Նախագահ Ահմադինեժադը պաշտօնանկ է արել

արտգործնախարար՝ Մանուչեհր Մոթթաքիին



18:43 • 13.12.10
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտօնանկ է արել երկրի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին։Իրանական IRNA գործակալութեան համաձայն՝ Ահմադինեժադը ժամանակաւորապէս Իրանի արտգործնախարարութեան ղեկավարի պաշտօնը յանձնել է Ալի Աքբար Սալիհիին, որը ներկայումս ղեկավարում էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութիւնը։Իրանական լրատւամիջոցներն առայժմ որևէ տեղեկութիւն չեն հաղորդում Մոթթաքիի պաշտօնանկութեան պատճառների մասին։ Նշւում է միայն, որ ներկայ պահին Իրանի արդէն նախկին արտգործնախարարն այցով գտնւում է Սենեգալում։
Յիշեցնենք, որ ամիսներ առաջ լրատւամիջոցները, վկայակոչելով տեղական աղբիւրների, տեղեկացնում էին այն մասին, թէ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինէժադի և արտգործախարար Մանուչեհր Մոթթաքիի միջև լարւել են յարաբերութիւններն այն պատճառով, որ Իրանի նախագահի օգնականը յայտարարութիւն էր արել Հայոց ցեղասպանութեան փաստի վերաբերեալ: Ըստ իրանական աղբիւրների՝ դա բարկացրել էր Անկարային, իսկ արդարանալու պարտականութիւնն ընկել էր Մոթթաքիի ուսերին: Սակայն դա ինքնին չի կարող պաշտօնանկման առիթ հանդիսանայ, մանաւանդ նկատի ունենալով արտաքին քաղաքականութեան կապակցութեամբ գոյութիւն ունեցող տարակարծութիւնները՝ նախագահի եւ Մոթթաքիի միջեւ։ Նախագահ Ահմադինեժադն ու իր կողմնակիցները վերջին ամիսներին սկսել են իրականացնել անկախ արտաքին քաղաքականութիւն` առանց հաշւի նստելու երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի հետ: Իսկ Մոթթաքին յայտարարել էր, որ երկրի նախագահի այդ քայլերը դիտում է որպէս անձնական վիրաւորանք, և սպառնացել, որ հրաժարական կտայ: Իրանցի խորհրդարանականները զգուշացրել էին Ահմադինեժադին, որ Մոթթաքիի հրաժարականը «անպատիժ չի մնայ»։
Յիշեցնենք, որ օգոստոսին կազմակերպւած մի համաժողովի ժամանակ Իրանի նախագահի օգնական եւ Իրանի Մշակութային Ժառանգութեան Կազմակերպութեան նախագահ՝ Համիդ Բաղային, անդրադառնալով 1915 թւականի Օսմանեան կայսրութիւնում հայերի դէմ իրագործւած ջարդերին, դրանք որակել էր Ցեղասպանութիւն: Սակայն շատ չանցած` Իրանի փոխարտգործնախարարը հերքել էր այդ մասին տարածւած լուրերը` յայտարարելով, որ իր խօսքն աղաւաղւել է:

0 Պատգամ: