Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձևի

ընդունումն Օբամայի համար է կարևոր


«Պատմութիւնն ամէն ինչ կդնի իր տեղը, և նման ոճրագործութիւնը չի կարող համարժէք պատասխան չստանալ»

«Հայաստանը թոյլ չի տայ Ցեղասպանութեան հարցը
սակարկման առարկայ դարձնել»



14:45 • 22.12.10

Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձևի ընդունումն աւելի կարևոր է հէնց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, քան հայերի համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակէտ յայտնեց ԱՄՆ հայկական համագումարի տարածաշրջանային տնօրէն Արմինա Դարբինեանը՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ թիւ 252 բանաձևն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում չընդգրկելու հարցին։
«Եթէ ԱՄՆ–ն յաւակնում է կրել ժողովրդավարական և մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւող երկրի տիտղոսը, ուրեմն պէտք է իր շահերից բխի Ցեղասպանութեան բանաձևի ընդունումը»,– նշեց բանախօսը։
Ամերիկայի Հայկական Համագումարը Հայոց Ցեղասպանութեան հարցը չի կապում ոչ Հայ–թրքական, ոչ թուրք–իսրայելական յարաբերութիւնների, ոչ էլ Ղարաբաղեան հիմնախնդրի հետ։ «Մեզ փորձում են գործիք դարձնել, բայց մենք չպէտք է գործիք դառնանք»,– ասաց Դարբինեանը։ Ըստ նրա՝ սա այն խնդիրը չէ, որը խարխուլ հիմքերի վրայ է դրւած և համոզիչ չէ։ Սա մարդու իրաւունքներին առնչւող այն խնդիրն է, որի լուծմանն, անկախ քաղաքական հանգամանքներից, մաքուր ճանապարհով պէտք է հասնել։
«Բանաձևը բոլորիս յայտնի պատճառներով չմտաւ օրակարգ։ Այսօր ընտրութիւն է բարոյականութեան և շահի միջև։ Պարզ է, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնները չվատթարացնելու պատճառով ԱՄՆ–ն չգնաց այդ քայլին։ Թուրքական լոբբին ձեռքերը ծալած չի նստել»,– նշեց Արմինա Դարբինեանը։
Նա համոզւած է, որ պատմութիւնն ամէն ինչ կդնի իր տեղը, և նման ոճրագործութիւնը չի կարող համարժէք պատասխան չստանալ։
Բանախօսը չի կարծում, որ Հայաստանը թոյլ է տալիս Ցեղասպանութեան հարցը սակարկման առարկայ դարձնել։
«Առաջինը մարդու իրաւունքների կոնտեքստում պէտք է նայել Ցեղասպանութեան հարցին, այլ ոչ թէ քաղաքական զարգացումների»,– նշեց նա։
Դարբինեանի խօսքով՝ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում դրւած հարցերը շատ են։ Հնարաւոր է՝ նիստերը ևս մի քանի օր շարունակւեն։ Հետևաբար յոյս կայ, որ բանաձևին դեռ անդրադարձ կկատարւի։ Նա նաև տեղեկացրեց, որ բանաձևն ընդունելու համար անհրաժեշտ է, որպէսզի 218 կոնգրէսական «կողմ» քւէարկի դրան։ «Հայերի ջանքերով հնարաւոր էր եղել ապահովել կողմ անձանց այդ թիւը, հետևաբար բանաձևը կանցնէր»,– ասաց բանախօսը։

Tert.am


0 Պատգամ: