Սերժ Սարգսեանը ելոյթ է ունեցել Մոսկւայում


«Հայաստանը կտրականապէս դէմ է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն և Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրութեան սանձազերծման դէպքում, Հայաստանն այլ ընտրութիւն չի ունենայ, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը և ապահովել նրա բնակչութեան անվտանգութիւնը բոլոր հասանելի միջոցներով»


21:14 • 10.12.10
Սերժ Սարգսեանը ելոյթ է ունեցել Հաւաքական անվտանգութեան խորհրդի նստաշրջանում: Ստորև ներկայացնում ենք ելոյթն ամբողջութեամբ։
«Յարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ խօսքս սկսել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղւած անկեղծ շնորհակալութեամբ` Մոսկւայում ջերմ ընդունելութեան, հիւրընկալութեան, այս նստաշրջանի հրաշալի կազմակերպման և, իհարկէ, Հաւաքական անվտանգութեան խորհրդի ու ՀԱՊԿ կանոնադրական մարմինների արգասաւոր գործունէութեան համար, որն անցեալ տարի անցկացւեց Ռուսաստանի նախագահութեամբ:
Ես նաև միանում եմ Հաւաքական անվտանգութեան խորհրդի նախագահի լիազօրութիւններն այսօր ստանձնած Բելառուսի Հանրապետութեան Նախագահին ուղղւած շնորհաւորանքներին: Շնորհաւորում եմ Ձեզ, Ալեքսանդր Գրիգորիի, ցանկանում եմ յաջողութիւններ մեր ընդհանուր աշխատանքում:
Ցանկանում եմ նաև ընդգծել Կազմակերպութեան քարտուղարութեան և անձամբ Նիկոլայ Բորդիւժայի աշխատանքը, որն ուղղւած էր մոսկուեան նստաշրջանի 2009թ. որոշումների, ինչպէս նաև մայիսին Մոսկւայում և օգոստոսին Երևանում ՀԱՊԿ անդամ պետութիւնների ղեկավարների ոչ պաշտօնական հանդիպումների ժամանակ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրականացմանը:
Յարգելի գործընկերներ,
Միջնստաշրջանային ժամանակահատւածում ծանրակշիռ աշխատանք է կատարւել քաղաքական փոխգործակցութեան հետագայ զարգացման ապահովման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցութեան կատարելագործման, արդի մարտահրաւէրներին ու սպառնալիքներին հակազդեցութեան ուղղութեամբ:
Այս ամէնի հետ միասին, մեր երևանեան պայմանաւորւածութիւնների համաձայն, ներկայ նստաշրջանի ընթացքում առաջնային պլանում քննարկեցինք և դիտարկման ներկայացրեցինք հարցեր, որոնք ուղղւած են ՀԱՊԿ-ը հակաճգնաժամային արձագանքման նոր, աւելի արդիւնաւէտ մեխանիզմով օժտելուն:
Այս կապակցութեամբ, կցանկանայի նշել այնպիսի հիմնարար փաստաթղթերում կատարւած փոփոխութիւնների կարևորութիւնը, ինչպիսիք են ՀԱՊԿ պայամանագիրն ու կանոնադրութիւնը: Առաջարկւած փոփոխութիւնները ոչ միայն էականօրէն ընդլայնում են այս կամ այն ճգնաժամային իրավիճակներին արձագանքմանն ուղղւած Կազմակերպութեան գործիքակազմը, այլև կարգաւորում են իր շրջանակները ևս ընդլայնած սպառնալիքների վերացմանն առնչւող միջոցառումների ձեռնարկման և մշակման հարցերը:
Երկրորդ կարևոր պահը, որի վրայ ես կցանկանայի կենտրոնացնել ուշադրութիւնը` մեր Կազմակերպութեան փաստաթղթերում սահմանափակ ձևաչափով որոշումներ կայացնելու հնարաւորութեան ամրապնդումն է: Այս տարւայ գարնան-ամռան ողբերգական իրադարձութիւններն ի յայտ բերեցին իրաւական բաց, որը փաստացի արգելափակեց ՀԱՊԿ գծով անհրաժեշտ օգնութիւն ցուցաբերելու հետ կապւած օպերատիւ որոշում կայացնելու հնարաւորութիւնը:
Վստահ եմ, որ նման որոշումների կայացման գործող մեխանիզմի առկայութիւնը, նախազգուշական արձագանքման մեխանիզմի հետ մէկտեղ, թոյլ կտայ ապահովել Կազմակերպութեան ներուժի իրականացումը ճգնաժամային իրավիճակի ամենավաղ փուլում` չթողնելով, որ այն անցնի ակտիւ փուլի:
Հաւասարապէս կարևոր նշանակութիւն եմ տալիս այսօրւայ նստաշրջանում ընդունւած` գործող իրաւական բազայի կատարելագործմանն ուղղւած այն փաստաթղթերի փաթեթին, որոնք կանոնակարգում են հաւաքական անվտանգութեան համակարգի ուժերի և միջոցների ձևաւորման և գործարկման կարգավիճակն ու յաջորդականութիւնը, ինչպէս նաև դրանց կիրարկման համար որոշումների ընդունման կարգը:
Այն յատկապէս կարևոր է արագ արձագանքման հաւաքական ուժերի լիարժէք գործարկման ապահովման լոյսի ներքոյ: Իսկ դա, իր հերթին, մեծացնում է ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցութեան հետագայ զարգացման ուղղութեամբ Խորհրդի կողմից նորմատիւ իրաւական ակտերի ընդունման կարևորութիւնը, որոնք պատրաստւել են ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցութեան միջպետական յանձնաժողովի գծով:
Յարգելի գործընկերներ,
Մենք յաճախ ենք խօսում մեր երկրների արտաքին քաղաքականութեան սկզբունքային հարցերի ուղղութեամբ մեր գործողութիւնների կոորդինացիայի մակարդակի բարձրացման անհրաժեշտութեան մասին: Այդ ուղղութեամբ կարևոր քայլ հանդիսացաւ ՀԱՊԿ-ում որպէս նախագահող հանդէս գալու վերաբերեալ Ղազախստանի թեկնածութեանը համախմբւած աջակցութեան մասին մեր որոշումը:
Օգտւելով առիթից, ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Նուրսուլթան Աբիշևիչին` Աստանայի գագաթնաժողովի հիանալի կազմակերպման և այս կարևոր կազմակերպութեան գործունէութեանը նոր խթան հաղորդելուն ուղղւած մեծ ջանքերի համար: Աստանայում անցկացւած գագաթնաժողովը ակներևաբար ցուցադրեց ՀԱՊԿ-ի առջև ծառացած օրակարգային հարցերի արդիականութիւնը, նրա ձևաչափում խոր և որակական քննարկումների անհրաժեշտութիւնը:
Աստանայի գագաթնաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի Նախագահների միջև ընդունւեց հնգակողմ յայտարարութիւն: Դրանում խօսւում է այն մասին, որ բանակցութիւնների հիման վրայ Ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ լուծման փնտրտուքները ազգերի միջև կայունութեան, հաստատուն խաղաղութեան, փոխըմբռնման ոչ այլընտրանքային ճանապարհ են համարւում: Ընդգծւել է հիմնախնդրի լուծման անհրաժեշտութիւնը` ՄԱԿ կանոնադրութեան և ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի հիման վրայ, Աքվիլայում և Մուսկոկայում համանախագահող երկրների յայտարարութեան ոգով: Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը յայտարարեցին ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթոյլատրելիութեան մասին, այն մասին, որ այդ առաջարկւող տարրերը որոշւել են որպէս մի ամբողջութիւն, և դրանց մի մասը` ի վնաս միւսների գերադասելու ցանկացած փորձ անհնար է դարձնում հաւասարակշռւած լուծման հասնելը:
Գագաթնաժողովի իմ ելոյթում ես գրեթէ կրկնեցի այն, ինչ բազմիցս ասել եմ մեր պաշտօնական և ոչ պաշտօնական հանդիպումների ժամանակ: Այսինքն, որ Հայաստանը կտրականապէս դէմ է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն և Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրութեան սանձազերծման դէպքում, Հայաստանն այլ ընտրութիւն չի ունենայ, քան դէ-իււրէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը և ապահովել նրա բնակչութեան անվտանգութիւնը բոլոր հասանելի միջոցներով:
Յարգելի գործընկերներ,
Վստահ եմ, որ եղած պայմանաւորւածութիւնները կոնկրետ բովանդակութեամբ լցնելու ուղղութեամբ մեր հետագայ ջանքերը և այսօր քննարկման ու ընդունման պատրաստւած փաստաթղթերը ուղղւած կլինեն տարածաշրջանային և միջազգային անվտանգութեան ամրապնդման գործում ՀԱՊԿ իրական ներդրման բարձրացմանը»:


Tert.am



0 Պատգամ: