Երեւանի ամանորեայ լուսաւորութիւնը

լինելու է ճոխ.

Փողոցներում տեղադրւում են Ֆրանսիայից եւ

Յունաստանից ներկրւած լուսատուներ



Դեկտեմբեր 11, 2010 21:07
Երէկ՝ դեկտեմբերի 10-ին Երեւանի քաղաքապետի ժամանակաւոր պաշտօնակատար Տարօն Մարգարեանը յանձնարարել է մինչեւ դեկտեմբերի 20-ը աւարտել այս տարւայ համար նախատեսւած բարեկարգման բոլոր աշխատանքները: Այս մասին խորհրդակցութիւնից յետոյ յայտնել է Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դաւիթ Օհանեանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ Քանաքեռ-Զէյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջեանը խօսել է ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին. «Յանձնարարական տրւեց տեխնիկան եւ մեքենայ սարքաւորումները բերել վերջնական պատրաստ վիճակի: Սահմանւած է հսկողութիւն, որպէսզի բնակֆոնդը, մանկապարտէզներն ու դպրոցները պատրաստ լինեն ձմռանը եւ ձեան տեղումներին»,- նշել է Արայիկ Քոթանջեանը: Ըստ նրա, դեկտեմբերի կէսերին սպասւող տեղումներին մայրաքաղաքի վարչական շրջանները պատրաստ են . «Ունենք աղի եւ աւազի անհրաժեշտ պաշար, տեղումներն առատ լինելու դէպքում ըստ նախնական պայմանագրի` կարող ենք նոր քանակութիւն եւս ձեռք բերել»:
«Երքաղլոյս» ընկերութեան տնօրէն Սամւել Գաբրիէլեանը տեղեկացրել է, որ նախատօնական աշխատանքները դեռ շարունակւում են: Երեւանի քաղաքապետի ժամանակաւոր պաշտօնակատարի յանձնարարութեամբ տօնածառերին յարակից հրապարակներն ու փողոցները պէտք է ապահովւած լինեն տօնական լուսաւորութեամբ: «Մայրաքաղաքի ամանորեայ լուսաւորութիւնը լինելու է ճոխ, աշխոյժ եւ ուրախ, որը տարածւած կլինի ոչ միայն կենտրոնում, այլեւ բոլոր 12 վարչական շրջաններում: Տօնական լուսաւորութեան համար փողոցներում տեղադրւում են յատուկ այդ նպատակով Ֆրանսիայից եւ Յունաստանից ներկրւած լուսատուներ»,- նշել է Սամւել Գաբրիէլեանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am



0 Պատգամ: