Թուրքերը ծրագրում էին սպանել ՀՅԴ

Հայաստանեան բարձրաստիճան

ներկայացուցչին



16:33 • 02.12.10
«Թուրք վրիժառուների միութիւն» կոչւած կազմակերպութիւնը (TİBT) թուրք–քրդական բախումներ հրահրելու համար Թուրքիայում ծրագրում էր մի շարք մահափորձեր իրականացնել քուրդ գործարարների և քաղաքական գործիչների դէմ։ Այս մասին, ինչպէս տեղեկացնում է Cihan գործակալութիւնը, նշւում է թրքական անվտանգութեան ծառայութեան պատրաստած արձանագրութեան մէջ։
Այդ փաստաթղթում նշւում է, որ TİBT–ն սերտօրէն համագործակցում է «Էրգենեքոն» և JITEM (թրքական ժանդարմերիայի հետախուզութեան գաղտնի ստորաբաժանում) կազմակերպութիւնների հետ։ Բացի այդ, կազմւած արձանագրութիւնում, որտեղ ներկայացւում է TİBT–ի երկու անդամների՝ Մութլու Էրդողանի և ոմն Օնուրի միջև 2009թ. մարտի 22-ին կայացած հեռախօսազրոյցի գաղտնալսումը, կայ մի տեղեկութիւն, ըստ որի՝ այդ կազմակերպութեան ներկայացուցիչները մահափորձ էին ծրագրում նաև ՀՅԴ կուսակցութեան Հայաստանեան բարձրաստիճան մի ներկայացուցչի դէմ։
«Տեղեկութիւն է ստացւել այն մասին, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանից Թուրքիա է ժամանել Հ. Յ. Դաշնակցութիւն կուսակցութեան քաղաքական կոմիտէի նախագահը»,– ասում է Օնուրը, որին ի պատասխան Մութլու Էրդողանը նախ հայհոյում է, յետոյ՝ ասում. «Հետևում ենք, սակայն այս պահին պէտք է լուռ մնանք, թող մի քանի ամիս անցնի, յետոյ կամաց-կամաց մեր գործը կսկսենք, կանգ չենք առնի»։
Թրքական անվտանգութեան ծառայութեան աշխատակիցներն այդ հեռախօսազրոյցից եզրակացրել են, որ TİBT–ի անդամները յարձակում էին ծրագրում Հայ քաղաքական գործչի դէմ, ինչն էլ ներառել են կազմւած արձանագրութիւնում։

Tert.am


0 Պատգամ: