Ադրբեջանը ռասիստական քաղաքականութիւն

է վարում ազգային փոքրամասնութիւնների

հանդէպ



Դեկտեմբեր 13, 2010 14:15
Ադրբեջանի կողմից հայերի հանդէպ տարիներ առաջ իրականացրած ռասիստական-ֆաշիստական քաղաքականութիւնն այսօր արդէն կիրառւում է այդ երկրում բնակւող ազգային այլ փոքրամասնութիւնների հանդէպ։ Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք յայտնեց ազգագրագէտ Հրանուշ Խառատեանը:
«Դա պարզորոշ նկատւում է ոչ միայն այդ երկրում նրանց հանդէպ վարւող քաղաքականութիւնից, այլ անգամ ԵԽ պաշտօնական կայքէջում տեղադրւած, ազգային փոքրամասնութիւնների մասին ադրբեջանական զեկոյցներում։ Այդ մարդկանց հանդէպ Ադրբեջանի պետական-պաշտօնական զեկոյցն՝ իր բոլոր կէտերով, ուղղակի ակտիւ թշնամանք է ոչ ադրբեջանցի եւ ոչ թուրքախօս էթնիկ կազմաւորումների նկատմամբ։ Բացի այդ, խեղաթիւրւած է ներկայացւած տարածաշրջանի ողջ պատմութիւնը, մասնաւորապէս նշւած է, որ հայերը 19-րդ դարում եկել եւ կոտորել են ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակւող տեղացիներին։ Ցաւալին, սակայն, այն է, տրամաբանութիւնից դուրս այս յայտարարութիւններից յետոյ ՄԱԿ-ը եւ միջազգային միւս կառոյցները հետամուտ չեն լինում ճշմարտութեան վերականգնմանը եւ մակերեսօրէն են վերաբերում ադրբեջանական կեղծիքին»,- ասաց նա:
Տիկին Խառատեանի խօսքով, նոյնը կարելի է ասել նաեւ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնութիւնների մասով։ «Միջազգային հանրութիւնը հաւատում է այդ երկրի այն հաւաստիացումներին, թէ լեզգիները, ուդիները, թալիշները եւ ազգային այլ փոքրամասնութիւնները որեւէ խնդիր չունեն եւ հրաշալի են ապրում Ադրբեջանում, այնինչ այդ մարդիկ վախենում են բարձրաձայնել իրենց իրական վիճակի մասին։ ՄԱԿ-ը, ԵԽԽՎ-ն եւ այլ կառոյցները, մի տեսակ, աչք փակելով այս երեւոյթների վրայ, կարծես դառնում են Ադրբեջանի լուռ դաշնակիցը։ Մինչդեռ պէտք է հետեւողականութիւն ցուցաբերել, հակառակ դէպքում՝ Ադրբեջանի ազգային փոքրամասնութիւններին կարող է սպառնալ մի ժամանակ այդ երկրում ապրած հայերի ճակատագիրը»,- ամփոփեց ազգագրագէտը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: