Աթոռակից պատրիարքի ընտրութիւնը

Թուրքիայում կարող է վտանգել

Հայ համայնքի իրաւունքները



Դեկտեմբեր 06, 2010 22:43
Գործնականում Պոլսոյ Հայոց Պատրիարքարանի աթոռը թափուր է, ընթանում են պատրիարքական աթոռի նոր գահակալի որոնումներ եւ այդ որոնումների հետեւանքով պառակտում է ի յայտ եկել Հայ համայնքի ներսում:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Ստամբուլում լոյս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արա Գոչունեանը: Նա յիշեցրեց, որ պատրիարքի աթոռի շուրջ իրարամերժ տեսակէտներ են ի յայտ եկել. համաձայն առաջին տեսակէտի՝ պէտք է ընտրել նոր պատրիարք, քանի որ ներկայիս պատրիարքը՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանը 3,5 տարի է՝ չի կարողանում իրականացնել պատրիարքի իր առաքելութիւնը, իսկ միւս տեսակէտի համաձայն՝ պէտք է ընտրել առթոռակից պատրիարք:
«Մեր խորին համոզմամբ աթոռակից պատրիարքի ընտրութիւնը Թուրքիայում կարող է վտանգել մեր՝ որպէս ազգային փոքրամասնութեան իրաւունքները: Բացի դրանից Ստամբուլում հայութեան կարեւոր շրջանակները վերապահում ունեն այդ ուղղութեամբ, որովհետեւ աթոռակից պատրիարք ընտրելը չունի նախադէպ Թուրքիայի Հայոց Պատրիարքութեան պատմութեան մէջ:
Այս պայմաններում՝ պատրիարք ընտրելու համար թուրքական կառավարութեան թոյլտւութիւնը ստանալու համար երկու դիմում է ներկայացւել, Պետութիւնը, սակայն, երկու իրարամերժ դիմումներից ոչ մէկին էլ ընթացք չտւեց, այլ միջանկեալ կարգավիճակ շնորհեց աթոռի ղեկավարութեանը»,-ասաց Գոչունեանը: Նրա դիտարկմամբ՝ ստեղծւել է անառողջ մի իրավիճակ, որը երկար տեւել չի կարող, «քանի որ եթէ աթոռը չափից աւելի երկար է թափուր մնում եւ գահակալ չի ունենում, այն, այսպէս ասած՝ մաշւում է»:
Արա Գոչունեանը նշեց նաեւ, որ պատրիարքի աթոռի շուրջ ի յայտ եկած թնջուկը պէտք է լուծւի կրօնական ժողովի միջոցով, որը ստանձնել է պատրիարքարանի ղեկը՝ ընդհանուր փոխանորդ սրբազան Արամ Աթեշեանի գլխաւորութեամբ: «Կրօնական ժողովն արդէն իսկ կայացրել է պատրիարքի ընտրութիւն կատարելու մասին որոշում, սակայն դրժել է այն՝ նոր ընտրութեան նշանակումը պայմանաւորելով Մեսրոպ Մութաֆեանի վախճանով:
Սա էթիկայի իմաստով շատ սխալ է, որ աթոռի վերաբերեալ վարչական խնդրի լուծան հեռանկարը կախւածութեան մէջ դրւի պատրիարքի կեանքի օրերի հետ»,-նկատեց Գոչունեանը: «Ժամանակ»-ի խմբագիրը միաժամանակ յաւելեց, որ Կրօնական ժողովը չպէտք է դրժի իր որոշումը եւ պէտք է առիթ ստեղծի, որ ժողովուրդը գնայ պատրիարքական ընտրութեան եւ իր կամքն արտայայտի:
Նշենք, որ ներկայիս Պոլսոյ պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆեանը անկողնային հիւանդ է։ Ստամբուլահայ համայնքի մի մասը կարծում էր, որ պէտք է ընտրւէր համապատրիարք, քանի որ պատրիարք կարող է ընտրւել միայն նախկին պատրիարքի մահւան դէպքում։ Ստամբուլահայերի միւս մասն էլ պնդում էր, թէ ոչ թէ համապատրիարք, այլ՝ պատրիարք պէտք է ընտրել։ Այս խօսակցութիւնները թէժ քննարկւում էին, երբ թուրքական կառավարութիւնը յայտարարեց իր որոշումը, որով պարզապէս նշանակւեց փոխպատրիարք։
Յիշեցնենք, որ օրերս Պոլսի Հայոց Պատրիարքարանը յայտարարութիւն էր տարածել, որում նշել է, թէ թուրքական պետութիւնը հայկական համայնքին չի զրկել հոգեւոր հովիւ ընտրելու իրաւունքից: «Շրջանառւող այն լուրերը, թէ պետութիւնը փորձում է հայկական համայնքին զրկել իր հոգեւոր առաջնորդին ընտրելու իրաւունքից, անհիմն են ու չեն համապատասխանում իրականութեանը:
Ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի մահւանից յետոյ, նոր առաջնորդը կընտրւի այնպէս, ինչպէս դա եղել է մինչեւ հիմա՝պատրիարքարանի կարգերին ու աւանդոյթներին համաձայն: Այս հարցում ոչ մի փոփոխութիւն քննարկման ենթակայ չէ»,- ասւած է յայտարարութեան մէջ:
Ինչպէս արդէն նշել է NEWS.am-ը, ստամբուլահայերի մի մասը, որը դէմ է թուրքական կառավարութեան որոշմանը, որով ներկայիս հիւանդ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի տեղը նոր պատրիարք ընտրելու փոխարէն նշանակւել է հայկական եկեղեցու կանոնակարգում գոյութիւն չունեցող փոխպատրիարք հասկացութիւնը, հաւաքել է 5 հազար 359 ստամբուլահայի ստորագրութիւն։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: