամեայ փոթորկալից ու հարուստ պատմութեան ընթացքում,
բ) որոնք են եղել նրա դերն ու առաքելութիւնը՝ հայ մարդու եւ հայ կեանքի մէջ, նրա որդեգրած գործունէութեան հիմնական ուղին ու եղանակը, թողած աւանդն ու ժառանգութիւնը,
գ) եւ, ի վերջոյ, որոնք են Դաշնակցութեան դիմագրաւած մարտահրաւէրները՝ այսօր: Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը բեմ հրաւիրւեց եւ իր պատգամը փոխանցեց ու հետեւեալ տողերով բնութագրեց ՀՅԴ-ի 120-ամեայ անցեալն ու ներկան. «Հայ աւանդական կուսակցութիւնների դերը հայոց մօտ եղել է վճռորոշ եւ յաճախ նաեւ՝ ճակատագրական, եւ մենք որպէս պատմական անցեալը գնահատելու իրաւունքով օժտւած անձինք՝ չենք կարող անտարբեր մնալ մեր կեանքի կարեւորագոյն դրւագները կերտող քաղաքական կուսակցութիւնների նկատմամբ:
Դաշնակցութեան ծնունդը հայ ժողովրդի ճակատագրի ծնունդն էր, ճակատագրի հրամայականը եւ պահանջը»:Ահաւասիկ, 120-ամեայ կուսակցութեան ծնունդն ու պանծալի երթը ներկայացւեց պատմա-փաստագրական տեսաժապաւէնով, իսկ սխրագործութիւնները՝ «Բանկ Օտտոմանից մինչեւ Շուշի» խորագրով թատերական ներկայացումը կենսագործեցին Հայաստանից հրաւիրւած արւեստագէտ դերասանները, որոնք մարմնաւորեցին Բաբգէն Սիւնիներին, Սողոմոն Թեհլիրեաններին եւ մեր օրերի հայ ժողովրդի պատմութեան սխրանքն իրագործող Արցախի ազատամարտիկներին, իսկ արծւաբոյն Արցախում հայ աղջիկների պարը ներկայացրին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» պարախմբի սաները:
Տեսաժապաւէններով մէկտեղւած հրաշալի ներկայացման ռեժիսորներն էին՝ Հայաստանից հրաւիրւած Արամ Յովհաննիսեանը եւ իրանահայ շնորհաշատ երիտասարդ Սեդրակ Գոջամանեանը:
120-ամեայ կուսակցութեան տօնի կապակցութեամբ իր օրհնութեան ու բարեմաղթանքի խօսքն ասաց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Սրբազան Հայրը իր արտայայտութիւնների ընթացքում ասաց. «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 120-ամեակի տօնակատարութիւն նշանակում է վերջին 100 տարւայ մեր ժողովրդի կեանքում տեղի ունեցած մեծագոյն ձեռքբերումների հեղինակի տօնակատարութիւն:
ՀՅԴ-ի 120-ամեակի տօնակատարութիւն նշանակում է վերջին 120 տարիների ընթացքում մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի ձեռք բերած բոլոր նւաճումների գնահատում»: Սրբազան Հօր ոգեւորիչ արտայայտութիւններից յետոյ՝ շարունակւեց տօնակատարութիւնը՝ ազգային-յեղափոխական երգերի կատարումով, որոնք իրականացրին Հայաստանից հրաւիրւած երգիչ-երաժիշտները: Երգեր՝ նւիրւած Դաշնակցութեան 20-ամեակին եւ 120-ամեակին, որոնց ընդմիջից արտացոլւում էր 120 տարիների անցած ուղին:
Թատերական ներկայացման դերակատարներն էին՝ Հայաստանի հանրայայտ դերասաններ՝ Անժելլա Սարգսեանը, Գնէլ Ուլիխանեանը, Դաւիթ Թուջարեանը, Սօս Ջանիբէկեանը, Արամ Յովհաննիսեանը եւ իրանահայ Սեդրակ Գոջամանեանը: Ազգային-յեղափոխական երգերը կատարեցին՝ Արթուր Յակոբեանը (Միստր X), Լեւոն Թեւանեանը, Թամար Ժամհարեանը, Արամ Աբրահամեանը, Սպարիկ Սարգոյեանը եւ երգահան Մարտին Ահարոնեանը, որը երաժշտականացրել էր Կարէն Բասենցու ստեղծագործութիւնը՝ նւիրւած ՀՅԴ-ի 120-ամեակին, եւ առաջին անգամը լինելով՝ Թեհրանում հնչեցրեց բեմում:

0 Պատգամ: