Աստանայի յայտարարութիւնը լուրջ

նախազգուշացում է Ադրբեջանին


«Ադրբեջանի քարոզչութեան համար արդէն աւանդոյթ է դարձել իր

հասարակական կարծիքի համար ստեղծել փրփուրներ և փորձել կառչել

դրանցից»


«Միջազգային հանրութեան այս բոլոր մօտեցումները լիովին համահունչ են

Հայաստանի մոտեցումներին, որոնք բազմիցս հայկական կողմն արտայայտել

է»

19:00 • 03.12.10

Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը կարևոր հանգրւան էր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումներն արձանագրելու առումով: Այս մասին «Արմէնպրէս» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը՝ գնահատելով դեկտեմբերի1-2 կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը։
Ըստ Նալբանդեանի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների, Ֆրանսիայի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից գագաթաժողովի շրջանակներում արւած համատեղ յայտարարութեամբ ամրագրւում է, որ հիմնախնդրի կարգաւորումը պէտք է իրականացւի խաղաղ ճանապարհով` բանակցութիւնների միջոցով:
«Աստանայում ներկայ ԵԱՀԿ գրեթէ բոլոր պետութիւնների ղեկավարները իրենց ելոյթներում ընդգծում էին ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացարձակ անընդունելիութեան մասին: Դա իր ելոյթում յատուկ շեշտեց Ռուսաստանի նախագահը: Կարծում եմ, որ դա լուրջ նախազգուշացում է Ադրբեջանի ղեկավարութեանը»,- ասել է ԱԳ նախարարը։
Այն, որ միջնորդ երեք երկրները Աստանայում կոչ արեցին կողմերին` ջանքերը կենտրոնացնել կարգաւորման հիմնարար սկզբունքների ամբողջացման վրայ, Նալբանդեանի խօսքով, յստակ պատասխան է Բաքւի՝ հիմնարար սկզբունքների համաձայնեցումից խոյս տալու փորձերին:
«Աստանայի համատեղ յայտարարութեամբ կարևորւում են Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների 2008 թ. նոյեմբերի 2-ի Մոսկովեան հռչակագիրը և 2010 թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանեան յայտարարութիւնը, ու ընդգծւում է, որ հիմնախնդրի կարգաւորման հիմք պէտք է հանդիսանան միջազգային իրաւունքի նորմերը և սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրութիւնը, Հելսինկեան եզրափակիչ ակտը, 2009 թ. յուլիսի 10-ի Լ’Ակվիլայի և 2010 թ. յունիսի 26-ի Մուսկոկայի յայտարարութիւնները»,- ընդգծել է նա։
Նալբանդեանն ընդգծել է ևս մէկ կարևոր հանգամանք, որն իր ելոյթում ասել է ԱՄՆ պետքարտուղարը եռանախագահող երկրների անունից. առաջարկւող սկզբունքներն ու տարրերը կազմում են մէկ ամբողջութիւն, և որևէ մէկի՝ միւսների նկատմամբ գերակայութիւն տալու փորձը անհնարին կդարձնի հաւասարակշռւած լուծման հասնելը:
Նալբանդեանը յիշեցրել է, որ Ֆրանսիայի վարչապետը ևս իր ելոյթում ընդգծել է ներկայացւած առաջարկների ամբողջականութիւնն ու անբաժանելիութիւնը:
«Նոյն մօտեցումն էր արտայայտւած նաև Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ համանախագահ երկրների պատւիրակութիւնների ղեկավարների՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կողմից արւած համատեղ յայտարարութեան մէջ: «Այդ մօտեցումը ակնյայտ դժգոհութիւն էր առաջացրել Բաքւում: Իսկ մենք յայտարարեցինք, որ կիսում ենք այդ տեսակէտը»,- նշել է ԱԳ նախարարը։
Նալբանդեանի խօսքով՝ Բացի հնգակողմ յայտարարութիւնից, ԵԱՀԿ բոլոր 56 անդամ երկրներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը, որում ասւում է, որ ջանքեր պէտք է գործադրւեն առկայ հակամարտութիւնների կարգաւորման ուղղութեամբ`խաղաղ և բանակցային ճանապարհով, գոյութիւն ունեցող ձևաչափերի շրջանակներում՝ ամբողջովին յարգելով միջազգային իրաւունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ամրագրւած են ինչպէս Միաւորւած ազգերի կազմակերպութեան Կանոնադրութեան մէջ, այնպէս էլ Հելսինկեան եզրափակիչ ակտում: «Կցանկանայի ևս մէկ անգամ ուշադրութիւն հրաւիրել «գոյութիւն ունեցող ձևաչափերի շրջանակներում» ձևակերպման վրայ, ինչը ևս պատասխան է հիմնախնդրի կարգաւորումը միջազգային այլ ատեաններ տեղափոխելու Բաքւի շարունակական փորձերին»,- ասել է ԱԳ նախարարը։
Ըստ նրա՝ վերոյիշեալին հարկ է աւելացնել Ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ միջազգային հանրութեան մօտեցումները, որոնք արտայայտւած են նաև ԵԱՀԿ 56 անդամ պետութիւնների նախարարական 2008 թ. դեկտեմբերի Հելսինկիի, 2009 թ. դեկտեմբերի Աթէնքի և 2010 թ. յուլիսի Ալմաթիի հանդիպումների շրջանակներում ընդունւած յայտարարութիւններում:
Միջազգային հանրութեան այս բոլոր մօտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին, որոնք բազմիցս հայկական կողմն արտայայտել է։
«Կարող է հարց ծագել. ինչո՞ւ են միջազգային հանրութեան դիրքորոշումները համընկնում մեր դիրքորոշումների հետ: Իհարկէ, ոչ Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրութեան կողմնակալ վերաբերմունքի հետևանքով, այլ այն պարզ պատճառով, որ ինչպէս և մենք, միջազգային հանրութիւնը ևս ցանկանում է բանակցային գործընթացի շարունակումը և հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը` միջազգային մանդատով օժտւած միջնորդների կողմից առաջարկւած վերոյիշյալ սկզբունքների հիման վրայ:
Անդրադառնալով միջազգային կարևոր ֆորումների ժամանակ աւանդոյթի համաձայն Ադրբեջանի կողմից դրսևորւող ապակառուցողական դիրքորոշմանը՝ նախարար Նալբանդեանը նշել է. «Իրաւացի էք, նոյն ապակառուցողականութիւնը Ադրբեջանը դրսևորել էր նաև 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիի, 2009 թ. դեկտեմբերին Աթէնքի, 2010 թ. յուլիսին Ալմաթիի նախարարական համաժողովների ժամանակ և թերևս առաւել ակնյայտ կերպով՝ Աստանայում:
Խոչընդոտելով հիմնախնդրի կարգաւորմանը, շարունակաբար մերժելով միջնորդների կողմից արւած առաջարկները, այդ թւում՝ և այս տարւայ յունիսին, հոկտեմբերին և նոյեմբերին ներկայացւած տարբերակները՝ Ադրբեջանն, ըստ էութեան, փորձում է օգտագործել բանակցութիւններն իբրև շղարշ՝ նոր արկածախնդրութիւններ նախապատրաստելու համար: Այս մասին ԵԱՀԿ գագաթաժողովին իր ելոյթում նշեց Հայաստանի Հանրապետութեան նախագահը»։
Ըստ Նալբանդեանի՝ ադրբեջանական իշխանութիւններն ամիսներ շարունակ, օրը 24 ժամ, խօսում են իրենց համբերութեան մասին և չեն ցանկանում գիտակցել, որ սպառւում է միջազգային հանրութեան համբերութիւնը`հանդուրժելու Ադրբեջանի սադրիչ ապակառուցողականութիւնը:
ԱԳ նախարարը նաև անդրադարձել է այն հարցին, որ արդէն երէկ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների կողմից ներկայացւած յայտարարութիւններում փորձ էր արւում խեղաթիւրւած ներկայացնել Աստանայի հնգակողմ յայտարարութիւնը:
«Ադրբեջանի քարոզչութեան համար արդէն աւանդոյթ է դարձել իր հասարակական կարծիքի համար ստեղծել փրփուրներ և փորձել կառչել դրանցից: Հայաստանը, ինչպէս և նախկինում, շարունակելու է իր ջանքերը Ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ՝ միջնորդների ներկայացրած առաջարկութիւնների հիման վրայ»,- ընդգծել է նա։



Tert.am


0 Պատգամ: