Monday, December 13, 2010

Հայկական Նեմեսիս


120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ

Հայկական Նեմեսիս




13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
1919 թւականին նորաստեղծ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանում գումարւած Հ. Յ. Դաշնակցութեան 9-րդ Ընդհ. ժողովը կազմել էր Հայոց Ցեղասպանութեան 26 թուրք պետական գործիչ ջարդարարների մի ցանկ եւ որոշել՝ «որտեղ որ գտնւեն, ինչ կեղծ անւան կամ ծպտումի տակ, գտնել եւ ահաբեկման ենթարկել այդ ոճրագործներին»:
Այլ կարգի ահաբեկում էր Առաջին աշխարհամարտից յետոյ իթթիհադական ոճրագործների պատիժը: Պատերազմի ընթացքում Դաշնակից կառավարութիւնները յայտնել էին, թէ Թուրքիայի կառավարութեան անդամները անձնապէս պատասխանատու են եւ պէտք է պատժւեն հայոց ջարդերի համար: Սակայն, պատերազմը վերջացաւ, եւ Դաշնակիցները ոչ միայն չպատժեցին յանցաւորներին, այլեւ զանազան միջոցներով նրանց օգնեցին՝ խոյս տալու դատական հետապնդումից եւ ապաստան գտնելու եւրոպական երկրների տարբեր մայրաքաղաքներում:
Հայութեան վրդովւած խիղճը չէր կարող հաշտւել նման անարդարութեան հետ եւ վճռեց սեփական ձեռքով լուծել Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի վրէժը: Հ. Յ. Դաշնակցութիւնը յատուկ յանձնախումբ էր նշանակել Արմէն Գարոյի ղեկավարութեամբ, որը հետազօտում էր թուրք ջարդարարների վայրը եւ հերթով գործադրում պատժական ահաբեկումները:
1921 թ. մարտի 16, Բեռլին: Հայ քաջորդի Սողոմոն Թեհլիրեանի վրիժառու գնդակով գետնին է տապալւում Հայոց Մեծ Եղեռնի գլխաւոր պատասխանատու եւ Երիտթուրքական կառավարութեան պարագլուխ Թալէաթ փաշան:Ահա սկսւեց «Հայկական Նեմեսիս» ահաբեկումների շարքը:
Այսպէս՝ 1921 թւականից մինչեւ 1923 թւականը Հ. Յ. Դաշնակցութեան յանդուգն երիտասարդներ՝ Արամ Երկանեանի, Արշաւիր Շիրակեանի, Ստեփան Ծաղիկեանի, Միսաք Թոռլաքեանի եւ միւսների ձեռքով մէկը միւսի յետեւից ահաբեկման ենթարկւեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական գործիչ եւ Հայոց Ցեղասպանութիւնը գործադրող ջարդարարները:
Մնացած երկրորդ կարգի ջարդարարներին կախաղան հանեց Մուստաֆա Քեմալը, 1926 թւականին, Արեւելեան դատարանում՝ իր իշխանութեան դէմ կազմակերպած մահափորձի պատճառով...
Այսպիսով՝ Ապրիլեան Եղեռնից հազիւ մի քանի տարի անց, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վրիժառու բազուկի ձեռքով, իթթիհադական պարագլուխ ջարդարարները գտան իրենց արժանի պատիժը:

«ԱԼԻՔ»

0 Պատգամ: