Թուրքիայում Հայ աղջկայ եւ թուրք տղայի

ամուսնութիւնն աւարտւել է

երկուսի սպանութեամբ




Դեկտեմբեր 13, 2010 13:06
Թուրքիայում քրիստոնեայ աղջկայ եւ մահմեդական փեսայի ամուսնութիւնն աւարտւել է աղջկայ եղբօր կողմից փեսայի եւ հարսի սպանութեամբ:
Թուրքական Internethaberoku-ի փոխանցմամբ՝ քրիստոնեայ աղջիկը եղել է կամ ասորի կամ Հայ, ում ընտանիքը դէմ է եղել մահմեդականի հետ ամուսնութեանը։ Սակայն աղջիկը՝ Սոնա Վուրալը սպառնացել է, որ ինքնասպանութիւն կգործի եւ 10 օր առաջ ամուսնացել է ոսկերչութեամբ զբաղւող 29-ամեայ Զեքերիա Վուրալի հետ։
Յայտնի է, որ դեկտեմբերի 12-ին աղջկայ եղբայրը՝ Գիւնայը հանդիպել է փեսայի հետ եւ վիճաբանութեան ժամանակ գնդակահարել թէ նրան, թէ այդ պահին փեսային պաշտպանած իր քրոջը։
Ձերբակալւած Գիւնայը ոստիկանութիւնում յայտնել է, թէ փեսան իրեն ասել է, որ գործը վերջացել է եւ ինքը այլեւս իրաւունք չունի խառնւելու, իսկ քոյրը պաշտպանել է փեսային՝ ասելով. «Դու չես կարող խառնւել»։ «Դրանից յետոյ դուրս եկանք սրճարանից եւ երբ նրանք մեքենայ նստեցին, ատրճանակով սպանեցի երկուսին էլ»,-նշել է աղջկայ եղբայրը։
Սպանւած փեսայի հօրեղբայրը պատմել է, թէ աղջկայ ընտանիքը դէմ էր զոյգերի ամուսնութեանը, քանի որ իրենց տղան քրիստոնեայ չէր։ Իսկ սպանւածի մէկ այլ ազգական նշել է, թէ աղջկայ կողմը ստիպել է, որ տղան փոխի կրօնը եւ դառնայ քրիստոնեայ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: